
Նիկոլ Փաշինյան. ինչո՞ւ չեն նվազեցնում դատավորների աստղաբաշխական աշխատավարձերը
Այսօր՝ «Բյուջե 2013» նախագծի քննարկման ժամանակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բյուջեի ռիսկերին: Պատգամավորը թվարկեց մի քանի դատավորի՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի, վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արմեն Դանիելյանի, Մհեր Արղամանյանի և Լիլիթ Թադևոսյանի անունները և նշեց, որ նրանց կայացրած դատական ակտերը ռիսկային են, և հետագայում Եվրադատարանը Հայաստանի դեմ վճիռներ է կայացնելու, որոնք վճարվելու են պետական բյուջեից:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ 2013թ. բյուջեով նախատեսված չէ Եվրադատարանի վճիռների արդյունքում գումարների հատուցման որևէ տող: Պատգամավորը նաև հարցրեց, թե ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվում, որ դատավորների աշխատավարձերը նվազեն, «որովհետև դատավորները աստղաբաշխական աշխատավարձեր են ստանում, և արդյունքում ունենք մի դատական համակարգ, որտեղ դատավճիռը կայացվում է նույնիսկ ամբաստանյալների վերջին խոսքը լսելու հնարավորություն չտալու և առանց փաստաբանների, պաշտպանների միջնորդության հնարավորություն տալու»:
Պատգամավորի մտահոգությունը վերաբերում էր երեկ Վերաքննիչ քրեական դատարանում կայացած ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դատավարությանը, որի ժամանակ դատավորները ամբաստանյալներին հեռացրին նիստերի դահլիճից՝ առանց նրանց վերջին խոսքը լսելու:
Պատասխանելով հարցին՝ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ասաց, որ Եվրադատարանի, ինչպես նաև այլ դատարանների վճիռների համար գումար նախատեսելը իրատեսական չէ, քանի որ որևէ վճիռ չի կայացվում այն տրամաբանությամբ, որ սխալ է լինելու և դրա համար պետք է վճարել:
«Ես չեմ կարծում, որ կգտնեք մի երկիր կամ կառավարություն, որտեղ նմանօրինակ բյուջետային ծրագրավորում իրականացվի: Հայաստանի կառավարությունը ևս այդ տրամաբանությունը չի տեսնում: Եթե լինում են վճիռներ, որոնք ինչ-ինչ պատճառներով սխալ են, ապա այդ վճիռների հատուցման համար վճարվում է կառավարության պահուստային ֆոնդից: Դա ստանդարտ պրակտիկա է, ինչին մենք հետևում ենք»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Նա կարծիք հայտնեց, որ իրավական գործընթացների վերաբերյալ Ն.Փաշինյանի գնահատականները չեն համապատասխանում իրականությանը:
Մեկնաբանել