
Հայ-վրացական սահմանի չլուծված խնդիրները և դատարկվող հայկական գյուղերը (վիդեո)
Վերջին մեկ տարվա ընթացքում հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել: «Ինչպես հայտնել էինք նախօրոք, բանակցությունների արդյունքում միջև այժմ 225 կմ սահմանային գծից նախնական համաձայնություն է ձեռք բերվել միայն 160 կմ-ի շուրջ և դեռևս չհամաձայնեցված է մնում 65կմ-ը»,-«Հետքի» հարցումներին պատասխանել է ԱԳՆ-ի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Պատասխանի մեջ նշված է նաեւ, որ հայ-վրացական սահմանին տեղակայված Ջիլիզա համայնքում սահմանային անցակետի շինարարական աշխատանքները չեն սկսված, իսկ Ջիլիզա և Վրաստանի Չանախչի գյուղերի միջև ընկած վայրում գտնվող Խորակերտի 12-13 դարերի եկեղեցական համալիրի տարածքը դեռևս համաձայնեցված չէ:
Հայաստանի և Վրաստանի սահմանային անլուծելի խնդիրների պատճառով տուժում են հայ-վրացական սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչները: Ընդամենը 100 մետր հեռավորությամբ բնակվող հայ գյուղացիները միմյանց հետ շփվելու համար Բագրատաշենի ու Սադախլոյի անցակետերով պետք է հատեն առնվազը 120 կմ ճանապարհ:
Վրաստանի սահմանային Աղքյորփի և Չանախչի գյուղերի խմելու ջրագծերը խորհրդային տարիներին սնվել են հայկական կողմի լեռնային աղբյուրներից: Սահմանային խստացված ռեժիմի պատճառով դրանք երկար տարիներ չեն վերանորոգվել: Լալվար գետից 100 մետր անդին գտնվող իրենց ջրագծերի մոտ հայտնվելու և վթարները վերացնելու համար Չանախչիի և Աղքյորփիի գյուղացիները պետք է հատեն Սադախլոյի և Բագրատաշենի անցակետերով Բագրատաշեն-Ալավերդի-Ջիլիզա 120 կմ երկարությամբ ճանապարհը:
«Դրա համար մենք ուզում ենք այնպիսի ջրագիծ կառուցել, որ ջրագծի ակունքը լինի մեր տարածքում: Այդ դեպքում սահմանը անօրինական հատելու խնդիր չի առաջանա»,- ասում է աղքյորփեցի Գիգոլ Աթաբեկյանը, ով 12 տարի ղեկավարում է Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփիի վարչատարածքային միավորումը: Չանախչիի 200 և Աղքյորփիի 1000 բնակիչների խմելու և ոռոգման ջրի խնդիրը 16 տարի շարունակ Վրաստանի կառավարության ուշադրության կենտրոնում չի հայտնվում: Գիգոլ Աթաբեկյանն ասում է,որ Չանախչիում և Աղքյորփիում հայ գյուղացիները չեն զբաղվում հողագործությամբ: Աղքյորփիի 98-ամյա բնակիչ Բեգլար Հակոբյանը աղքյորփեցիների կյանքը շատ վատ է գնահատում, որովհետև Հայաստանի հետ կապ չունեն: «Եթե Հայաստանի հետ կապ ենք ունենում, մեր ազգաբնակչության մեծ մասը Հայաստանում է, ընդիան կկարողանանք իրար քոմագ անենք, ապրենք: Հմի Հայաստանի ճամփենին փակել են, կարում չենք գնանք, գանք: Հայաստանի գրանիցիայի փակերը չիմ հանեցեք»,- պահանջում է 98-ամյա գյուղացին:
Բեգլար Հակոբյանը չի ուզում հասկանալ, թե իր տանից ընդամենը 100 մետր այն կողմ գտնվող իր հայրենիքի` Հայաստանի անտառը, թթու ջուրն ու լեռնային մյուս աղբյուրները ինչու պետք է իր և մյուս հայ գյուղացիների համար անմատչելի լինեն: «Ընդամենը 10 մետր է հեռավորությունը, որ ջուրը անցկացնենք, բերենք: Հենայ, գնացեք ջուրը նկարեցեք, թագավորի աղաքին վեր դրեք, որ իմանա հայկական գեղը ջրի կարիք ունի, ջուրն էլ հլե նհե գնում ա հասնում Բոլնիս Խաչեն»,- ասում է Բ.Հակոբյանը: Հայաստանի հետ շփման գործում Աղքյորփիի վարչատարածքային միավորման ղեկավար Գիգոլ Աթաբեկյանը կարևորեց Պրիվոլնիի անցակետը:
![]() |
![]() |
Գիգոլ Աթաբեկյան | Աղքյորփիի գյուղապետարանը |
«Վերջինիս ծառայությունները դժգոհություններ են առաջացնում բնակչության մեջ»,- ասաց նա և տեղեկացրեց, որ անցած տարիներին գյուղի երիտասարդների և սահմանապահների միջև ընդհարումներ է եղել, նույնիսկ զենք են փորձել օգտագործել: Գիգոլ Աթաբեկյանը իր դժգոհությունը հայտնեց նաև անցակետով վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների մուտքը Հայաստան արգելելու համար: Սադախլո–Չանախչի Աղքյորփի 25,5 կմ երկարությամբ ճանապարհով անցնելիս անհնար է չնկատել, թե Վրաստանի համար իրենց հոգսերով որքան 2-րդական և օտար են հայկական գյուղերը:
«Անցած տարիներին 25,5կմ երկարությամբ մեր ճանապարհից վերանորոգվել է ընդամեն Սադախլոյի 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը»,-ասում է Գիգոլ Աթաբեկյանը: Աղքյորփեցի Սուրիկ Մարտիրոսյանն ասաց, որ հատկապես ձմռանը, Չանախչի և Աղքյորփի գյուղերի հղի կանայք Մառնեուլի ծննդատուն տեղափոխվելիս շատ դեպքերում ծննդաբերում են ճանապարհին, հենց ավտոմեքենայում, իսկ Մառնեուլի շտապօգնության ծառայությունները ճանապարհի անանցանելիության պատճառով խուսափում են ընդունել Աղքյորփի, Չանախչի և հայաբնակ մյուս գյուղերի բնակիչների շտապօգնության կանչերը: Վրաստանի իշխանությունները իրենց անտարբերությամբ նպաստում են սահմանամերձ հայկական գյուղերի հայաթափմանը, իսկ Հայաստանի կառավարությունը ժամանակ չունի մտածելու հայ–վրացական սահմանի վրա գտնվող հայկական գյուղերի մասին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել