
Արտադրված է Հայաստանում
«Հետք»-ը սկսում է «Արտադրված է Հայաստանում» խորագրով հոդվածաշար, որի նպատակն է ներկայացնել արտահանմամբ զբաղվող հայկական ձեռնարկությունների աշխատանքը, նրանց խնդիրներն ու դժվարություններն արտաքին եւ ներքին շուկաներում:
Հայկական արտադրանքը միջազգային շուկայում հայտնի է 13 նիշանոց եզակի գծիկավոր կոդով, որը Հայաստանը ստացել է 1996 թվականին GS1 միջազգային կազմակերպության կողմից: (GS1 կազմակերպությունը մշակել է կոդավորման մի համակարգ, որը երաշխավորում է արտադրանքների եւ ծառայությունների եզակի եւ միանշանակ ճանաչում 106 երկրներում): Այլ կերպ ասած` սա մի ընդհանուր լեզու է, որով ներկրողներն ու արտահանողները կարող են որոշակի տեղեկատվություն ստանալ տվյալ երկրի արտադրանքի մասին: Գծիկավոր կոդի առաջին երեք նիշով ճանաչում են երկիրը, հաջորդ 6 նիշերը ձեռնարկության կոդն են, հաջորդ երեքը` ապրանքատեսակի կոդը, իսկ վերջին նիշը ստուգիչ թիվն է, որը հաշվարկվում է հատուկ ալգորիթմով` հիմնված նախորդ թվերի վրա: Հայաստանում արտադրված ապրանքների հիմնակոդն է` 485: Եթե որեւէ ապրանքի վրա կա այս կոդը, նշանակում է, որ այն արտադրվել է Հայաստանում: Գծիկավոր կոդ հայկական ձեռնարկությունները ստանում են GS1 միջազգային կազմակերպության հայաստանյան GS1 Armenia գրասենյակում (www.gs1am.org):
«Ես այսօր որեւէ հարցում չեմ զգում պետության աջակցությունը»
Հայաստանում արտադրվող «Նոյան» հյութերն այսօր արտահանվում են աշխարհի 25 երկրներ` Ֆրանսիա, Շվեդիա, Արաբական միացյալ էմիրություններ, Բելգիա, Ավստրալիա, բայց հիմնականում` Ռուսաստան, Ամերիկա եւ Ուկրաինա: «Նոյան» հյութերի արտադրամասը գործում է 1998-ից: Ամեն ինչ ներդրվել է զրոյից, եւ այսօր տարեկան արտադրվում է 3 մլն լիտր հյութ: Ամենաշատ աշխատանքը լինում է ամռան եւ աշնան ամիսներին: Այս օրերին արտադրամասում պատրաստվում է դեղձի հյութ: Շարքով սեղանի շուրջ նստած կանայք հեռացնում են բալի պոչերն ու կորիզները` բալի մուրաբա եփելու համար: «Արդեն երեք տարի աշխատում եմ այստեղ, հիմնականում սեզոնային ամիսներին: Օրական 2000 դրամ եմ ստանում, նաեւ հարմար է` մոտ եմ ապրում: Ամեն օր մոտ 6 հազար հատ մուրաբա կամ պահածո ենք պիտակավորում »,- ասում է արտադրամասի աշխատակցուհիներից Նարինեն:
Ներկայումս ընկերությունն ավելի շատ արտահանում է, քան ներկրում (խոսքն այն մրգերի հումքի ներկրման մասին է, որոնք Հայաստանում չեն աճում- Լ. Ն.): Հյութերի 50 տոկոսը սպառվում է ներքին շուկայում, 50 տոկոսը` դրսում: Արտադրամասում գործում է նաեւ մրգային եւ բանջարեղենային պահածոների հոսքագիծ, որի արտադրանքի 95 տոկոսը նույնպես արտահանվում է:
«Նոյան» հյութերի արտադրամասի գործադիր տնօրեն եւ ընտանեկան բիզնեսի հիմնադիր Վահե Ղազարյանն ասում է, որ դոլարի արժեզրկումը դրամի նկատմամբ կտրուկ թուլացնում է ընկերության զարգացման ներուժը: «Մենք ստիպված բարձրացրեցինք արտահանվող ապրանքների գները: Որպեսզի նկարագրեմ իրավիճակը, կարող եմ մի պատկերավոր օրինակ բերել: Անցած տարվա գներով մեր արտասահմանյան գործընկերները 10 արկղի պայմանագիր էին առաջարկում, այսօրվա գներով` 4: Իհարկե, այդ 4-ն ավելին է, քան անցած տարվա 3-ը, բայց տարբերությունն ակնհայտ է»:
Գործադիր տնօրենն ասում է, որ դրամի արժեւորումը միակ խնդիրը չէ. ընկերության բեռները հասնում են ամիսներ անց` Ամերիկա` 80 օրում, Մոսկվա` 40-50: Նույն ժամանակն է ծախսվում նաեւ ներկրման դեպքում: Ինքնաթիռով տեխափոխումը ապրանքից թանկ է:
2001 թվականից ընկերությունը ձեռք բերեց նոր հոսքագիծ, որով հյութերի համար հումք է խտացվում. այսինքն` մրգերը վերամշակվում, խտացվում եւ պահվում են այնպիսի պայմաններում, որ հնարավոր լինի օգտագործել ձմեռային ամիսներին, ինչպես նաեւ արտահանել: «Մեր արտադրամասում խտացրած մրգի միայն 20 տոկոսն ենք մեզ համար պահում, մնացած 80 տոկոսի շատ փոքրիկ մասը վաճառում ենք տեղի պաղպաղակ եւ կարամել արտադրողներին, իսկ մնացածն արտահանում ենք»,- ասում է Վահե Ղազարյանը: Շատերը չգիտեն, որ «Նոյան»-ում վերամշակված մրգային հումքը վաճառվում է նաեւ հայտնի «Sandora», «Jaffa» եւ այլ հյութեր արտադրող ռուսական եւ ուկրաինական ընկերություններին, որոնց հյութերը ներկրվում են Հայաստան: Այսօր տեղական շուկայում կա 40 տեսակ հյութ:
![]() |
![]() |
2003թ. «Նոյան» հյութն արդեն որոշակի ճանաչում ուներ Ամերիկայում եւ Ռուսաստանում: «Ամերիկայում «Նոյան» հյութերի սպառողները հիմնականում էթնիկ հայերն ու նախկին ԽՍՀՄ-ի ռուսներն են, ովքեր գիտեն Հայաստանը եւ հայկական մրգերը: Ռուսաստանում, շուկա գրավելու համար, խանութներում ամիսներով համտեսներ էինք կազմակերպում եւ հյուրասիրում հաճախորդներին: Հիմա Մոսկվայում ապրող յուրաքանչյուր 10-րդ բնակիչ գիտի, որ կա «Նոյան» հյութ, այն որակով է եւ թանկ»,- ասում է գործադիր տնօրենը: Նրա կարծիքով` հայկական արտադրողների համար շատ դժվար է ներկայանալ արտասահմանյան շուկաներում. դա շատ մեծ ծախսեր է պահանջում:
Հայ գործարարը նշում է, որ դժվար է մրցակցել ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին շուկայում: «Տեղական շուկայում չկան մրցակցության արդար պայմաններ. շատ գործարարներ ազնիվ բիզնես չեն վարում: Մաքսային եւ հարկային համակարգերում չգրված արտոնություններ ունեն: Մեզ համար դա ակնհայտ է: Մենք խոշոր հարկատուների խմբում 143-րդն ենք: Բայց այսօր կան հյութ ներկրողներ, որոնց շրջանառությունը երեք անգամ ավելի է, բայց նրանք չկան հարկայինի ցանկում»: 2003թ. «Նոյան»-ը զբաղեցնում էր հյութերի շուկայի 40 տոկոսը, այսօր` 10-12 տոկոսը: Գործարարի կարծիքով` Հայաստանում չկան կայուն բիզնես ունենալու նախադրյալներ: «Մեր աշխատանքը չի կարելի անվանել կայուն, ամեն ամիս մենք նոր ռազմավարական որոշումներ ենք կայացնում, նոր գնային քաղաքականություն մշակում: Վարկ ենք վերցնում ու չգիտենք` վաղը դոլարն ի՞նչ կարժենա, ինչպե՞ս աշխատենք,- ասում է գործադիր տնօրենը:-Ես այսօր չեմ զգում պետության աջակցությունը գործարարությանը որեւէ հարցում»:
![]() |
![]() |
Այսօր «Նոյան»-ը ունի 18 տեսակ հյութ, 16 տեսակ մուրաբա եւ 8 տեսակ բանջարեղենային պահածո: Պահածոների արտադրամասի պետ Ասյա Հայրապետյանը ընկերությունում աշխատում է առաջին օրվանից, նրա խնդիրն է վերահսկել աշխատանքը եւ պահածոների նոր համային տեսականի առաջարկել:
«Բանջարեղենային պահածո Հայաստանում ընդհանրապես չի վաճառվում, քանի որ արտադրամասը չի հասցնում ապահովել ուրիշ երկրների պատվերները: Մուրաբաներ Հայաստանում վաճառում ենք, ու մարդկանց շատ են դուր գալիս հատկապես ընկույզի, թզի, թթի, կեռասի, վարդի մուրաբաները»,- ասում է տկն Ասյան: «Բանջարեղենային պահածոների արտադրության ծավալները մեծացնելու համար նոր հոսքագիծ ենք բերում, որ կարողանանք նաեւ ներքին շուկայում պահածո առաջարկել, բայց հիմա հասցրել ենք Հայաստան, Մաքսային կոմիտեում ասում են` հոսքագիծ չէ, ուրիշ բան է: Ամեն օր նմանատիպ խնդիրների ենք բախվում»,- դժգոհում է գործարարը:
Այժմ արտադրամասում աշխատում է 300 մարդ , ոչ սեզոնային ամիսներին` 200: Աշխատողների միջին աշխատավարձը մոտ 150 հազար դրամ է: Անցած տարի ընկերությունը ձեռք բերեց 80 հեկտար այգիներ: «Երեք տարի հետո մեր մթերքի 70 տոկոսը մեր այգիներից է լինելու: Մենք եկանք այս որոշման, քանի որ ուզում ենք մրգի աճեցման ամբողջ գործընթացը մեր աչքի առաջ լինի: Մենք հավակնում ենք ունենալ էկոլոգիապես մաքուր արտադրանք, իսկ դրա համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես են աճեցվում միրգն ու բանջարեղենը: Առայժմ Հայաստանում այդքան էլ ուշադրություն չեն դարձնում այս հանգամանքին, բայց եվրոպական երկրներում էկոլոգիապես մաքուր արտադրանքը կրկնակի թանկ է: Հիմա մենք փաստաթղթեր ենք պատրաստում, որպեսզի դիմենք համապատասխան եվրոպական կառույցներ էկոլոգիապես մաքուր արտադրանք տվող ընկերության կարգավիճակ ստանալու համար: Դա մեծ առավելություն է»,- ասում է պրն Ղազարյանը:
Այժմ «Նոյան»-ի հյութերի, մուրաբաների եւ պահածոների հումքերը գնվում են գյուղացիներից: Դեղձը մթերվում է Արտաշատի, Արմավիրի, Արարատի մարզերի գյուղերից` 1 կգ.-ը 70 դրամով:
«Ես կարծում եմ, որ հայկական արտադրողն արտաքին շուկա դուրս գալու համար պետք է առաջարկի որակով եւ թանկ ապրանք: Ոչ մի հայկական արտադրող չի կարող բավարարել մեծ ծավալների պահանջարկ, պետք է աշխատել սահմանափակ խմբի սպառողների համար, բայց որակով եւ թանկ գնով: Իսկ Հայաստանում աշխատող գործարարը պետք է ձգտի ոչ թե շատ փողի, այլ շատ բան ստեղծելու, եթե ուզում է շարունակել ապրել եւ աշխատել այս երկրում»,- ասում է «Նոյան» հյութերի գործարանի գործադիր տնօրեն Վահե Ղազարյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել