HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում անցկացվել է ակցիա՝ ընդդեմ ընտանեկան բռնության

«Ես Անահիտն էի: 30 տարի անդադար կռվի մթնոլորտում ապրելուց հետո կյանքիս վերջ դրեց ամուսնուս կողմից հերթական դաժան ծեծից հետո գլխիս հասցված ծանր բետոնի և փայտի մահակի հարվածը»:

«Ես Մարոն էի, 20 տարեկան: Ասում են, թե ինքնասպան եմ եղել, կախվել եմ խալաթի գոտիով, սակայն վզիս վրա միայն մատնահետքեր էին: Իրականում 3 ամսական հղի էի և ունեի 2 տարեկան Արևիկիս, երբ նա սպանեց ինձ»:

Այս և ընտանեկան բռնության մի քանի այլ դեպքեր դեկտեմբերի 3-ին Շառլ Ազնավուրի հրապարակում ներկայացրեց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն: Ներկայացված 4 դեպքից 3-ով զբաղվում է կազմակերպության կողմից ստեղծված Արագ արձագանքման խումբը, որի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:

Ակցիան իրականացվում էր ընդդեմ գենդերային հիմքով բռնության ակտիվության 16-օրյակի շրջանակներում և կրում էր «Ընտանեկան բռնությունը՝ որպես ամուր ընտանիքի հիմք» խորագիրը: Ակցիայի նպատակն էր հանրությանն իրազեկել ընտանեկան բռնության երևույթի մասին և բարձրացնել այն հարցը, թե արդյոք ընտանեկան բռնությունը ազգային արժեք է և մի երևույթ, որը պետք է մնա ընտանիքի 4 պատերի ներսում:

«Մի՛ եղեք անտարբեր բռնության հանդեպ: Ձեր լռությունը կարող է կյանք արժենալ»:

«Ընտանեկան բռնության դեռ քանի՞ դեպք պետք է որակվի որպես ինքնասպանություն»:

«Ընտանեկան բռնությունը դադարացնելու առաջին քայլը դրա մասին բարձրաձայնելն է»:

Ակցիայի մասնակիցները հանդես եկան նման կարգախոսներ կրող պաստառներով: Ըստ ակցիայի կազմակերպիչների՝ ընտանեկան բռնությունը լուրջ հիմնախնդիր է Հայաստանում: Համաձայն տարբեր վիճակագրական աղբյուրների՝ «Հայաստանում կանանց մինչև 69%-ը ենթարկվում է բռնության ընտանիքում», իսկ «61%-ը տառապում է զուգընկերոջ վերահսկողական վարքից»:

Հաշվի առնելով ընտանեկան բռնության զոհ Մարիամ Գևորգյանի գործով դատավարության համեմատաբար մեղմ վճիռը՝ կազմակերպությունն անդրադարձել էր Մարիամի դեպքին ևս: Կազմակերպիչները ներկայացրել էին Մարիամի ողբերգական պատմությունը նկարների և պաստառների միջոցով: Նկարների շարքին հետևում էր «Հասարակությունը չի ների նրան, ում համաներեց դատարանը» արտահայտությունը պարունակող ցուցապաստառը:

Կազմակերպիչները փաստեցին, որ ընտանեկան բռնության մասին օրենքի առկայության դեպքում բռնարարների հանդեպ կիրառվող պատիժներն առավել արդար և խիստ կլինեին, ուստի ընտանեկան բռնության օրենքի ընդունումը դարձել է պահի հրամայական:

Անցորդներից շատերը համաձայնեցին, որ ընտանեկան բռնությունը լուրջ հիմնախնդիր է Հայաստանում և միայն այդ խնդրի գիտակցման միջոցով է հնարավոր պայքարել երևույթի վերացման դեմ:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter