
Արամ Կարապետյանն ընտրությունում իր թեկնածության առաջադրման մասին որոշումը կկայացնի միանձնյա
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները:
Քննարկման առանցքային թեմայի՝ առաջիկա նախագահի ընտրության կուսակցության մասնակցության խնդրի քաղաքական, հասարակական և սոցիալական ասպեկտները հանգամանալից ներկայացնելուց հետո, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկաներին առաջարկեց կարծիքներ հնչեցնել՝ այդ ընտրության նկատմամբ հասարակության մոտ առկա ակնկալիքների մասին:
Ներկաների ճնշող մեծամասնությունը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տիրող վայրի անօրինականության մթնոլորտում ընտրություններով որևէ վիճակ փոխելն ուղղակի անհնար է դարձել, իսկ հասարակության մոտ գերիշխում են նախահեղափոխական տրամադրությունները:
Ժողովը միաձայն առաջարկեց, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնի միանձնյա՝ ելնելով առաջիկա քաղաքական զարգացումներից:
«Նոր ժամանակներ» կուսակցության մամուլի ծառայություն
Մեկնաբանել