
Երեխան աննկարագրելի ողբերգություն է ապրում, իսկ ոմանք քննարկում են նրա մտավոր ունակությունները
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ համապետական մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ օրեր առաջ Գորիսի ոստիկանություն էր դիմել Վ. Գ.-ն՝ տեղեկացնելով, որ իբրև ամուսինը՝ «45-ամյա Վ. Տիգրանյանը, սեռական հարաբերություն է ունեցել դստեր հետ»:
Այն, ինչ նշվում կամ չի նշվում հրապարակումներում, հնարավոր է, որ կամ նախաքննական գաղտնիք է, կամ նախաքննության շահերն են թելադրում փակագծեր չբացել, թեպետ գրեթե ոչինչ այլևս գաղտնիք չէ, ինչպես և երեխայի անունը. երեխայի, որը 14 տարեկան է դարձել 2010 թ. սեպտեմբերին, երբ նաև քննիչին տված բացատրություններում նշվել է, որ առաջին բռնությունն իրականացվել է սեպտեմբեր ամսին, երբ աղջնակը դեռ 13 տարեկան էր: Սակայն այս ամենն ապացուցելը թերևս հենց իրավապահների խնդիրը կամ պարտքն է:
Այն, որ երեխան աննկարագրելի ողբերգություն է ապրում, հարկ չկա նորից նշել, բայց ինձ հիմա զայրացնելու չափ մտահոգում են մամուլում, քննչական նյութերում, անգամ Գորիսում տարածվող այն տեղեկությունները, թե աղջիկը մտավոր հետամնացություն ունի, որ «անցած տարվա դեկտեմբերի 23-ից հաշվառված է Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում' մտավոր հետամնացություն՝ վարքի խանգարում ախտորոշմամբ»:
Ես չգիտեմ, թե ով կամ երբ, ինչ հիմքերով է այդ ախտորոշումը կատարել, բայց Ա.-ի պատմությունը հենց այդ ժամանակից չի սկսվում: Որպես մարդ, ով աղջնակին ճանաչում է վաղուց' ինձ ևս մեղավոր եմ զգում նրա այսօրվա վիճակի համար, որովհետև ես մեկն եմ նրանցից, ովքեր կարող էին կանխել կատարվածը կամ ավելի շուտ մտահոգվել նրա վիճակով:
Այսպես եմ ասում, որովհետև դեռևս աշնանից նրան հաճախ էի տեսնում կապտած դեպքով, ու աղջիկը չէր թաքցնում, որ հայրն է ծեծել: Որոշել էի երեխաների բռնությամբ հետաքրքրված կազմակերպությունների դիմել, մամուլում գրել այդ մասին, որը չարեցի:
Աղջկա վարքագծի մեջ փոփոխություն նկատել էին նաև Գորիսի հատուկ դպրոցում, ուր նա և քույրը հաճախում էին ոչ թե նրա համար, որ մտավոր թերզարգացություն ունեին, այլև, որովհետև մայրը գիշերն աշխատում էր, և իրենք վարձով էին բնակվում: Շաբաթ-կիրակի օրերին աղջիկը, երբ դեռ 9-10 տարեկան էր, հոգ էր տանում երկամյա քույրիկի մասին, հոգում էր ընտանիքի կենցաղային հոգսերը:
Շփվում էր իր հասակակիցների հետ, և ոչ ոք մինչև չարաբաստիկ սեպտեմբեր ամիսը նրա վարքագծում որևէ տարօրինակություն չի նկատել, առավել ևս մտավոր թերզարգացածություն: Բարի և աշխույժ երեխա է: Գիշերօթիկ դպրոցից հետո նա ընդունվել է քաղաքի Ակ. Բակունցի անվան միջնակարգ դպրոց: Հենց այդ ժամանակ մայրը դստերը Երևանում հետազոտման է տարել, որտեղ սևով-սպիտակի վրա նշել են, որ կարող է սովորել հանրակրթական դպրոցում:
Դպրոցական արձակուրդներից հետո նա պատրաստվում էր ուսումը շարունակել, և դպրոցում էլ դեմ չէին: Սակայն հենց այդ ընթացքում աղջիկը փողոցում ավելի ու ավելի հաճախ էր կապտուկներով հայտնվում, և զարմանալի է, թե նույն Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում, ուր նրան մի քանի օրով տարել են, ինչպես չեն նկատել կապտուկները:
Դեմ չեմ անմեղության կանխավարկածին, բայց անհասկանալի է, թե աղջկա վարքագծի իբր շեղման մասին խոսողներն ինչու են մոռանում, որ հայրը' սեռական բռնության մեջ կասկածվող Վ. Տ.-ն, նախկինում դատապարտված է եղել և ինքն էլ, այսպես ասած, «թուղթ ունի»:
Կեցցեն նրանք, ովքեր այս օրերին աջակցության ձեռք են մեկնել աղջկան ու վշտից գլուխը կորցրած մորը, ում դստեր գործով քննության ընթացքում հարցաքննողներին առավել հետաքրքրել է, թե ինչու է կինը գիշերն աշխատում փռում, ինչու է երկրոդ անգամ ամուսնացել, ինչու է ուզում, որ ամուսինը պատասխանատվության ենթարկվի և այլն:
Իսկ ի՞նչ անուն տալ այն փաստին, որ Վ. Տ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Ու այն օրերին, երբ օտարները նեցուկ են կանգնում կնոջն ու աղջկան, ինքն անվրդով ապրում է իր տանը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել