
Ռիչարդ Կիրակոսյան. «Ղարաբաղի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունն ուժեղանում են»
«Ղարաբաղը դիվանագիտորեն ավելի ուժեղ դիրքերում է ոչ Ավստրալիայի որոշման արդյունքում և ոչ ԱՄՆ նահանգների որոշումների արդյունքում, այլ հակառակը. այդ որոշումներն ընդունվում են, քանի որ Ղարաբաղի դիվանագիտությունն ուժեղանում է»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի ճանաչումը:
Քաղաքագետը չի ուզում ոգևորվել՝ առանց հստակ պատճառի, և կարծում է, որ այդ ճանաչումը կարևոր է հեռանկարի առումով: Բայց ավելի կարևոր է համարում այն, որ վերջերս Եվրոպայում հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանի անդամի, ով պատրաստվում է այցելել Ստեփանակերտ:
Ռիչարդ Կիրակոսյանը լավ նշան է համարում Արցախում արտգործնախարարարի նշանակումը (այդ պաշտոնում նշանակվել է Կարեն Միրզոյանը, ով եղել է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը, ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետը):
«Ղարաբաղի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունն ուժեղանում են: Ղարաբաղի ուժը պայմանավորող մեկ այլ կարևոր տարր են Ադրբեջանի սխալները»,- ասաց բանախոսը:
Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի՝ Ադրբեջան արտահանձնումից ու պատիվների արժանանալուց հետո առաջին անգամ՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Փարիզում: Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, հանդիպման «ամենահետաքրքիր բանն» այն է, որ արտգործնախարարներն առհասարակ հանդիպեցին: Այս հանդիպումից որևէ բան պետք չէր սպասել՝ բացի նրանից, որ ավելի ակնհայտ կերևար, որ Ադրբեջանը մեղավոր է և անընդունելի պահվածք է դրսևորում Սաֆարովի գործում:
«Հանդիպման կարևորությունն այն չէր, թե ինչ ասացին Նալբանդյանը կամ Մամեդյարովը: Ավելի կարևոր էր այն, որ սա փորձություն էր Մինսկի խմբի և միջազգային հանրության համար, երբ Ադրբեջանը պետք է վճարի նրա համար, որ պատերազմով է սպառնում և նման տխրահռչակ ու անընդունելի վարքագիծ դրսևորում Սաֆարովի հարցում»,- ասաց բանախոսը:
Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Հայաստանը խելացի քայլ կատարեց՝ դուրս չգալով բանակցային գործընթացից և ցույց տալով, որ խնդիրը միշտ էլ եղել է միայն Ադրբեջանը, և ոչ թե հայկական կողմը:
Անդրադառնալով թե ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Արցախի խնդրի վրա՝ Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ դժբախտաբար, և հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին, և դեմոկրատ թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբաման կարևորում են Ադրբեջանի նավթի գործոնը: Բայց տարբերությունն այն է, որ հանրապետականներն ավելի են հակված ներգրավվելու էներգետիկայի բիզնեսում և ավելի սերտ կապեր ունեն Ադրբեջանի ղեկավարության հետ: Ռոմնին կարող է ավելի գայթակղվել Ադրբեջանի նավթով:
«Մյուս կարևոր տարբերությունն այն է, որ Ռոմնին փորձ չունի ազգային անվտանգության ոլորտում, ինչը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի առումով հանրապետական ցանկացած նախագահ (իսկ եթե Ռոմնին է, նույնիսկ ավելի) վատ կհասկանա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Չեմ ասում, թե Օբաման այնքա՜ն պաշտպանում է Ղարաբաղը: Այլ Օբամայի վերընտրվելն ավելի լավ կլինի այն առումով, որ Ռոմնին ավելի վտանգավոր է, քանի որ չի հասկանում Ղարաբաղի խնդիրը և անտարբեր է դրա նկատմամբ»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա կարծիքով՝ Միթ Ռոմնիի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն կսկսի առճակատել Ռուսաստանի հետ, ինչը լավ չէ Հայաստանի և ԱՄՆ-ի համար: Ռոմնին շատ ավելի ագրեսիվ է նաև Իրանի նկատմամբ ու սպառնում է ռազմական գործողության դիմել: Մինչդեռ Օբաման արդեն ասել է, որ վերընտրվելու դեպքում կվերսկսի Իրանի հետ երկխոսությունը:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ Սիրիայի պատերազմի հարցում ևս Միթ Ռոմնին շատ ագրեսիվ է և կոչ է անում, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվի Սիրիայի հարցում: «Դա խոսում է նրա չիմացության, ոչ թե գիտելիքի մասին, քանի որ Ռոմնին չի առաջարկում որևէ հստակ այլընտրանք: Եվ, անկեղծ ասած, դա կարող է վտանգավոր լինել, քանի որ կարող է հանգեցնել թուրքական զինուժի ավելի ուղղակի դերին Ռոմնիի օրոք»,- ասաց քաղաքագետը:
Միաժամանակ Ռիչարդ Կիրակոսյանը հայտնեց, թե որպես ԱՄՆ քաղաքացի և ընտրող՝ ինքը դեմոկրատ է և նախագահական ընտրություններում սատարում է Օբամային:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին, ապա դրանք, քաղաքագետի կարծիքով, կմնան սերտ՝ անկախ նրանից՝ նախագահ կընտրվի Օբաման, թե Ռոմնին: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները կայուն են և անփոփոխ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել