
Դատավորը անփոփոխ թողեց Նարեկ Հարթունյանի խափանման միջոցը
«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի խափանման միջոցը՝ հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ, մնաց անփոփոխ: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը չբավարարեց Հարթունյանի՝ նախորդ նիստում արած միջնորդությունը, որով վերջինը խնդրել էր իր ներկայիս խափանման միջոցը փոխարինել գրավադրմամբ: Ի դեպ, Հարթունյանը պարտավորվել էր գրավադրել ավելին, քան մեղադրանքով առաջադրված գումարն է:
Դատարանն իր մերժումը հիմնավորեց Հարթունյանին վերագրվող արարքի բնույթով ու վտանգավորության աստիճանով՝ նշելով` բարձր է հավանականությունը, որ ընտրված խափանման միջոցը վերացնելու դեպքում, Ն.Հարթունյանը կթաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից:
Նշենք, որ սա խափանման միջոցը փոխելու մասին երկրորդ միջնորդությունն էր: Առաջինը ներկայացվել էր դատարան «Նարեկացի» արվեստի միության ժողգործիքների համույթի արտերկիր մեկնելու և այնտեղ հայ մշակույթը ներկայացնելու առթիվ, որտեղ Նարեկ Հարթունյանը պետք է ուղեկցեր պատանիներին: Սակայն դատարանը դարձյալ մերժել էր՝ վկայակոչելով դարձյալ արարքի վտանգավորության աստիճանն ու թաքնվելու հավանականությունը:
Թեպետ Հարթունյանն այս անգամ էլ նշել էր, որ հանրապետությունից չբացակայելը բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում իր համար, մասնավորապես՝ ավելի քան մեկ տարի է, չի կարողանում մեկնել ԱՄՆ՝ իր բուժող բժշկի մոտ զննում անցնելու, և ընդամենը երկու շաբաթով է ուզում մեկնել /դեկտեմբերի ավարտից մինչև հունվարի սկիզբ, երբ տոների կապակցությամբ ոչ աշխատանքային օրեն են լինելու/, այդուհանդերձ դատարանը համարել էր, որ նա չի բերել անհրաժեշտ հիմնավորումներ, ըստ որոնց` զննությունը հնարավոր չէ անցկացնել Հայաստանում:
Սակայն տարօրինակն այն էր, որ խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդության մերժման որոշման մեջ դատարանը օգտագործել էր «պարզեց» տերմինը ու գրել «պարզածը», որտեղ մեղադրական եզրակացությունից մեջբերվել էին հատվածներ: «Ստացվում է, որ ՊԵԿ-ի կողմից ինձ վերագրվող արարքները հաստատված իրողություն են: Տարօրինակ է, քանի որ դատարանում դեռ քննվում է այս գործը: Ինչու է խափանման միջոցս վերացնելու միջնորդության մերժման որոշման մեջ տեղ գտել այդ շարադրանքը, չեմ հասկանում»,- նշեց Նարեկ Հարթունյանը:
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Նարեկ Հարթունյանը մի քանի անգամ բացակայել է երկրից և վերադարձել, ոչ մի դատական նիստ չի հետաձգվել կամ չկայացել նրա բացակայության հետևանքով:
Նարեկ Հարթունյանը նաև հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի` դատարանից խնդրեց այսուհետև իր հոր ազգանունը սխալ չգրել: «Հարութունյան և ոչ թե Հարթունյան»,- ասաց նա:
Նույն դատական նիստում դատախազ Բագրատ Պետրոսյանը ներկայացրեց ՊԵԿ-ի վերստուգման ակտի բովանդակությունը:
Հարթունյան ընտանիքի մամուլի բաժին
Մեկնաբանել