
Պտույտ Ստամբուլում-2
Հայրենիքը չի կանչում` նույնիսկ կյանքի վերջին տարիներին
Գյումրեցի Անոյին (Անահիտին) Ստամբուլի Կումկափի թաղամասում ճանաչում են որպես հին ու լավագույն առեւտրականներից մեկի: Դեռ 15 տարի առաջ, երբ տիկին Անահիտը վաճառեց Երեւանում գտնվող իր տունը ու մեկնեց Ստամբուլ, հավատում էր հարստանալու, լավ կյանք ունենալու մտքին: Հիմա նա 70 տարեկան է, միայնակ ու հոգնած:
Արտերկրում լավ կյանքի փնտրտուքների արդյունքում Անահիտի ընտանիքը ցիրուցան է եղել: Արդեն երկար տարիներ է` չի տեսել Ռուսաստանում գտնվող երեխաներին. «Մենակ «սկայպով» ենք խոսում, կարոտս առնում եմ, ի՞նչ անեմ: Էլ էս հասակիս վեր կենամ ո՞ւր գնամ: Չէ, մենակ չեմ զգում ինձ, բոլորն ինձ ճանաչում են, տալ-առնել ունեմ»,- ասում է Անահիտը:
Անոն Ստամբուլի նորեկ հայերին միշտ ապաստան է տվել, օգնել է` տեղավորվեն, աշխատանք գտնեն, բայց արդյունքում միշտ էլ դժգոհ է մնացել հայերի հետ գործ բռնելուց: «Եկան ստեղ, էնքան խաբեցին, ապրանքը տարան, փողերը չբերեցին, դրա համար էլ սրանք լարվեցին մեր դեմ: Երեք տուն եմ ունեցել, հիմա ոչինչ չունեմ «լավ» հայերի պատճառով: Գալիս են, թուրքերի տներում են աշխատում, ինձ են խաբում, քեզ են խաբում, նրան են գցում ու գնում են: Մոտ 28 հազար դոլարի միայն ինձ են խաբել»,- բողոքում է Անահիտը:
Տիկին Անահիտի ապրուստի միակ միջոցն այժմ փոքրիկ սեղանիկն է` վրան շարված ռուսական սննդամթերքով: Օրական վաճառում է այնքան, որքան անհրաժեշտ է ապրելու եւ կենցաղային ծախսերը հոգալու համար: Անահիտը միշտ ձեռքի մեջ է պահում հեռախոսը, որի վրա էլ զանգեր է ստանում Հայաստանից: «Ընկերուհիներս են զանգում, ասում են՝ Ան, գալիս ենք էդտեղ` աշխատենք: Որ ասում եմ` մի եկեք, գիտեն, թե ստեղ էնքան լավ ա, որ ուզում եմ` մենակ ես հարստանամ: Չեն հավատում, որ մեղր թափած չի… Ի՞նչ անեմ, թող գան»,- հուսահատված ասում է Անահիտը:
Չնայած տարիներ շարունակ խաբված լինելուն` գյումրեցի Անոն շարունակում է ընդունել ու ճանապարհել նորեկ հայերին: Հիմա նա ապրում է Հայաստանից ժամանած երկու կնոջ հետ, ովքեր նոր-նոր են ընկնում աշխատանքային կարոտախտի գիրկը: «Բա ի՞նչ անեմ, իմ հային հո չե՞մ թողնի դրսում մնա: Ասում եմ` եկեք, ինձ մոտ մնացեք, մինչեւ կտեղավորվեք: Շատ են գալիս, էրեխեքի հետ, էստեղ էլ են էրեխեք ունենում…»,- պատմում է տիկին Անահիտը:
Մեր խոսակցության ընթացքում անցորդների մեծ մասը հայերենով բարեւում էր Անահիտին, հարցնում որպիսությունն ու գնում: Թուրքիայում ապրած տարիների ընթացքում գյումրեցի կինը հասցրել էր բազմաթիվ թուրք, քուրդ եւ հայ ընկերներ, ծանոթներ ու բարեկամներ ձեռք բերել: «Թուրքերին էլ հայերեն ենք սովորացրել: Բոլորն ինձ ճանաչում են, կյանքս էստեղ է դասավորվել արդեն: Չնայած` ճանաչելով հանդերձ, մի անգամ փորձել են տնիցս գողություն անել: Հայեր էին, գիշերով մտան տունս. մեկը` դռնից, մյուսը` լուսամուտից: Ես էլ արթնացա, գրտնակը բարձիս տակ եմ պահում, փախան: Հետո իմացա, որ դրանց ուրիշ գործով բռնել են»,- ասում է Անահիտը:
Անահիտը Հայաստան վերադառնալ չի ուզում, չի պատկերացնում, թե ինչպես պիտի ապրի այնտեղ. «Որ գնամ Հայաստան, ինձ ոչ ոք չի թողնի դրսում էսպես սեղանիկ դնեմ, նստեմ: Կգան էլ հարկ կուզեն, էլ տեղի փող կուզեն, մինչեւ կհանեն քեզ տեղիցդ: Էստեղ ինձ բան ասող չկա, ինձ համար ապրանք եմ ծախում: Եթե Հայաստան գամ, էսպես դրսում չնստեմ, իմ օրվա հացի փողը չաշխատեմ, կմեռնեմ: Ուզո՞ւմ ես՝ գամ Հայաստան, մեռնեմ»,- ասում է Անահիտը:
Հ.Գ. Անահիտի եւ Ստամբուլում աշխատող այլ հայերի մասին «Հետքը» 2012-ի ամռանը ֆիլմ է նկարահանել, որը ընթերցողներին կներկայացնենք «Պտույտ Ստամբուլում» պատմությունների շարքի ավարտից հետո:
Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել