
24-րդ դարում Հայաստանը կունենա զարգացած գիտություն
Ինչպես հայտնի է, ԱԺ-ում քննարկվող բյուջեի նախագծով 2013 թվականին Հայաստանում գիտությանը պլանավորվում է հատկացնել շուրջ 11,545 միլիարդ դրամ (շուրջ 22 միլիոն եվրո): Եվ եթե իշխանությունները զիջումների չգնան, ապա, հավանաբար, բյուջեն հենց այդ տեսքով էլ կընդունվի: Երկրի ՀՆԱ-ն, համաձայն ԿԲ կանխատեսումների, կկազմի մոտ 4,537 տրիլիոն դրամ (շուրջ 8,8 միլիոն եվրո):
Համեմատության համար նշենք, որ այս (2012) տարի 4,136 տրիլիոն ՀՆԱ-ի պայմաններում գիտությանը տրամադրվել է 10,171 միլիարդ դրամ:
Այսպիսով, դժվար չէ հաշվել, որ մեր երկրում 2012 թվականի ՀՆԱ-ի 0,246 տոկոսի փոխարեն 2013 թվականին գիտությանը, ըստ ամենայնի, տրամադրվելու է ՀՆԱ-ի 0,254 տոկոսը:
Այսինքն, գիտության ֆինանսավորման տարեկան աճի չափաբաժինը ՀՆԱ-ում կազմում է 0,008 տոկոս:
Սովորաբար համարվում է, որ երկրում գիտությունը գտնվում է կենսունակ մակարդակի վրա, եթե դրա ֆինանսավորումը գերազանցում է ՀՆԱ-ի մեկ տոկոսը (և լավ մակարդակի վրա, եթե այն հասնում է 2-ից 3 տոկոսին):
Այսպիսով, դպրոցական թվաբանություն կատարելով` կարելի է տեսնել, որ եթե Հայաստանում յուրաքանչուր տարի ՀՆԱ-ում գիտության ֆինանսավորման չափաբաժինը աճի 0,008 տոկոսով, ապա այն կհասնի ՀՆԱ-ի մեկտոկոսանոց շեմին 94 տարուց` 2106 թվականին: Իսկ ահա ՀՆԱ-ի 3 տոկոսանոց շեմին գիտության ֆինանսավորումը կհասնի 344 տարուց` 2355 թվականին:
Իրավիճակը ավելի տխուր է դառնում, երբ պարզվում է, որ գիտության ֆինանսավորումը ավելացնում են ճիշտ այնքան, որքան նախատեսված է «Գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով` որպես նվազագույն շեմ: Այսինքն` եթե այդ օրենքը չլիներ, հնարավոր է, որ այդ չնչին ավելացումն էլ չլիներ:
Իհարկե, հիասթափվել պետք չէ: Անշուշտ, մի պայծառ օր Հայաստանում կհաստատվի այնպիսի մի իշխանություն, որը կկարևորի գիտության դերը: Սակայն, եթե փորձենք հակիրճ գնահատական տալ գործող իշխանության մոտեցումներին և խոստումներին (որոնց մեջ մտնում է զարգացած գիտություն ունենալը), ապա կարելի է վերաձևակերպել ՀՀԿ-ի պառլամենտական վերջին ընտրությունների նախընտրական «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը` դարձնելով այն. «Հավատանք, որ 350 տարուց փոխենք»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել