
Ապրում են Թուրքիայում, որ Հայաստանում տուն ունենան
Պտույտ Ստամբուլում-3
Երբ գյումրեցի Արտաշին հարցրինք, թե ինչու է հայտնվել Ստամբուլում, պատասխանեց. «Ամենաէժան տոմսն էստեղ էր, ստեղ եկա»: Բանակից վերադառնալուց հետո այդպես էլ աշխատանք չի գտել Հայաստանում, որոշել է արտագաղթել: Եթե նախկինում միայնակ էր մեկնել Ռուսաստան, այս անգամ` մոր ու քրոջ հետ բռնել է Թուրքիայի ճամփան:
Արտաշն աշխատում է կոշիկի արտադրամասում` հայերի, վրացիների, թուրքերի ու քրդերի հետ: Ասում է, որ հարմարվել է միջավայրին, գիտի ում հետ շփվի, ում հետ` ոչ: «Էստեղ կարեւորը դու քեզ հանգիստ պահես, շատ չխառնվես, մարդկանց չխաբես, մարդիկ էլ քեզ նորմալ կվերաբերվեն: Լիքը դեպքեր են լինում. մեկը մյուսին ծեծում, սպանում են, իրարից գողանում են, բայց մարդուց է կախված` իրեն ոնց կընդունեն: Եթե նորմալ մարդ եղար, նորմալ էլ կընդունվես»,- ասում է Արտաշը:
Գյումրիում գտնվող իրենց տունն Արտաշենք կորցրել են երկրաշարժի ժամանակ: Մայրը ստիպված է եղել իրեն եւ քույրերին միայնակ մեծացնել` փոքրիկ վագոն-տնակում: Փոքր տարիքում միգուցե տուն չունենալու փաստից այդքան չի նեղվել, բայց բանակից հետո արդեն չի համակերպվում այդ մտքի հետ:
Արտաշը որեւէ աղջկա դեռեւս ամուսնության առաջարկ չի արել` իմանալով, որ տանը բավականաչափ սենյակներ չկան բոլորի համար:
Արտաշն աշխատել է Գյումրու կարուսելների պարկում` նվազագույն աշխատարձով: Հիմա նախընտրում է ապօրինի ապրել Թուրքիայում, բայց իմանալ, որ իր աշխատանքով որեւէ բան կարող է փոխել կյանքում:
![]() |
![]() |
Արտաշը | Զինան |
«Շատ հայերի է ոստիկանությունն արտաքսում: Թուրքիայի կառավարությունը լավ էլ գիտի, թե քանի հոգի են օրինական, քանիսը` չէ: Բայց եթե գալիս ես, աշխատանք ես գտնում ու առանց մյուսներին վնասելու աշխատում ես, հանգիստ են թողնում: Եթե չէ, ուղղակի փողոցում կանգնեցնում են, փաստաթղթերդ են ուզում, չունեցար, տանում են ոստիկանություն, մի քանի օրից արտաքսում Հայաստան»,- պատմում է Արտաշը:
Մայրը` Զինան, աշխատում է թուրք ընտանիքում` տունն է մաքրում, ամենօրյա ճաշը եփում ու հետեւում ծերերին: Քույրը` համեմատաբար ավելի լավ աշխատանք է գտել. Ստամբուլի ոսկու շուկայի արտադրամասերից մեկի մասնագետն է: Տանը յուրաքանչյուրը հոգում է իր բաժին հոգսը. Արտաշի պարտականությունը նոր տան համար գումար հավաքելն է: Տուն գնելու է Երեւանում կամ Գյումրիում, քանի որ մշտապես Թուրքիայում մնալ չի պատրաստվում:
Ստամբուլում հայաստանցիները երբեք չեն խոսում իրենց հաջողությունների մասին, քանի որ չեն վստահում միմյանց: Արտաշը ճանաչում է հայաշատ Կումկափի թաղամասի գրեթե բոլոր բնակիչներին: «Հայերն էստեղ հաջողություններ ունենում են, բայց էդ մասին չեն պատմում ոչ ոքի, քանի որ գողությունն ու հանցագործությունը շատ է: Հայը հայից արդեն որերորդ անգամ է` գողություն է անում: Բոլորն էլ վախենում են ասել, որ փող ունեն: Կան հայեր էլ, որ թուրքերի հետ համագործակցում են, բիզնես են դնում, բայց քանի որ իրենք օրինական չեն էստեղ, բոլոր փաստաթղթերը թուրքի վրա են գրանցում»,- ասում է Արտաշը:
Հայաստանցիները շատ շուտ են աշխատանք գտնում, իսկ մի քանի ամսում լիարժեք տիրապետում են թուրքերենին: Արտաշի մայրն ընտանիքում ամենաառաջինն է Թուրքիա եկել, բայց դեռեւս վարժ չի խոսում թուրքերեն: Նա դժվարությամբ է հարմարվում միջավայրին, բայց այդ մասին լռում է. երեխաների համար տուն գնելն իր վերջին պարտականությունն է համարում:
«Ես ինչի՞ պիտի Թուրքիա հասնեի… Հայերն իրենց քրտինքով աշխատող ժողովուրդ են, թող չքանդեին էդ երկիրը, ես կմնայի, կաշխատեի: Էդ կարոտը, տառապանքը, որ ես եմ տանում… Ինչի՞, ինչի՞ պիտի ես իմ երկիրը թողնեի, գայի թուրքի մեջ ապրեի: Չնայած մեզ վատ չեն վերաբերվում, բայց ինչքան էլ լավ լինեն, իմ հողը չեն, իմ երկիրը չեն: Էրեխեքիս որբ մեծացրի, ուսումները կիսատ թողած` բերեցի Թուրքիա, ինչի՞… մեր տեղը չէր սա»,- հուզմունքով ասում է Զինան:
Առաջին լուսանկար` Կումկափի թաղամասում
Լուսանկարներ` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել