
Դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ ինչու՞ են «բարեհաճ»
2008 թվականից առ այսօր Արայիկ Մելքումյանն աշխատում է Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Մամուլում նրա մասին բազմաթիվ բացասական հրապարակումներ են եղել, սակայն դատավարոը մնացել է «անսասան»:
Դատական համակարգում Արայիկ Մելքումյանը «հարուստ» դատավորի համբավ ունի: Ուսումնասիրելով դատավորի 2011 թ.-ի գույքի ու եկամուտների հայտարարագիրը` պարզվեց, որ նա բավականաչափ գումար ունի:
2011 թվականի սկզբին Արայիկ Մելքումյանի հաշվին եղել է 80 մլն դրամ եւ 120 հազար դոլար: Տարվա ընթացքում Ա. Մելքումյանը թեեւ ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք կամ հրապարակման ենթակա որեւէ գործարք չի կատարել, սակայն տարեվերջին նրա գումարները պակասել են համապատասխանաբար` 25 միլիոն դրամ եւ 30 հազար դոլար:
Թե դատավորին այդքան գումար որտեղից, եւ մի քանի ամիսների ընթացքում ինչի վրա է ծախսել միլիոնների հասնող գումարները, պարզ չէ: Սա այն դեպքում, երբ Արայիկ Մելքումյանի տարվա աշխատավարձը կազմել է 4 մլն 543 հազար 980 դրամ:
Նշենք, որ Արայիկ Մելքումյանն աչքի է ընկել լրատվամիջոցների դեմ կայացրած վճիռներով` վիրավորանքի եւ զրպարտության հայցերով: Օրինակ, 2009 թ.-ի հունիսի 5-ին` Մելքումյանը հօգուտ Քոչարյանների ընտանիքի վճիռ էր կայացրել, որով «Հայկական ժամանակը» նրանց պետք է վճարեր 3 միլիոն 620 հազար դրամ։ Բացի այդ` «ՀԺ»-ն պետք է վճարեր նաեւ 72 հազար դրամի պետական տուրք։
2011 թ. հունիսի 6-ին «Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի» գործով թերթը Քոչարյանների ընտանիքին 3 մլն դրամ պետք է վճարեր նրանց վիրավորելու, զրպարտելու, պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկություններ հրապարակելու պատճառով:
Դատավոր Արայիկ Մելքումյանն «աչքի է ընկել» այլ գործերով եւս: «Հետքն» անդրադարձել էր Հասմիկ Չուխաջյանի ու նրա հարսի՝ Վերոնիկա Ալեքսանյանի դատական վեճին, որը հանգուցալուծվել էր սկեսրոջ օգտին:
Դատավոր Արայիկ Մելքումյանի դատավճռում տեղ էին գտել բազմաթիվ դրվագներ, որոնք զարմանք են հարուցել, սակայն երիտասարդ դատավորը շարունակում է վայելել վերեւների հովանավորչությունը: Օրինակ՝ խնամքի կարիք ունեցող երեխային պահող, չաշխատող այրուն պետտուրքից (ավելի քան 6000 դոլար) չազատելը, դատարանում կարեւոր վկաների չլսելը, գործի լսումը չկասեցնելը մի պարագայում, երբ նույն խնդրով հայց է լսվում վարչական դատարանում, մի շարք փաստացի ապացույցների ուշադրություն չդարձնելը եւ այլ դրվագները նույնիսկ արդարադատության խորհրդին չեն սթափեցրել գնահատելու դատավորի գործողությունները:
Իսկ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի դատական գործը ավելի քան 9 ամիս գտնվել է դատավոր Արայիկ Մելքումյանի վարույթում: Դատավորը 11 անգամ դատական նիստ է նշանակել, սակայն այն անհարկի ձգձգվել է, եւ նույնիսկ դատաքննության չի նախապատրաստել:
Թե Արայիկ Մելքումյանի նկատմամբ վերին օղակներն ինչու են այդքան բարեհաճ` առայժմ անհայտ է:
Հ.Գ. «Հետքի» տեղեկություններով՝ Արայիկ Մելքումյանը նախկին դատավոր Էդիկ Մուրադյանի աներորդին է, ինչը, ըստ էության, պակաս կարեւոր դեր չի խաղացել դատական համակարգում ամրապնդվելու համար:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել