
Համայնքի զարգացման ծրագրում ընդգրկված խնդիրները լուծվում են ոչ թե ըստ կարեւորության, այլ՝ ֆինանսավորման հնարավորության
Միայն Գորիս քաղաքում գործում է տասից ավելի տաքսի ծառայություն, որոնցից եւ ոչ մեկի «չվացուցակում» Գորիսից 5-6 կմ հեռավորության վրա գտնվող Ակներ գյուղը, ըստ ակներցի Արաքսյա Հայրապետյանի, նշված չէ: «Ամեն անգամ խաբում ենք տաքսիստներին, թե Վերիշեն ենք գնում, տեղ ենք հասնում, մնացած ճանապարհը ոտքով կտրում, որովհետեւ անգամ բեռնատարները դժվարությամբ են երթեւեկում այդ փողոցով»,- ասում է նա:
«Բոլոր ընտրություններին խոստումներ են տալիս, թե ճանապարհը կբարեկարգվի, դուք մենակ թե ընտրեք, բայց հետո մոռանում են. Էդպես դեռ նախորդ գյուղապետի օրոքից մինչեւ հիմա` մի քանի համապետական ընտրություններ են անցկացվել, բայց արդյունք չկա»,- կնոջ դժգոհությանը միանում է նաեւ ամուսինը: Վերջինս, սակայն, ավելի լավատես է, ասում է, որ տեղական իշխանություններն այդքան հնարավորություն չունեն, որպեսզի ճանապարհը կարգի բերեն: Ստիպված տարին մեկ երկու անգամ հող են լցնում, խորդուբորդ վիճակը մի քիչ բարեկարգում են, բայց անձրեւներից կամ ձնհալից նախկին վիճակը վերականգնվում է:
Ակներ-Վերիշեն միջհամայնքային ճանապարհի բարեկարգման խնդիրն ընդգրկվել է համայնքի ոչ միայն 2009-2012 թթ. զարգացման, այլեւ նախորդ քառամյա ծրագրում: Ըստ համայնքային իշխանության ղեկավար Սպարտակ Մինասյանի, այն կտեղափոխվի նաեւ առաջիկայում ընդունվելիք ծրագիր: Համայնքապետի խոսքով պատճառն այն է, որ առհասարակ, համայնքի զարգացման ծրագրում ընդգրկված խնդիրները լուծվում են ոչ թե ըստ կարեւորության, այլ՝ ֆինանսավորման հնարավորության: «Նույն սկզբունքով 2009-12թթ. ծրագրում ընդգրկված խնդիրները լուծվել են 30%- ով: Ֆինանսական ներդրումների բացակայության պատճառով շատ հրատապ խնդիրներ, ինչպես օրինակ, համայնքի կոյուղու ցանցի կառուցումը, որի համար 20 մլն դրամ է անհրաժեշտ, ծրագրից-ծրագիր է տեղափոխվում»,- ասում է Ս. Մինասյանը:
Ակներում կարեւոր են համարում նաեւ հողօգտագործման խնդիրը. սեփականաշնորհված հողատարածքների մի մասը չի մշակվում, որովհետեւ դրանք հիմնականում հեռու են գյուղից: «Չնայած չենք մշակում, բայց հողի հարկը ժամանակին վճարում ենք, ոմանք վարձակալությամբ են տալիս, բայց արդյունքներից դժգոհ են. վարձակալողները որեւէ կերպ չեն փոխհատուցում` պատճառաբանելով, թե բերք չեն ստացել»,- ասում է Սամվել Հայրապետյանը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ Ակներում գուղմթերքների արտադրությունը խթանելուն ուղղված մի շարք խնդիրներ, որոնք տեղ էին գտել նաեւ ընթացիկ քառամյա ծրագրում, լուծվել են, ինչպես, օրինակ, Շվեյցարական զարգացման և համագործացության գրասենյակի ներդրումներով բարեկարգվել են արոտներ տանող ճանապարհները:
Նա կարեւոր է համարում նաեւ գյուղում մանկապարտեզի շենքի կառուցումը, ինչը, սակայն, ակների բնակիչ Գրետա Սահակյանի կարծիքով առաջնայիններից չէ: Գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները հաճախում են հարեւան Վերիշեն գյուղի մանկապարտեզ, եւ երկու համայնքային իշխանությունները հավասարապես հոգ են տանում երեխաների համար: Վերջինիս խոսքով՝ չնայած գյուղի կենտրոնական փողոցները մասնակի լուսավորվում են, այնուամենայնիվ, ծայրամասերում դեռեւս այդ ուղղությամբ անելիքներ կան:
Համայնքապետը, կարեւորելով միջազգային կազմակերպությունների դերը համայնքային խնդիրների լուծման գործում, նշում է, որ տեղական իշխանությունները հաճախ անտեղյակ են հայտարարված մրցույթներից, դոնորների մանդատներին իրազեկ չեն, որպեսզի կարողանան դրանց մասնակցելու հայտեր ներկայացնել: Մինչդեռ, ըստ համայնքի ղեկավարի, այդ դեպքում իրենք կարող են պահանջվող ներդրման մասնաբաժինն ապահովել: Նա նշում է, որ 21 մլն բյուջեով, որի կեսը համայնքային իշխանության աշխատակազմի աշխատավարձն է կազմում, հնարավոր չէ տեղական խնդիրներ լուծել, սակայն դրանք, ըստ նրա, ընթացիկ ծրագրերին է ուղղորդվում, որոնք իրենց հրատապությամբ առաջնայինը չեն: Նրա խոսքով՝ չորս տարվա համար կազմված ծրագիրն արդյունավետ չի կարող լինել եւ ինչ որ առումով խճճում է` «թե որ ծայրից սկսել»:
«Իմ կարծիքով, համայնքային խնդիրների լուծման համար շահեկան կլիներ, եթե զարգացման ծրագրում ընդգրկվեին մոտակա երկու տարվա համար առավել հրատապ խնդիրները»,- ասում է համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղար Լեւոն Սահակյանը: «Ինչ խոսք, համայնքի զարգացման ծրագիրն այցեքարտ է, մասնավորապես, ներդնողների համար, սակայն ինձ համար անհասկանալի է, որ ըստ ծրագրի, 2009 թ.-ին, օրինակ, գյուղի մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ 11 մլն դրամը երեք տարի անց, գնաճի պայմաններում բավարար կլինի խնդրի լուծման համար: Նույնը վերաբերում է մեր համայնքի համար մատնանշված 14 ծրագրերին»,- զրույցը շարունակում է Ս. Մինասյանը:
Համայնքային իշխանության ղեկավարի խոսքով համայնքի զարգացման իրատեսական ծրագրի համար անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել մշակված ձեւաչափում, այն աումով, որ 2009 թվականին համայնքում առկա բնակչության թիվը կամ այլ ցուցանիշեր փոփոխվում են, ուստի, հնարավոր է, որ այն համայնքի իրական պատկերը չներկայացնի: Ընթացիկ փոփոխությունների, կարճաժամկետ ծրագրեր մշակելու համար տեղական իշխանությունը բավարար մասնագիտական ներուժ չունի, որքան էլ, որ Ակները կառավարման առումով համարվում է մարզի լավագույն համայնքներից մեկը:
Համայնքի ավագանու դերը զարգացման ծրագիր մշակելու գործում Սպարտակ Մինասյանը կարեւորում է այնքանով, որ առաջարկներ են ներկայացնում ու հաստատում ծրագիրը: Փաստաթղթի իրականացման ընթացքը, ինչպես գրեթե բոլոր համայնքներում, ավագանուն առանձնապես չի պարտավորեցնում:
Մեկնաբանել