
Փոփոխում են մաքսային օրենսգիրքը
Ազգային ժողովն այսօր սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկում են կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթները, որոնք պետք է ընդունվեն 24-ժամյա ռեժիմով:
«Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարությունը հստակեցնում է մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդը:
Ըստ նախագծի՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի հետ միասին պետք է ներկայացվի արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, որը պետք է պարունակի փաստաթղթի տրման ամիս-ամսաթվի, հերթական համարի, վաճառողի (առաքողի), գնորդի (ստացողի), ապրանքի մանրամասն նկարագրի, տեղերի/քանակի, չափի միավորի, միավոր արժեքի, քաշի, ընդհանուր արժեքի մասին տեղեկություններ, ինչպես նաև վճարման փաստաթուղթը կամ հետագա վճարման պարտավորությունը հաստատող փաստաթուղթը:
Նախագծով հայտարարատուի վրա է մնում նաև մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության և համանման այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելը, եթե ապրանքների մատակարարման պայմաններով այդպիսի ծախսերը կրում է գնորդը:
Պատգամավորները որոշ կետերի վերաբերյալ առարկություններ ունեն և հարցերով դիմում են ԱԺ-ում նախագիծը ներկայացնող կառավարության ներկայացուցչին՝ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին:
Փոխնախարարի խոսքով՝ 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի նոր խմբագրությունը, ինչն էլ հիմք է եղել համապատասխանեցնել Հայաստանի մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված ծածկագրերը, վերանայել սահմանված տուգանքների չափերը և այլն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել