
Հայրենիքի սահմանները պաշտպանած կապիտանին դատում են 39 փամփուշտ պահելու համար
Մեղադրյալի աթոռին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի 57-ամյա բնակիչ Սերյոժա Ղուշչյանն է: Նա մեղադրվում է այն բանում, որ հայ-ադրբեջանական բախումների ժամանակ ձեռք է բերել, Բերդավանում գտնվող իր տուն է փոխադրել եւ առանց համապատասխան թույլտվության պահել է 14 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի եւ 25 հատ «ՏՕԶ» տեսակի հրացանի 5.6 մմ տրամաչափի փամփուշտ:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները դրանք հայտնաբերել են այս տարվա մարտի 25-ին` Սերյոժա Ղուշչյանի տան խուզարկության ժամանակ: Սերյոժա Ղուշչյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ կիրառվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը:
Մայիսի 23-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում դատավոր Արման Կուրեխյանի նախագահությամբ սկսվեց սույն գործով դատավարությունը: Նախաքննության փուլում Ս. Ղուշչյանի շահերը պաշտպանել է հանրային պաշտպան Դավիթ Փարսադանյանը: Նա թեեւ ներկայացել էր դատական նիստին, սակայն լիազորված չէր Սերյոժա Ղուշչյանի շահերը դատարանում պաշտպանելու:
Դատավոր Ա. Կուրեխյանը դատը հետաձգեց` համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար, որպեսզի Դ. Փարսադանյանը` որպես հանրային պաշտպան, դատարանում կարողանա պաշտպանել Ս. Ղուշչյանին: Դատական առաջին նիստին 2 ոստիկան վկաներից եւ Ս.Ղուշչյանի հարեւան ընթերակա 2 կանանցից միայն մի ոստիկան էր ներկայացել: Սակայն հաջորդ նիստերին նրանցից ոչ ոք չներկայացավ դատարան, նաեւ իր բացակայությունը պատճառաբանող գրություն չներկայացրեց:
«Երբ ադրբեջանցիները ռմբակոծում էին մեր տարածաշրջանը, պատասխան կրակի առաջին փամփուշտը ես եմ կրակել: Իմ «սիրելի» հարեւանուհիները դատարան չեն ներկայացել, քանի որ գիտակցում են իրենց մեղքը»,- դատական նիստից առաջ լրագրողիս ասաց հրետանային մարտկոցի նախկին հրամանատար Սերյոժա Ղուշչյանը: Նա նկատի ուներ, որ հարեւանուհիները, օրենքից պատկերացում չունենալով ստորագրել են իր տան խուզարկության ակտի տակ:
Մայիսի 26-ի դատական նիստում փաստաբան Դավիթ Փարսադանյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել արագացված դատաքննության կարգ: Դատավոր Կուրեխյանը ամբաստանյալին տեղեկացրեց, որ այդ դեպքում նա չի կարող բողոքարկել իր նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը: Այնուհետեւ դատարանն անցավ արագացված դատաքննության:
Դատարանը հետազոտեց Ղուշչյանի պատասխանատվությունը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները. Սերյոժա Ղուշչյանը զինվորական թոշակառու է, տառապում է շաքարային դիաբետով, սոցիալապես անապահով, ազատամարտի մասնակից է, 2004 թ. կապիտանի կոչումով զորացրվել է պահեստազոր, Հատուկ գնդի վետերանների միության անդամ է:
Դատարանին ներկայացված Երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի մասնաճյուղի ղեկավար Ռաֆիկ Ասլանյանի տված տեղեկանքում նշված էր, որ Սերյոժա Ղուշչյանը 1990-1994 թթ. ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան, Ոսկեպար, Բաղանիս եւ Կոթի գյուղերի պաշտպանությանը:
Բերդավանի համայնքապետարանի տված տեղեկանքում նա բնութագրվում էր այսպես. «համեստ, խելացի, պարտաճանաչ, վայելում է շրջապատի հարգանքն ու սերը»: Ներկայացված էր տեղեկանք, որ Ս. Ղուշչյանը հաշվառված է Նոյեմբերյանի պոլիկլինիկայի էնդոկրինոլոգիական բաժանմունքում, ամեն օր ինսուլին է ընդունում:
Նրա պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկային: Դատախազ Սպարտակ Անտոնյանը մեղադրական ճառի ավարտին միջնորդեց Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով Ս. Ղուշչյանին դատապարտել 6 ամսվա ազատազրկման, սակայն կիրառել Քր. դատ. օր.-ի 70 հոդվածը եւ պատիժը սահմանել պայմանական, 1 տարի ժամկետով: Ս. Ղուշչյանի պաշտպան Դավիթ Փարսադանյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել` պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:
Փաստաբանի այդ քայլը մարտավարական բնույթ ուներ, որովհետեւ սպասվում էր Ազգային ժողովի կողմից համաներման հայտարարումը: Դատը վերսկսվեց մայիսի 31-ին, որի ժամանակ պաշտպանը դատարանին միջորդեց Ս. Ղուշչյանի նկատմամբ կիրառել ԱԺ-ի մայիսի 26-ին հայտարարված համաներումը եւ քրեական գործի վարույթը կարճել: Դատարանում այդ օրը որպես մեղադրող հանդես էր գալիս դատախազ Արարատ Ազիբեկյանը:
Նա դատարանին միջնորդեց, որպեսզի դատարան ներկայացվի տեղեկանք այն մասին, որ անցած 10 տարում Սերյոժա Ղուշչյանի վրա համաներում չի տարածվել, քանի որ այդ դեպքում նա չի կարող օգտվել համաներումից: Դատարանը նիստը հետաձգեց մինչեւ հունիսի 3-ը, որպեսզի մինչ այդ ՀՀ ոստիկանության տեղեկատվական բազայից համապատասխան տեղեկանք ներկայացվի:
Իսկ արդեն հունիսի 3-ին վերոնշյալ տեղեկանքի հիման վրա դատարանը որոշեց Սերյոժա Ղուշչյանի նկատմամբ կիրառել համաներումը եւ գործի վարույթը կարճել: Գործ, որը կարող էր եւ չլինել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել