
Չի բացառվում, որ փետրվարին սահմանադրական փոփոխություններ լինեն
Չի բացառվում, որ նախագահի ընտրության հետ մեկտեղ անցկացվի նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ մամուլը գրում է, որ սահմանադրական բարեփոխումներով ուժեղացվելու է փոխվարչապետի ինստիտուտը եւ լինելու է ոչ թե մեկ, այլ մի քանի փոխվարչապետ:
Ըստ ԱԺ նախագահին՝ սահմանադրության փոփոխությունների հարցը ՀՀԿ-ում քննարկվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել:
Անդրադառնալով առաջիկա նախագահի ընտրությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ԲՀԿ-ի հետ առայժմ պաշտոնական ձեւաչափով բանակցություններ չեն վարվում, բայց չբացառեց էլ, որ հնարավոր է՝ լինեն բանակցություններ: «Քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում,- ասաց ԱԺ նախագահը եւ հավելեց,- մենք որեւէ պաշտոնական քննարկում չենք ունեցել, ես հայտարարել եմ իմ անձնական ցանկությունը, որ առաջիկայում ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությանը»:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ի՞նքն է լինելու 2013թ. նախագահի ընտրությունում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը, կրկին ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ ասելով, որ ինքը բավականին մեծ փորձ ունի եւ կարող է շտաբի ղեկավար լինել, սակայն նման հարց դեռ չի քննարկվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել