
Ստյոպա Սաֆարյան. «Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ»
Սիրելի հայրենակիցներ,
Ավարտվեց թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրության քվեարկության փուլը:
Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ, որ հետզհետե ձեռք բերեցին զանգվածային ծավալներ: Դեռ մինչև ընտրութունը մենք ահազանգել էինք ԿԸՀ` պահանջելով կանխել մայիսյան ընտրություններում դրոշմակնիքների հետ կատարվածը: Դա չարվեց: Նորից դրոշմակնիքները զանգվածաբար անհետանում էին անձնագրերից:
Երթուղային ուղեգծերի և տաքսի ծառայությունների բազմաթիվ մեքենաներ տրամադրվել էին ընտրողներին խմբերով քվեարկության տանելու` ակնհայտ ուղղորդումով: Բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրողների կուտակումներ: Ի վերջո արձանագրվեց նաև քվեարկողների ցածր մասնակցություն:
Դեռ քարոզարշավում ի հայտ եկած զանգվածային օրինախախտումները նույնական շարունակություն և ավարտ ունեցան ընտրատեղամասերում` հաստատելով ընտրությունների ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար բնույթը: Պատկերն ամբողջանալուց հետո կդիտարկենք ընտրության արդյունքները վիճարկելու հիմքերը:
Մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում ընտրողներին, ովքեր առանց ճնշման և ուղղորդման մասնակցեցին ընտրություններին, և հատկապես նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին մեզ:
Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբ
Երևան
2 դեկտեմբերի, 2012թ.
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել