
Արա Պապյան. «Այս խրոնիկ անկայուն իրավիճակը դեռ Սիրիայում կշարունակվի»
«Ցավոք սրտի, այս խրոնիկ անկայուն իրավիճակը դեռ Սիրիայում կշարունակվի: Բայց գոնե լավ է այնքանով, որ դա չի բերի մեծ հեղաշրջումների: Նաև ես չեմ կարծում, որ Թուրքիան կմիջամտի Սիրիա, որովհետև Թուրքիան այդ ռազմական կարողությունը պարզապես չունի՝ ջախջախելու Սիրիային»,- այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կանխատեսում արեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Իր կանխատեսումը բանախոսը հիմնավորեց նրանով, որ ապստամբները չեն կարողանում և չեն կարողանա տապալել իշխանությունը (Սիրիայի ներկայիս իշխանության տապալումը, Արա Պապյանի կարծիքով, չի էլ բխում Հայաստանի շահերից): Իսկ մյուս կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչախումբը չի կարողանում ամբողջովին հանգստացնել երկիրը, քանի որ ապստամբները ֆինանսական հսկայական օգնություն են ստանում Սաուդյան Արաբիայից, Քաթարից: Բացի դրանից՝ ի տարբերության Սիրիայի ղեկավարության, որի հիմնական մասը ալևի է, երկրի բնակչության մեծամասնությունը սուննի է, ինչն ընդդիմությանը տալիս է մշտապես մարդուժ ձեռք բերելու հնարավորություն:
Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստան է ներգաղթել մոտ 5 հազար սիրիահայ, մոտ այդքան սիրիահայ էլ ներգաղթել է այլ երկրներ: Արա Պապյանի խոսքով՝ սիրիահայ համայնքի մեծամասնությունը մնում է Սիրիայում և կմնա, քանի որ մարդկանց մեծ մասը չունի արտագաղթելու հնարավորություն հատկապես մի իրավիճակում, երբ չկա ունեցածքը վաճառելու հնարավորություն:
ԱՄՆ-ում որոշ իրավաբանական գրասենյակներ դիմեցին Պետքարտուղարությանը, որպեսզի սիրիահայերին տրվի ԱՄՆ ներգաղթելու հատուկ արտոնություն, բայց Պետքարտուղարությունը մերժեց: Մինչդեռ Կանադան, Արա Պապյանի խոսքով, Սիրիայում այս պատերազմական իրավիճակի ստեղծվելուց հետո հատուկ արտոնություններ տվեց, և Սիրիայի քրիստոնյաները, որոնք ավելի ենթակա են հալածանքի, սկսեցին ներգաղթել Կանադա:
«Ներգաղթը երկրի հզորացման աղբյուրներից մեկն է, իսկ մենք, ցավոք սրտի, էսօր արտագաղթ ունենք, որը, իմ կարծիքով, ամենամեծ վտանգն է մեզ համար: Արտագաղթը մեզ համար դեմոգրաֆիկ ավելի մեծ վտանգ է, քան Ղարաբաղի հնարավոր պատերազմը, որովհետև Ղարաբաղի պատերազմում կորցրել են 6 հազար հոգի (փառք ու պատիվ բոլոր զոհվածներին) այդ 4-5 տարվա պատերազմի ժամանակ: Բայց մենք այսօր յուրաքանչյուր տարի կորցնում ենք առնվազն դրա հնգապատիկն ու տասնապատիկը»,- ասաց Արա Պապյանը:
Նրա կարծիքով, հայերն ամեն տեղ, որքան էլ կայուն լինի իրավիճակը, տուժում են: Միակ ելքն այն է, որ Հայաստանը լինի ամբողջ աշխարհի, առաջին հերթին Միջին Արևելքի հայերի համար գրավիչ երկիր:
«Ցավոք սրտի, այսօր էդպես չի: Մարդու համար, որը արտագաղթում է, բնական է՝ ավելի լավ է, որ ինքը արտագաղթում է, քան, ասենք, զոհվում է: Բայց պետության համար տարբերություն չկա՝ իր քաղաքացին զոհվե՞ց, թե՞ արտագաղթեց: Պետության համար դա կորուստ է, և պետությունը դրանից թուլանում է»,- ասաց Արա Պապյանը:
Մեկնաբանել