
Ստեփան Սաֆարյանը դիմել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետին
Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին:
Դիմելու պատճառը ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պաշտոնական կայքում ընտրացուցակների բացակայություն է: Քարտուղարությունում մուտքագրվել է առձեռն հանձնված նամակը, որի ամբողջական բովանդակությունը բերված է ստորեւ:
«Հարգելի պարոն գնդապետ,
Առաջնորդվելով ՀՀ Ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավորի թեկնածուին վերապահված իրավունքներով, ինչպես նաեւ` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, խնդրում եմ ինձ տրամադրել.
1. թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներով,
2. Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակը էլեկտրոնային տարբերակով:
2-րդ կետի կապակցությամբ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակի (ռեգիստրի) պահանջը պայմանավորված է հանրապետության տարբեր ընտրատեղամասերի ու թիվ 1 ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակներում հնարավոր կրկնությունները եւ անճշտությունները ստուգելու անհրաժեշտությամբ, քանի որ արդեն իսկ առկա են մեզ տրամադրված կոնկրետ ահազանգեր:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա ու բաց փաստաթղթեր են, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է փնտրած տեղեկությանը ծանոթանալու եւ (կամ) դա ստանալու նպատակով տեղեկատվություն տնօրինողին դիմելու ու այն ստանալու յուրաքանչյուր անձի իրավունքը:
Համագործակցության պատրաստակամությամբ`
Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան
Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում պատգամավորի թեկնածու»
Մեկնաբանել