
Շահերի նոր խաչմերուկ, կամ Մեծամորի աէկի մեծացող գործոնը
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իրենք պահանջում են անհապաղ փակել Մեծամորի ատոմակայանը, քանի որ դրա շահագործման յուրաքանչյուր օր վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: Դրանից առաջ Թուրքիայի ստրատեգիական վերլուծությունների Եվրասիական կենտրոնը կոչ էր արել երկրի կառավարությանը` նախաձեռնել բողոքի ակցիաներ հայկական ատոմակայանի շահագործման դեմ:
Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի դեմ այս նոր արշավն սկսվեց այն բանից հետո, երբ Երևանում հոկտեմբերի 18-ին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այն գրեթե ամբողջությամբ վերաբերում է Մեծամորի ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Ըստ էության` այս հուշագրով լուծվեց երկու խնդիր: Նախ` հաստատվեց, որ ատոմակայանը դեռևս պետք է շահագործվի մինչև 2023 թ., մինչ այդ Մեծամորում կկառուցվի միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխանող ատոմային նոր էներգաբլոկը: Ամերիկյան կողմը փաստաթուղթն ստորագրել էր` փաստացի նպաստելու ՀՀ կառավարության կայացրած այս որոշումը: Եվ երկրորդը, որը շատ ավելի էական է, Միացյալ Նահանգները դրանով փաստացի ստանձնում են հայկական կողմի հետ այդ ընթացքում ատոմակայանի անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Իսկ դա նշանակում է, որ չնայած ատոմակայանի ապամոնտաժումը ներկայացված էր որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման նախապայմաններից մեկը, այն առնվազն առաջիկա տարիների կտրվածքով հենց ԱՄՆ-ի ներգործությամբ դուրս է բերվում միջազգային օրակարգից:
Հենց սա էլ Անկարայում նման նյարդայնացման տեղիք է տվել: Թուրքերը շատ լավ հասկանում են, որ կորցնում են հայկական կողմի վրա ճնշում գործադրելու չափազանց գործուն մի լծակ, և որ ԱՄՆ-ն փաստացի փորձում է հայկական ատոմակայանը դարձնել տարածաշրջանում քաղաքական ազդեցություն նվաճելու և Թուրքիայի տարածաշրջանային գերտերություն դառնալու ամբիցիաները զսպելու գործիք:
Սակայն խնդիրը միայն Թուրքիան չէ: Հայտնի է, որ ատոմակայանն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ պահանջարկի ավելի քան 40 տոկոսը: 2003-2012 թթ. ատոմակայանի հավատարմագրային կառավարումը գույք պարտքի դիմաց գործարքի արդյունքում հանձնվել էր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: 2011-ին այս ընկերությունը հայտարարեց, թե տնտեսապես շահավետ չէ ատոմակայանի կառավարումն իրականացնելը առկա պայմաններով և դիմեց ՀՀ կառավարությանը` ժամկետից շուտ լուծարելու կնքված պայմանագիրը, ինչը և տեղի ունեցավ 2012-ի մարտին:
Ստանձնելով Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովումը` ԱՄՆ-ն, ըստ էության, շտապեց փոխարինել Ռուսաստանին, լրացնել նրա բաց թողած «տարածքը» և առաջին կարևոր քայլը կատարեց Հայաստանի համար ստրատեգիական նշանակության այս օբյեկտը ռուսներից ազատելու, իսկ ավելի լայն իմաստով` Հայաստանի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ռուսական գրեթե բացարձակ ազդեցությունը նկատելիորեն թուլացնելու ուղղությամբ: Դրա դիմաց է, փաստորեն, ԱՄՆ-ն համաձայնել աէկի շահագործումը ևս տասը տարով երկարաձգելու հայկական կողմի պնդմանը:
Ինչպես հայտնի է, ամերիկյան կողմը մեծ ցանկություն ունի նաև մասնակցելու ատոմային նոր էներգաբլոկի շինարարության աշխատանքներին: Դեռ 2010 թ. ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը, որը նաեւ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի համակարգողն էր, Երևանում հայտարարեց, թե ԱՄՆ-ը Հայաստանում աշխատել է գործող ատոմակայանի անվտանգության բարձրացման աշխատանքների շուրջ եւ ցանկանում է շարունակել համագործակցությունը։ Ռոզենբլյումը վստահեցրել էր, որ ամերիկյան ընկերությունները ցանկություն ունեն մասնակցելու ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար հայտարարվող մրցույթներին։
Հայաստանի կառավարության և ռուսական «Ռոսատոմ» ընկերության միջև ձեռքբերված համաձայնությամբ` նոր ատոմակայանի ամենակարևոր մասերից մեկը` միջուկային կղզյակը, կառուցելու է ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը: Այս տարվա փետրվարին «Ռոսատոմ»-ի նախագահ Սերգեյ Կիրիենկոն հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել մոտ 4,5 մլրդ դոլար արժողությամբ ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը 20 տոկոսի չափով մասնակցություն ունենալու, այսինքն՝ այդ չափով ներդրումներ կատարելու հնարավորությունը` ելնելով այն սկզբունքից, որ կայանի արժեթղթերի վերահսկիչ փաթեթը 50+1 չափով պատկանի Հայաստանին: Մինչդեռ ՀՀ կառավարությունը նման ռեսուրսներ չունի և արդեն վաղուց միջոցներ է ձեռնարկում այս նախագծում օտարերկրյա, հիմնականում արևմտյան ներդրողների ներգրավվելու ուղղությամբ: ԱՄՆ-ն այս հուշագրով հող է նախապատրաստում ամերիկյան ներդրումների ներգրավման համար, դրանով իսկ հիանալի հնարավորություն ստանում այս ճանապարհով ձեռք բերելու նաև նոր աէկի բաժնեմասերից. դա հնարավորություն կտա երկարաժամկետ կտրվածքով հավասարակշռել ռուսական ազդեցությունը հայաստանյան էներգետիկ շուկայում: Իսկ սա Վաշինգտոնի համար ոչ թե տնտեսական, այլ միանշանակ քաղաքական նշանակության հարց է: Այս ճանապարհով նպաստելով Հայաստանի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացմանը՝ այն նպաստում է երկրի անկախության մակարդակի բարձրացմանը, ինչը հակադարձ համեմատական է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը: Որքան էլ տարօրինակ է, մեր էներգետիկ շուկայում ներգրավված ռուսական ընկերություններն իրենք են նպաստում դրան: Այսինքն՝ սա Վաշինգտոնի ձեռքին լուրջ հենման կետ է դառնում ոչ միայն թուրքական, այլ նաև ռուսաստան վեկտորներով քաղաքականության համատեքստում:
Սակայն ԱՄՆ-ի այս ակտիվացած հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ ամենաշատը անհանգստացնում է մեկ այլ կողմի` Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը ևս լուրջ տնտեսական ու քաղաքական շահեր ունի այս համակարգում: Պատահական չէ, որ հայ-ամերիկյան վերոնշյալ հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով տնտեսական և էներգետիկ ոլոտում հայ-իրանական համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն, կարևորելով, որ Իրանի և Հայաստանի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ամեն դեպքում նշել էր. «Համատեղ իրականացվող նախագծերի հարցում մենք, իհարկե, առաջընթաց գրանցել ենք: Բայց պետք է նշեմ, որ կան նաև խոչընդոտներ, որոնց պատճառով այդ ծրագրերի ընթացքը որոշակիորեն դանդաղել է: Բոլոր ձեռքբերումներով հանդերձ, արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է ամեն ինչ արվի խոչընդոտները հաղթահարելու և առաջ ընթանալու համար»: Նախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, բայց պնդել է, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի ձեռքբերված տնտեսական բոլոր ծրագրերի իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացման աշխատանքներով: Այլ կերպ ասած` Իրանը շտապում է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Հայաստանի տնտեսությունում:
