
Երբ դատավորի կինը անհատ ձեռնարկատեր է
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մասիս Ռեհանյանը դատական համակարգում «հարուստ» դատավորի համբավ ունի: Պատճառը, հավանաբար, նրա կինն է: Իհարկե, Մ. Ռեհանյանից հարուստներ էլ կան, որոնց «Հետքն» արդեն անդրադարձել է, սակայն նրա ու կնոջ դրամական միջոցները անհամեմատ հեռու են ստացած եկամուտներից:
Ուսումնասիրելով դատավորի 2011թ. գույքի ու եկամուտի հայտարարագիրը` պարզվեց, որ նա նշված տարում ստացել է 6 մլն 145 հազար 83 դրամի եկամուտ, որը բացառապես աշխատավարձն է, սակայն իր հաշվին ունեցել է 210 հազար դոլար (2011-ի սկզբին ունեցել է 215 հազ. դոլար) եւ 12 մլն դրամ (տարեսկզբին` 9 մլն):
30 մլն դրմի եկամուտ էլ ստացել է Մասիս Ռեհանյանի կինը` Նունե Սարգսյանը: Եկամուտի տեսակը նշված է Ա/Ձ: Հավանաբար նա անհատ ձեռնարկատեր է եւ բիզնեսով է զբաղվում:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Նունե Սարգսյանը 2011-ի սկզբին ունեցել է 106 մլն դրամ, իսկ տարեվերջին գումարի չափը հասել է 170 մլն դրամի: Նույնիսկ ամենավառ երեւակայողն էլ չի կարող պատկերացնել, թե դատավորի կնոջ դրամական միջոցներն ինչպես են մեկ տարվա ընթացքում ավելացել 64 մլն դրամով, երբ նրա տարվա եկամուտը 30 մլն է եղել: Հավանաբար սա «դատավարական գաղտնիք» է եւ հարկ չեն համարել հայտարարագրել:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել