
«Տաշիր -2011». Երգիչները բնակարաններ ստացան
Մոսկվայի Կրեմլի պետական պալատում ավարտվեց «Տաշիր-2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Հայկական շոու-բիզնեսում նշանակալի ավանդի և հայկական երաժշտությունն աշխարհում ներկայացնելու համար մրցանակներ ստացան Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Ջիվան Գասպարյանը, Լուսինան, Արման Հովհաննիսյանը, Էմմին:
Նունե Եսայանը մրցանակ ստացավ ժողովրդական երգը հանրահայտ դարձնելու համար: Ջիվան Գասպարյանին մրցանակ շնորհվեց հայկական երաժշտությունն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում իր ներդրման համար: «Լավագույն գործիքային ստեղծագործություն» անվանակարգում մրցանակ ստացավ Կամո Սեյրանյանը:
Տարվա «Լավագույն դուետ» անվանակարգում մրցանակ ստացան Արման Հովհաննիսյանն ու Լուսիան: Հայկական երաժշտությունը Եվրոպայում հայտնի դարձնելու համար մրցանակ ստացավ Սիրուշոն: Թաթա Սիմոնյանը պարգևատրվեց վերջին 10 տարվա գործունեության ընթացքում ամենաշատ համերգներ տալու, ամենավաճառվող ձայներիզներ թողարկելու համար:
Վերոնշյալ երգիչների մրցանակները զուգակցվեց նվերով` բնակարանի սերտիֆիկատ Երևան քաղաքում:
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակարանի սերտիֆիկատ հանձնեց «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանին:
«Տարվա առաջընթաց» անվանակարգում երեք մրցակիցներ էին ընդգրկված` Մարտին Մկրտչյանը, Սոնյան և Սյուզի Մելիքյանը: Հեռուստադիտողների sms քվերակությամբ, որը տեղի ունեցավ մրցանակաբաշխության ընթացքում, ընտրվեց Մարտին Մկրտչյանը, ում հանձնվեց ՌԴ հայտնի ընկերություններից մեկի կողմից մեկ տեսահոլովակ նկարահանելու սերտիֆիկատ:
«Լավագույն երգչուհի» ճանաչվեց Էմմին, իսկ «Լավագույն երգիչ»` Ռազմիկ Ամյանը: «Տաշիր» խմբի ընկերությունների կողմից նրանցից յուրաքանչյուրին ավտոմեքենա հանձնվեց:
Այս տարի «Հայաստանի ընկերներ» ճանաչվեցին ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լիտվինովը և ռեժիսոր Նիկիտա Միխալկովը:
«Տաշիր» խմբի ընկերության կողմից հիմնադրած այս մրցանակաբաշխությունն արդեն 6-րդ տարին է, ինչ անցկացվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում: Այս տարի այն ուղիղ եթերով հեռարձակվեց ոչ թե Հանրային հեռուստաալիքով, ինպես նախորդ տարիներին, այլ «Արմենիա TV»-ով:
Մրցանակաբաշխությունը վարում էին Մարկ Սաղաթելյանն ու Վերա Բրեժնևան, Նիկոլայ Բասկովն ու Օքսանա Ֆեոդորովան, Քսենյա Սոբչակն ու Գարիկ Մարտիրոսյանը: Գարիկ Մարտիրոսյանի` Սարգսյան-Մեդվեդև զույգի հեռախոսազրույցի մասին հումորային ելույթի ժամանակ եթերն ընդհանտվեց, միացավ կարճ գովազդ մինչև նրա ելույթն ավարտվեց: Ավելի ուշ Գարիկ Մարտիրոսյանը, պատճառաբանելով, որ եթերի ժամանակ տեխնիկական խնդիր է առաջացել, հայտարարեց, որ ինքը կկրկնի պատմությունը սկզբից, այն է, թե ինչպես են նախագահ Մեդվեդևի հետ զանգահարել Սերժ Ազատիչին, որպեսզի հարցնեն, թե ում հետ Գարիկ Մարտիրոսյանը վարի մրցանակաբաշխությունը: Եվ Սերժ Սարգսյանն ասել է, որ Գարիկ Մարտիրոսյանը լավ կլինի այն վարի Սոբչակի հետ:
Ի դեպ, վերջին տասնամյակի «Լավագույն շոումեն» ճանաչվեց հենց Գարիկ Մարտիրոսյանը: «Տաշիրի» ղեկավար Սամվել Կարապետյանը նրան բնակարան նվիրեց Մոսկվայում, իսկ Քսենյա Սոբչակին` Երևանում:
Մրցանակաբաշխության պատվավոր հյուրերն էին Լարա Ֆաբիանը, Տոտո Կուտոնիոն, Gipsygitanes-ը և այլք:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել