
Կռացած` դեպի 3-րդ հազարամյակի մարտահրավերներ
Ռազմիկ Մարկոսյան
Անգլիայում (հավանաբար ոչ միայն Անգլիայում) երբ որևէ տարածք կանաչապատում են, այդ տարածքի միջով անցնող ճանապարհներ ի սկզբանե չեն նախագծում: Որոշ ժամանակ անց խոտածածկույթի վրա հետիոտների տրորած տեղերով հստակ ուրվագծվում են անցուդարձի համար առավել հարմար ուղղությունները: Հենց այդ «նշված» ճանապարհներն էլ հետագայում սալարկում են՝ նպաստավոր անցուղի տրամադրելով բնակչությանը: Ճիշտ այդպես զարգացած երկրներում քաղաքացին մասնակցություն է ունենում իր երկրում կայացվող ցանկացած որոշման:
Մեր երկիրն Անգլիայից այնքան հեռու չէ, որքան այնպիսի քաղաքակրթությունից, երբ կառուցելիս նկատի է առնվում շահագործողի շահը, արտադրելիս` իրացնողի, որոշելիս` հետևանքները կրողի: Մեզանում լիարժեք շահագործվում է միայն մեր քաղաքացիների համբերատարությունը: Օրինակներ` ինչքան ուզեք: Բայց այս անգամ խոսենք առաջին հայացքից գուցե ոչ այնքան էական թվացող մի խնդրի` մեր մայրաքաղաքի տրանսպորտային սպասարկման որակի մասին: Չէ՞ որ բնակչության տեղափոխումն արյան հոսքի պես ապահովում է մեր երկրի կյանքն ու գոյության որակը:
Պարույր Սևակը կասեր` «հաշվեցեք հապա…», թե միայն վերջին հարյուրամյակում մեծ եղեռն, մեծ երկրաշարժ, պատերազմ ու շրջափակում տեսած, բայց հերոսաբար ոտքի վրա մնացած ժողովրդի հավաքական հոգեբանության վրա ինչ հետևանք կարող է ունենալ սեփական երկրում տարիներ շարունակ ամենաստորացուցիչ պայմաններում երթևեկելը:
Պարզ է` Երևանում միկրոավտոբուսային բիզնեսը մասնավոր ձեռներեցներին է պատկանում: Նույնքան պարզ է, որ ցանկացած բիզնես զարգանում է պետական վերահսկողությամբ: Ասենք, դա քաղաքային տրանսպորտին կարող է և չվերաբերել, քանի որ այդ բիզնեսը մեզանում առհասարակ չի զարգանում: Այն պարզապես ոտքի վրա են պահում տարիներ շարունակ ոտքի վրա երթևեկող մեր քաղաքացիները:
Հայտնի բան է, թե ինչ խորհուրդ ունի խոնարհումը: Ենթաստորադասության չափ հին այդ մարմնական շարժումը նշանակում է` «Ես քո ենթական եմ»: Հնում պետական ու կրոնական շինություններ հիմնելիս մարդու գոտկատեղի բարձրությամբ մուտքի դուռ էին կառուցում, որպեսզի ներս մտնողն իր կամքից անկախ, երբեմն էլ` կամքին հակառակ` խոնարհվի: Եվ ահա արդեն քանի տարի է` հիմնականում Երևանում կենտրոնացած մեր երկրի բնակչությունը կռացած երթևեկելով` իր խոնարհումն է բերում տրանսպորտային սարդոստայնի տերերին, որոնք ոչ մի կերպ նպատակահարմար չեն համարում զարգացնել իրենց բիզնեսը, իրենց շարժակազմը համալրել բարձր տանիք ունեցող, հարմարավետ տրանսպորտային միավորներով, որպեսզի ժողովուրդը ստիպված չլինի անվերջ գլուխ տալ:
Եթե նկատի ունենանք, որ մեր մայրաքաղաքի տրանսպորտից ամենից հաճախ օգտվում է աշխատող ու սովորող զանգվածը, ապա պարզ կդառնա, թե ինչ հոգեբանություն ու սեփական երկրի նկատմամբ ինչ վերաբերմունք է ձևավորվում մեր երկրի այսօրն ու վաղը ապահովող քաղաքացիների մեջ:
Իսկ հաշվե՞լ են արդյոք, թե պատերազմի մշտական վտանգի տակ գտնվող մեր ժողովուրդի համար հոգեբանական ինչ աղետ է օրվա ընթացքում մի քանի անգամ ընկճված հոգով, ոտնահարված արժանապատվությամբ, երկտակ ծալված, իրար խանգարելով ու իրար ատելով մի վայրից մյուսը փոխադրվելը: Եթե դրան գումարվում է մեր քաղաքային տրանսպորտի՝ ցինիկ դրսևորում ստացած մրցավազքը, երբ «բերնեբերան» լցված երթուղային տաքսիներն, իրենց «ուղեբեռի» մասին մոռացած, թույլատրելի արագությունը գերազանցելով ու տարբեր այլ խախտումներ կատարելով, փորձում են իրարից առաջ անցնել՝ խլելու համար կանգառում կանգնած պոտենցյալ խոնարհվողներին… Մշտապես վթարային իրավիճակ ստեղծող այս «շուկայական մրցակցությունը» չեն կասեցնում ո՛չ ճանապարհային ոստիկանության տեսուչները, ո՛չ հսկիչ սարքերը: Դե, «գծերի տերերը» հարգանք-պատիվ ունեն: Իսկ ժողովուրդն էլ… Այնինչ անկախացումից արդեն երկու տասնամյակից էլ ավելի է անցել: Ի դեպ, 90-ականների սկզբներին` հաղորդակցության գրեթե իսպառ բացակայության պայմաններում, հոգեբանության տեսանկյունից` մեր ժողովրդի վիճակը ներկայիս համեմատ գերադասելի էր: Այն ժամանակ մի տեսակ ներդաշնակություն կար:
Իսկ այսօր շքեղ նորակառույցներն ակոսող պողոտաներով անցնում են մեր բնակչությանը բարոյապես հալածող ուղևորափոխադրման գաճաճ միջոցները, որոնց մեջ հիգիենայի սահմաններից դուրս քիթ-քթի տված, ողնաշարները երկտակած ուղևորները, եթե նույնիսկ արդեն սովորել են ու չեն էլ գիտակցում, որ ծաղրվում են նրանց կողմից, ում վճարում են ու դեռ շարունակում են մի կերպ տեղ տալ տասներեք մարդու համար նախատեսված միկրոավտոբուսի քսանհինգերերդ ուևորին, վաղն անպայման տեղի կտան իրենց վիրավորված ենթագիտակցության առաջ: Չէ՞ որ այն, ինչ մեր քաղաքացու համար սովորական են դարձրել, կարող է հատուկ լինել միայն արտակարգ իրավիճակներին:
Ի դեպ, տասներեք ուղևորի մասին տեղեկացնող հայտարարության կողքին անտեսված-արհամարհված մի գրություն էլ կա քաղաքակրթության վերջին ճիչը հանդիսացող մեր ուղևորատարներում: Խոսքը օրինապահության նկատմամբ թքուն վերաբերմունքի հերթական վկայության՝ վարորդի ծխելն արգելող օրենքի մասին է: Այդ օրենքն անտեսվում է ոչ միայն վարորդների ու ավտոճանապարհային ոստիկանների, այլև հենց ուղևորների կողմից. նրանք իրենց հերթին պետք է վարորդին արգելեն ծխել: Դա նրանց իրավունքն է: Բայց դե գլուխը կախ վիճակի հետ լրիվ հարմարված ժողովրդի իրավունքը ո՞րն է:
Դե հիմա, ինչքան ուզում ենք` արտասահմանյան երկրներից ծրագրեր ներմուծենք ու, այսպես կոչված, «թրեյնինգներ» կազմակերպենք` քաղաքակրթելու, եվրոպականացնելու, երրորդ հազարամյակի մարտահրավերներին պատրաստելու համար մեր քաղաքացուն: Նա, միևնույն է, ստիպված կլինի օգտվել քաղաքային տրանսպորտից ու մեր ջանքերն ու արտասահմանցիների փողերը ջուրը կլցվեն: Երևանցու մեջ դարձյալ կարթնանա լավագույն դեպքում մի նստարանին երկու հոգով նստողի, կամ էլ, ինչպես ժողովուրդն է ասում` «փոստի ձիու» հոգեբանությունը:
Այնինչ մեր ձեռներեց գործարարների համար արժանապատիվ ուղևորափոխադրում կազմակերպելն ամենևին էլ բարդ բան չէ: Իսկ եթե նրանք չեն ուզում դա անել, կառավարությունը պետք է նրանց առաջ խնդիր դնի` պահանջելով հստակ նշված ժամկետում շտկել իրավիճակը (ինչպես որ դա արվեց ամրագոտիների դեպքում): Կարելի է նաև տրանսպորտային սպասարկման որակի բարելավումն առաջիկա ընտրություններում օգտագործել որպես բենզին՝ քարոզչական մեքենայի համար:
Մի ելք էլ կա. գուցե ժողովուրդը կազմակերպի «գծերի տերերի»` իրենց իսկ «կազմակերպած» տրանսպորտից ժողովրդի պես վնասվելով օգտվելը: Թող «գծերի տերերը» կանգառում մի քանի երթուղային բաց թողնելուց ու նյարդայնանալուց հետո մի կերպ խցկվեն հերթական երթուղային տաքսին ու զանազան հոտերի, ծխի ու ինչ-որ տարօրինակ, անծագում երաժշտության տարրալույծի մեջ, իրենց մարմնի մասերին անհաղորդ` գնան, ապա բախտավոր նստած ուղևորին հարցնեն` «Ո՞ւր ենք հասել, դուրսը չի երևում»:
Այ, սա կլինի կայացվելիք որոշումներին մասնակից լինելու, նոր տնկված խոտածածկույթը քաղաքացուն հարմար տեղերում տրորելու հայկական տարբերակը: Եվ այդ դեպքում գուցե մեր ձեռներեցներն ու նրանց վերահսկելու կոչված պատկան մարմինները ստիպված լինեն հարգել ողնաշարը լրիվ չծռած, արժանապատվությունը մինչև վերջ չկորցրած ժողովրդին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել