
Հ. Բագրատյան. «Ինչպե՞ս կարող է ԿԲ հավաքարարը պատգամավորից շատ ավելի բարձր աշխատավարձ ստանալ»
«Ամենավատ գիտելիքը կիսագիտելիքն է, ավելի լավ է գիտելիք չունենաք, քան կիսագիտելիք ունենաք»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի փոփոխությանը կառավարության և քաղաքական մեծամասնության առարկություններին:
Ըստ Հրանտ Բագրատյանին՝ պաշտոնապես հայտարարվել է, որ երկրում միջին աշխատավարձը 120.000 դրամ է, իսկ միջազգային փորձը վկայում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է լինի միջին աշխատավարձի 40 տոկոսի չափով, ինչն այսօր իրականությունից հեռու է:
«Կամ սխալ եք ասում, որ միջին աշխատավարձը 120.000 դրամ է, կամ էլ ձեր մոտեցումն է սխալ: Թե չէ, ինչպե՞ս կարող է Կենտրոնական բանկի հավաքարարը պատգամավորից շատ ավելի բարձր աշխատավարձ ստանալ»,- ավելացրեց Հ. Բագրատյանը:
Նա կասկածի տակ դրեց կառավարության ծրագիրը, ըստ որի՝ 2017թ. նվազագույն աշխատավարձը կրկնապատկվելու է: «Դուք ոչինչ էլ չեք անելու»,- ասաց Հրանտ Բագրատյանը: Նա հղում արեց Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին, ըստ որոնց՝ 2017-ին Հայաստանի ՀՆԱ-ի՝ մեկ շնչին բաժին հասնող չափը 1.5 տոկոսով պակաս կլինի, քան 2007-ին:
Մեկնաբանել