
«Մենք արտադրում ենք Հայաստանի լավագույն գինին»
Մարինե Մադաթյան
Էդիկ Բաղդասարյան
Հարցազրույց «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի հետ
Պրն. Վենդե, ինչպե՞ս Էդուարդո Էռնեկյանը որոշեց գինեգործության բիզնես հիմնել Հայաստանում:
Հայաստանում Է. Էռնեկյանի ներդրումները սկսվում են «Զվարթնոց» օդանավակայանի ծրագրով 2001թ: Նա Հայաստան էր այցելել տարբեր առիթներով և մի քանի տարի անց հաջողություն գրանցեց և ճանաչեց երկրի պոտենցիալ հնարավորությունները: Սկսեց ճանաչել երկիրը, մշակույթը, մարդկանց, կառավարությունը…
Որոշեց, որ ինչ-որ բան է ուզում անել նաև գյուղատնտեսության բնագավառում: Արգենտինայում նա ունի ավելի քան 100 հազար հա հողատարածք և ցանկացավ Հայաստանում կիրառել նաև այս ոլորտի իր փորձն ու գիտելիքները: Նա հաջողության հասավ օդանավակայանի բիզնեսում և հասկացավ, որ կարող է նպաստել նաև գյուղատնտեսության ոլորտին ու դարձյալ հաջողություն ունենալ: Հայաստանում սկսեց փնտրել այնպիսի հողատարածք, որ կարող էր շահավետ դառնալ: Արմավիրում գտնվող հողատարածքի ընդարձակությունն ու դրա հիանալի տեղանքը ոգևորեցին նրան ձեռնարկելու հաջորդ քայլն ու գնել այն:
Հողագործությունը վտանգավոր բիզնես է համարվում, դժվար է իմանալ` ինչքան շահույթ կարող ես ստանալ: Ինչպե՞ս Էռնեկյանը որոշեց ներդրումներ անել հենց գյուղատնտեսության ոլորտում:
Իհարկե, երբ նոր բիզնես ես սկսում, միշտ վտանգ կա, յուրաքանչյուր բիզնեսմեն գիտի, որ վտանգը կա: Բայց եթե բիզնեսը շահութաբեր չէ սկզբում, կարող է շահույթ ստեղծել որոշ ժամանակ անց. մենք ուզում ենք ունենալ մեծ եկամուտներ և ներդրումներն էլ հետևաբար շատ են. ոչ ոք ներդրումներ չի անում գումար կորցնելու համար:
Որքա՞ն ներդրում է արվել: Կա՞ն ճշգրիտ թվեր:
40 միլիոն դոլար, որ ներառում է ամեն ինչ՝ գազի, ոռոգման ենթակառուցվածքների անցկացման, քարերը հանելու գումարը, հողամշակման սարքավորումների ծախսերը… և մենք դեռ շարունակում ենք ներդնել:
Տարեկան միջինը ինչքա՞ն եք ներդնում:
Մոտ 2 միլիոն դոլար՝ ամեն տարի, բացի այդ մենք շարունակում ենք ներդրումներ անել գինու գործարանի սարքավորումների համար, կարելի է ասել, որ մոտ 1 միլիոն դոլար էլ տարեկան դրա համար ենք ներդնում: Ընդհանուր ստացվում է մոտ 3 միլիոն դոլար՝ ամեն տարի:
Էռնեկյանին ի՞նչն է կապում հողին: Երևում է` հողի նկատմամբ սեր ունի, որտեղի՞ց է գալիս այդ սերը:
Դա մի հողատարածք է, որը զարգացնելու ու վերափոխելու մեծ պոտենցիալ ունի: Մենք կարող ենք հպարտանալ՝ զարգացնելով ինչ-որ բան ոչնչից, գոհանալ այն նվճումներից, որոնց հասնում ենք: Հիմա մենք արտադրում են Հայասատանի լավագույն գինին: Հողն այս վերափոխմանը ենթարկելը հեշտ գործ չէ, բայց բավարարվածությունը դրանից չափզանց պարգևատրող է ամեն օրվա վերջում:
Իսկ Արմավիրի հողերի նկատմամբ հատուկ սերը որտեղի՞ց է գալիս:
Արմավիրում նրա տունն է. նա տուն ունի Արգենտինայում, ԱՄՆ-ում և Հայաստանում` Արմավիրում. շատ գեղեցիկ տուն է: Էռնեկյանն իրեն հարմարավետ է զգում այդ տանը, երբ գալիս է Հայաստան:
Գինու զարգացման հետ կապված ծրագրեր կա՞ն, թե՞ խաղողը վաճառելու նպատակ նույնպես ունեք:
Ոչ, մենք չենք ուզում վաճառել խաղողը: Հումքը մեծ բիզնես չի կարող լինել: Մեր բիզնեսը վերջնական արտադրանքն է:
Գոհ ե՞ք հայ աշխատողներից:
Այո գոհ ենք, մենք աշխատում ենք անել լավագույնը մեր աշխատողների համար: Տալիս ենք առողջական ապահովագրություն, սնունդ, համապատասխան հագուստ հագուստ… Աշխատողները տեսնում են, որ մենք մտածում ենք իրենց, իրենց աշխատանքային պայմանների մասին և փոխադարձում են նույն վերաբերմունքը: Դառնում են ավելի պատասխանատու, գնահատում են իրենց աշխատանքը, իրենց շրջապատող մարդկանց և անում են առավելագույնը ավելի լավ աշխատող լինելու համար:
Պարոն Էռնեկյանը նոր հող գնելու մտադրություն ունի՞:
Այո, հիմա նա հողատարածք գնելու գործընթացի մեջ է:
Դարձյալ Արմավիրո՞ւմ: Որ հատվածո՞ւմ: Որքա՞ն հողատարածք է ցանկանում գնել:
Հայ-թուրքական սահմանին մոտ. մոտ 500 հա:
Լուսանկարը` www.oratert.com-ից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել