
Երևանում կազմակերպվող գյուղմթերքի տոնավաճառում օրական վաճառքի ծավալը 40-45 տոննա է
Գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է քաղաքապետարանի հետ՝ Երևանում գյուղմթերքների 3-րդ տոնավաճառը բացելու համար, և պահանջարկ լինելու դեպքում 2013թ. Երևանում գյուղմթերքների տոնավաճառները կավելանան: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
2011թ. Երևանում գործում էր գյուղմթերքների մեկ տոնավաճառ Կասյան փողոցին հարակից հրապարակում: Այս տարի բացվեց երկրորդը «Այրարատ» կինոթատրոնի մոտ: Տոնավաճառներում իրենց մթերքը վաճառում են հենց գյուղացիները, ոչ թե վերավաճառողները:
Ռոբերտ Մակարյանի տեղեկացմամբ՝ այս ընթացքում Կասյան փողոցին հարակից հրապարակում կազմակերպվել է 41 տոնավաճառ, վաճառվում է շուրջ 40 տեսակի գյուղմթերք, օրական վաճառքի միջին ծավալը 40-45 տոննա է: «Այրարատ» կինոթատրոնի մոտ կազմակերպվել է 25 տոնավաճառ, օրական վաճառքի միջին ծավալը 15-20 տոննա է:
Կասյան փողոցին հարակից հրապարակում կազմակերպվող տոնավաճառներում մինչև այժմ իր գյուղմթերքն է վաճառել 6016 գյուղացիական տնտեսություն, իսկ Այրարատ կինոթատրոնին հարակից տոնավաճառում՝ 1341 գյուղացիական տնտեսություն:
«Տոնավաճառները կգործեն մինչև ամանոր: Այսինքն՝ քաղաքի մեր ազգաբնակչությունը նաև հնարավորություն կունենա նախատոնական իր առևտուրը կազմակերպել այդ տոնավաճառներում»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել