
Կույր կնոջը փորձել են ստիպողաբար տանել հոգեբուժարան
Նաիրա Կարապետյանը նոյեմբերի 3-ին եկել էր «Հետքի» խմբագրություն՝ իր հետ կատարված տարօրինակ ու անհասկանալի պատմությունը պատմելու համար: Նաիրան ծնված օրվանից զրկված է տեսողությունից, դստեր հետ ապրում է Դավթաշենի հանրակացարաններից մեկում: Երբ օրեր առաջ (հոկտեմբերի 30-ին) սովորականի պես դստերը տանում էր նկարչական խմբակ, նրա հետ տեղի է ունեցել այս դեպքը, որի մանրամասները ներկայացնում է ինքը` Նաիրան:
«Ապրում եմ Դավթաշենում: Տեսողություն ընդհանրապես չունեմ, բայց միայնակ կարողանում եմ հոգ տանել 1 տարեկան 11 ամսական դստերս մասին: Այդ օրը դստերս տանում էի նկարչության: Նստեցի 36ա երթուղայինը, առավոտյան 10:30 -ի սահմաններում: Հարցրեցի վարորդին` կարո՞ղ է կանգառ անել Պուշկին-Մաշտոց խաչմերուկում, ասաց` չէ, էդտեղ կանգառ չկա: Ուղևորներից մեկը` երիտասարդ մի աղջիկ, ասաց, որ կօգնի ինձ հասնել իմ ուզած տեղը. ինքն էլ է այդ կողմ գնում ու ասաց նաև, որ մենք ծանոթ ենք: Ես չճանաչեցի այդ աղջկան, բայց մտածեցի` միգուցե իսկապես ծանոթ ենք, ուղղակի ես չեմ հիշում: Այդ ժամանակ ուղևորներից մեկը զարմացավ, թե ինչու է այդ աղջիկն ինձ այդտեղ իջեցնում` այդպես ավելի հեռու է ստացվում իմ ուզած տեղից:
Երբ իջանք, ու ես խնդրեցի նրան ներկայանալ, նա ասաց, որ հիմա կասի և հարցրեց, թե որտեղ է գտնվում նկարչական խմբակը, ասացի` Պուշկինի փողոցում, ԱԻՆ-ի մոտակայքում է: Ասաց` սպասեք, հիմա գալիս եմ, մի փոքր առաջ գնաց, մոտեցավ մի տղամարդու, ինչպես հետո պարզվեց, ոստիկանի, սկսեց խոսել հետը, ես մոտեցա նրանց այն պահին, երբ ոստիկանն աղջկան ասում էր` ուրեմն աղի հանք կտանենք: Աղջիկն ասաց՝ այո, և նրա շարժումներից (Նաիրան կարողանում է տեսնել լույսն ու ստվերը- «Հետք»), ինտոնացիայից զգացի, որ շարունակ ժպտում է: Ասացի` ի՞նչ աղի հանք, ես երեխայիս նկարչության եմ տանում, դուք ինձ առաջարկեցիք ձեր օգնությունը, բայց ձեզ ո՞վ խնդրեց ինձ ճանապարհից շեղել, հետո մոտենալ ոստիկանին: Ոստիկանն ասաց, որ իրենք ուզում են ինձ օգնել, ասացի` այդ դեպքում ինձ մեքենա նստեցրեք և տարեք իմ ուզած տեղը, բայց պայմանով, որ այդ աղջիկն էլ հետս գա, որպեսզի իմանամ, թե ով է նա:
Ոստիկանը տաքսի կանգնեցրեց: Երբ նստեցինք, այդ աղջիկը, ով որպես Սոնա էր ներկայացել, իր մոտ գրանցեց ոստիկանի հեռախոսահամարը: Մեքենայի դուռը ծածկելիս ոստիկանը վարորդին ասաց` սրանց աղի հանք տարեք: Ես նորից զարմացած հարցրեցի, թե ի՞նչ Աղի հանք, ես այդտեղ չեմ գնում: Ոստիկանը պատասխանեց, որ այդտեղ էլ ԱԻՆ-ի գրասենյակ կա, ես ասացի, որ ինձ պետք է Պուշկին փողոցում գտնվող ԱԻՆ-ի մոտ գնալ, ոչ թե Ավանի: Երբ հասանք Պուշկինի փողոց, ու վարորդը հարցրեց, թե այդտեղից ոնց գնա, այդ աղջիկն ասաց, որ մեզ աղի հանք տանի: Ես փորձ արեցի դուրս գալ մեքենայից, բայց նա կողպեց մեքենայի դռները: Այդ ժամանակ ես ծեծեցի նրան, ու չեմ փոշմանում դրա համար: Ոստիկանությունում էլ նույնն բանը հետո ասացի: Արդյունքում նա դուռը բացեց, իջա մեքենայից, մի կնոջ օգնությամբ գտա երեխայիս նկարչական դպրոց տանող ճանապարհը:
Այնտեղ ինձ մոտեցան երկու հոգի, ներկայացան որպես ոստիկանության աշխատակիցներ, ասացին, որ ես մարդ եմ ծեծել, դրա համար ինձ տանում են բաժանմունք: Գնացինք Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, ինձ և դստերս 4-5 ժամ պահեցին միջանցքում, որտեղ բոլորը ծխում էին: Հետո եկավ նաև այդ աղջիկը, ոստիկաններին ասաց, որ ինքն ինձ ուղղակի ուզում էր օգնել, ի՞նչ աղի հանք, դա ոստիկանն է ասել, ինքը կապ չունի: Ոստիկանությունում այդ ոստիկանի մասին ինձանից ոչինչ չէին հարցնում, տպավորություն էր, որ չէին էլ ուզում փնտրել նրան: Ինձ զարմացրեց ոստիկանների վերաբերմունքը. նրանցից մեկն ինձ հարցրեց, բա որ չեմ տեսնում, ո՞նց եմ երեխա ունեցել:
Ոստիկանությունում ինձ ասացին, որ գնամ տուն, և երբ զանգեն, անմիջապես ներկայանամ»:
Մի քանի օր անց Նաիրային զանգահարում են Կենտրոնի ոստիկանությունից և խնդրում ներկայանալ բաժանմունք ծանոթներից մեկի ուղեկցությամբ: Նաիրային թվում էր, թե ոստիկանները բացահայտել են դեպքի մանրամասները և պարզել, թե ով էր այդ աղջիկը, որ այդպես համառորեն ուզում էր «օգնած լինել» իրեն` աղի հանքի հոգեբուժարան տանելու փորձով: Սակայն ոստիկանությունում ընդամենը մեկ անգամ ևս լսում են Նաիրայի պատմությունը, գրի առնում ընթերակայի ներկայությամբ, և գործն այդքանով ավարտվում է, համենայն դեպս, այս պահի դրությամբ:
Նաիրային և իր դստերն «օգնել» ցանկացող աղջկա` Սոնայի հաշվով ոստիկանությունում ասել են, որ վերջինս անչափահաս է, և նրա դեմ գործ չեն կարող հարուցել:
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել