
Մարգարիտ Եսայանի բացատրությունը. ինչու Ռոբերտ Սարգսյանը չէր խոսում քարոզարշավի ժամանակ
«Հայտնի է, որ թիվ 1 ընտրատարածքը միշտ եղել է Ռուբեն Հայրապետյանի ընտրատարածքը: Հանրապետական կառույցն այդտեղ միշտ ուժեղ է եղել, և զարմանալի չէ, որ այս անգամ ևս հաղթեց ուժեղը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսպես մեկնաբանեց Ավան վարչական շրջանում դեկտեմբերի 2-ին անցկացված մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքները:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, արձագանքելով այդ մեկնաբանությանը, նշեց, որ ի տարբերություն մյուս թեկնածուի՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի, Ավանում հաղթած Ռոբերտ Սարգսյանը բացարձակապես չէր խոսում քարոզարշավի ընթացքում, որևէ գաղափարախոսություն առաջ չէր քաշում, շատերը նրան միայն պաստառներից էին ճանաչում:
Մարգարիտ Եսայանի պատասխանը եղավ այն, որ Ռոբերտ Սարգսյանը Հանրապետական կուսակցության գաղափարախոսության կրողն է, իսկ լռությունը երբեմն շատ ավելի իմաստուն կարող է լինել, քան որոշ քաղաքական գործիչների բազմաթիվ խոսքերը:
Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ այս պահին խոսքը ոչ թե «որոշ քաղաքական գործիչների», այլ Ստյոպա Սաֆարյանի մասին է: ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ ինքը շատ հարգում է Ստյոպա Սաֆարյանին, և Ազգային ժողովն իրոք կարիք ունի նման պատգամավորների, սակայն իշխանությունը պարտավոր չէր ինչ-որ ժեստ անել միայն այն բանի համար, որ իշխանություն է:
Մարգարիտ Եսայանի դիտարկմամբ՝ այսօր քաղաքացիական հասարակությունը շատ ավելի ուժեղ է, քան ընդդիմությունը: «Քաղաքացիական հասարակությունը ուժեղ է այն պահին, երբ հայտնվում է երկրի նախագահը և ասում է՝ սիրուն չի»,- պատասխանեց նրա դիտարկմանը Անահիտ Բախշյանը:
Մեկնաբանել