Ավելի ուշ Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Մահմուդ Ահմադինեժադի միջև կայանում է հեռախոսազրույց: Ըստ պաշտոնական տեղեկատվության` նախագահները քննարկել են հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի` հոկտեմբերին Երևանում կայացած վերոնշյալ նիստի արդյունքները, և վճռականություն հանդես բերել խորացնելու համագործակությունը տնտեսական և հումանիտար ոլորտներում: Այս փաստն ինքնին խոսում է այն մասին, թե որքան անհանգստացած է իրանական կողմը Հայաստանի շուրջ ընթացող պրոցեսներից:
Ակնհայտ է, որ հայ-իրանական տնտեսական ու էներգետիկ հարաբերությունների վրա ազդող երկու հնարավոր գործոն կարող է լինել: Մեկը հայ-իրանական գազամուղի ոչ լիարժեք շահագործումն է, ինչը մեծապես կապված է ռուսական թանկացող գազից բացառապես քաղաքական նկատառումներով չհրաժարվելու Հայաստանի կառավարության դիրքորոշումից, ինչպես նաև Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը շահագործման հանձնելն ուշացնելու հետ. ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պետք է սնվեր իրանական գազով: Այս պահի դրությամբ գազամուղը գործում է իր թողունակության չնչին մասով միայն, որի դիմաց Հայաստանն Իրանին վճարում է արտադրված էլէներգիայի տեսքով: Շուտով շահագործման կհանձնվի հայ-իրանական համատեղ ներդրումներով կառուցված Մեղրիի հէկը, որը երկու երկրների կողմից իրականացված էներգետիկ ամենախոշոր նախագիծն էր գազամուղի կառուցումից ի վեր:
Երկրորդ գործոնը ԱՄՆ-ի կողմից ակնդետ ուշադրությունն է հայկական բանկերի նկատմամբ` իրանական ծագմամբ ֆինանսական միջոցների շրջանառությունը կանխելու կամ սահմանափակելու նպատակով: Այս տարվա օգոստոսին բրիտանական «Ռոյթերս» գործակալությունը նյութ հրապարակեց այն մասին, որ Իրանը փորձում է հայաստանյան բանկերն օգտագործել` իր միջուկային ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների շրջանառությունն ապահովելու և կիրառվող միջազգային էմբարգոն շրջանցելու համար: Ու չնայած հայկական կողմի դիմադրությանը` այս փորձերը համառորեն շարունակվում են, ինչի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այս տարի կատարած հարավկովկասյան տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում հստակ ուղերձներ է հղել Հայաստանի նախագահին: Այն ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի մակարդակով հերքվեցին հայկական բանկերի ներգրավվածության մասին լուրերը: Սակայն նստվածքը, ինչպես ասում են, մնաց: Ակնհայտ է` որքան ԱՄՆ-ն մոտ գտնվի Հայաստանում իրանական կապիտալին և հետաքրքրություններին, այնքան Թեհրանի անհանգստությունն ավելի մեծ է լինելու: Եվ բնական է, որ Ահմադինեժադը կարող էր նաև Սերժ Սարգսյանից իր շահերի պաշտպանությանն ուղղված երաշխիքներ սպասել:
Մի կողմից ակնհայտ է, որ այս գործընթացները ենթադրում են Հայաստանի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման ավելի մեծ հեռանկարներ: Սակայն մյուս կողմից Հայաստանը կարծես թե վերածվում է գերտերությունների շահերի խաչման և բախումների թատերաբեմի, որում Երևանին կարծես առայժմ հաջողվում է մանևրել: Սակայն այս միտումները վտանգավոր են այնքանով, որ տեղի են ունենում մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող գլոբալ և ոչ այնքան կանխատեսելի սցենարով զարգացող գործընթացերի ֆոնին, ինչը մեծացնում է սայթաքելու, սխալվելու հնարավորությունը և աստիճանաբար փոքրացնում մանևրի հնարավորությունները Երևանի համար: Արդյո՞ք պատրաստ է Հայաստանն այս մարտահրավերին...
Մեկնաբանել