
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վաճառել ՊԵԿ նախագահի առանձնատունը
Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկեց վաճառել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի առանձնատունը և դրանով կատարել հարկային բարեփոխումների մի քանի ծրագիր՝ միջազգային վարկ վերցնելու փոխարեն:
Խորհրդարանում թեժ քննարկումներ են: Ընդդիմադիր պատգամավորները քննադատում են ՀՀ նախագահի ներկայացրած, 2012 թ. հուլիսի 9-ին ստորագրված, ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:
Ծրագիրն արժե 12 մլն դոլար, որով պետք է բարեփոխումներ իրականացվեն: ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը դրական քայլ համարեց բարեփոխումների համար վարկային համաձայնագիրը և ԱԺ-ին կոչ արեց այն վավերացնել:
Ա. Ալավերդյանը թեև ոչ ուղղակի, սակայն փորձեց «խոցել» ՀԱԿ պատգամավորներին՝ ասելով, թե մինչև հիմա 90-ականներին վերցրած վարկերն էլ են փակում: ՊԵԿ փոխնախագահը նշեց, թե բարեփոխումների համար վարկ վերցնելը վատ բան չէ, մանավանդ եթե այդ բարեփոխումների արդյունքում ֆինանսական հոսքերն ավելի են մեծանալու:
«Սա այն նվազագույն գումարն է, որով համակարգում գործընթացներն ավտոմատացվեն: Շատ վատ եմ զգում, որ տնտեսվարողները մեզ հետ չեն շփվում թվային եղանակով: Ո՞ր դարն է, որ հաշվետվությունները թղթային կրիչներով են բերում»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, թե պետք չէ անընդհատ իրեն հակադարձել՝ հիշեցնելով 90-ականները, քանի որ այդ տարիներին երկրում պատերազմ էր: Պատգամավորը նշեց, որ պետք չէ նոր վարկեր վերցնել, քանի որ դրանք ապագա սերնդի ուսերին են մնալու:
Ընդդիմադիր պատգամավորը ահազանգ հնչեցրեց. արտաքին պարտքի սպասարկման գումարը հասնում է 400 մլն դոլարի:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ, դիմելով քաղաքական մեծամասնությանը, նշեց, թե կառավարությունը ազնիվ քայլ չի անում, քանի որ երբ օրեր առաջ ԱԺ-ն հաստատեց կառավարության գործունեության ծրագիրը, բարեփոխումների համար վարկերի մասին խոսք չկար, իսկ ծրագիրը հաստատվելուց հետո ԱԺ-ին դրել են անհարմար դրության մեջ՝ առաջ բերելով վարկային համաձայնագրի վավերացման հարցը:
Մեկնաբանել