
Սփյուռքահայ ներդրողը դատի կտա Հայաստանի Հանրապետությանը
Սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ուղղված դիմումում նշել էր, որ պատրաստվում է դատի տալ Հայաստանի Հանրապետությանը:
Էդմոնդ Խուդյանը, ով խոշոր ներդրումներ է իրականացրել Հայաստանում, նշում է, որ մեծ ցավով է դիմում այդ քայլին, բայց ստիպված է, քանի որ ՀՀ օրենքներով իր նախկին հայաստանցի «գործընկերներին» պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ. վերջիններս վայելում են հովանավորչություն Հայաստանի իշխանությունների կողմից:
Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիս-քննարկման ժամանակ նշեց, որ իրենց նախարարությունը նման դեպքերում միայն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում և լիազորություն չունի դատարաններում սփյուռքահայերի իրավունքները պաշտպանելու, քանի որ, ըստ ՀՀ սահմանադրության, դատարանները անկախ են գործադիր իշխանությունից:
![]() |
Ձախից` Դավիթ Կարապետյան, Լեռնիկ Հովհաննիսյան, Նիկոլայ Բաղդասարյան |
Փաստաբանների դպրոց-հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը, ով ներկայացնում է Խուդյանի շահերը, այդ հայտարարությանը պատասխանեց հռետորական հարցով. «Պետությունը 1 մլն 336 հազար դրամ հատկացնում է ՀՀ փաստաբանների պալատին անվճար իրավաբանական խորհրդատվություն կազմակերպելու համար, և այդ թիվը կրկնապատկվել է, որպեսզի սփյուռքահայերին ևս տրամադրվի այդ ծառայությունը, այդ դեպքում ինչո՞ւ է այդ աշխատանքը կատարում Սփյուռքի նախարարությունը, երբ նույնը կատարում են պրոֆեսիանալ փաստաբանները»:
Էդմոնդ Խուդյանը, ով համացանցային վիդեոկապի միջոցով մասնակցում էր ասուլիսին, հայտարարեց, որ այս գործին կապված որևէ աջակցություն չի ստացել սփյուռքի նախարարությունից, իսկ ինչ վերաբերում է ՀՀ դատախազությանը, ապա այն կատարում է հանցագործություն` քողարկելով հանցագործությունը:
Այս գործով նախաքննությունը շարունակվում է արդեն մեկուկես տարի:
Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս գործով զբաղվող քննչական խումբն անգործության է մատնված, վերջին մեկ տարվա ընթացքում կատարված քննչական որևէ գործողության մասին ոչ մի տեղեկություն չկա. «Անձինք, որոնց պետք է մեղադրանք առաջադրել, բացահայտ են, պետք չէ նրանց փնտրել. ընկերության ղեկավար Էդուարդ Եսայանը ով Խուդյանի ստորագրությունն է կեղծել և հարկեր չի վճարել (շուրջ 139 միլիոն դրամ), շինարար Վլադ Մանգասարյանն ով տարածքների վաճառքից միլիոնավոր դոլարներ է յուրացրել, քրեական գործով հրավիրվում են «հյուրի» կարգավիճակում, նրանց դեմ մեղադրանք չի առաջադրվում, հսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանն (փաստաբանի անվանակից) առանց հիմնավորման երկու ամիսը մեկ քննիչի միջնորդությամբ հետաձգում է քննության ժամկետը»:
Փաստաբանը եկավ այն եզրահանգման, որ ՀՀ դատախազության կողմից հրահանգ կա գործի քննությունը չիրականացնել:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել