
Իմ Վասիլի Ստուսը
Մենք մի հայ բանաստեղծ ունենք, որը Հայաստանի ճակատագրով մտահոգ, Հայաստանի համար կյանքը զոհելու պատրաստ, մշտարթուն անհատների մասին ասում է` Հայաստանի` «վերարկուով քնած զավակները»: Այդպիսին էր Վասիլի Ստուսն իր Ուկրաինայի համար:
Ստուսի հետ իմ մտերմությունը 35 տարվա պատմություն ունի:
Ես ունեցել եմ ընկերներ, որոնք մարտի դաշտում իրենց կյանքը զոհել են հանուն իրենց երկրի անմահության: Ես այսօր էլ շարունակում եմ սիրել նրանց ու գնահատել նրանց գործը: Բայց Ստուսի արածն իր երկրի համար ավելին էր, քան կյանքը զոհաբերելը: Ստուսը պարզապես մարտիկ չէր: Նա գաղափարախոսություն էր` տեսակի նախատիպ: Ես ունեցել եմ նաև ընկերներ, որոնք իմ գաղափարական զինակիցն են եղել. խոհեմ, անձնուրաց: Բայց Ստուսն ինձ համար մի ուրիշ աշխարհ է: Նա համեմատությունից դուրս է, չափանիշերից` վեր: Իմ հարազատ, անզուգական Վասիլի Ստուսը:
Քաղաքականությունն այն ասպարեզն է, որտեղ, եթե բարոյական արժեքների կրողն ես, դժվար է ձեռքբերումներ ունենալը` հավատարիմ մնալով տեսակիդ: Գուցե ուրիշ ասպարեզներում էլ է դա դժվար, բայց քաղաքականության մեջ, հաստատ` շատ ավելի:
Մտքով եմ ցրում վիշտ ու տառապանք,
Որ ինչպես որ կամ, այնպես էլ մնամ:
Վ. Ստուս ( թարգմ.` Ռ. Պապայան)
Ստուսն այն եզակի քաղաքական գործիչներից էր, որի ցանկացած քայլի հիմքում բարոյականությունն էր` քրիստոնեական բարոյականությունը: Իսկ դա մշտապես վեհացնում է մարդուն: Դա մի վիճակ է, երբ առաքինությունդ սնվում է ինքն իրենով: Նման մարդիկ սովորաբար շատ համեստ են լինում: Նրանց համար խորթ ու անհասկանալի է մեջտեղում ցցվողի ապրելակերպն ու վարքագիծը: Նրանց ինքնադրսևորումը կայանում է ինքնաբերաբար, բնականորեն և չի պահանջում զոհեր կամ զոհողություն: Բարոյականությունը Ստուսի հավատամքն էր, նրա ուժի աղբյուրը:
Ես Ստուսի հետ ծանոթացել եմ մի վայրում, որտեղ մարդիկ ցայտուն կերպով են դրսևորվում: Այդ պայմաններում անհնար էր տևականորեն կեցվածք ընդունելը, կեղծելը: Դա մի վայր էր, որտեղ մարդը բացահայտվում էր ամբողջությամբ: Իսկ Ստուսն ինձ համար բանտային ու կալանքի այդ պայմաններում իսկապես բացահայտում էր` բառիս լավագույն իմաստով: Նա երբեք չէր վրիպում, հոգու ու մտքի մարտադաշտում երբեք տանուլ չէր տալիս: Ստուսը երբեք չէր առաջնորդվում «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով: Նա վեր էր դրանից: Ստուսն իրեն բաժին ընկած վիճակը կրում էր ասպետորեն, առնաբար, և ինչպես ինքն էր ասում մի բանաստեղծության մեջ` «Խաչս ծանր է, թե թեթև` չեմ հարցնում»:
![]() |
Ստուսի գերեզմանը Կոչինոյում |
ԳՈՒԼԱԳ-ի գայլային օրենքների կատարյալ գերակայության այդ պայմաններում Ստուսը մինչև վերջ մնաց մարդ:
Մարդկանց`
Մահվան դատապարտված,
Հրացաններ տվեցին`
Կատարելով նրանց վերջին կամքը:
Եվ նրանք սկսեցին գնդակահարել
Մյուս մահապարտներին,
Որ հաշտվեն
Իրենց իսկ կործանման մտքի հետ:
Վ. Ստուս (թարգմ.` Ռ. Պապայան)
Ահա այսպես է բանաձևում Ստուսն այն աշխարհը, որի ակամա բնակիչն էինք մենք: Մի աշխարհ, որտեղ պիտի գերմարդ լինես, որպեսզի կրես անհամար պատիժներ, ստորացումներ, զրկանքներ ու միաժամանակ կարողանաս Ստուսի նկարագրած մահապարտների հոգեվիճակին հասնելու փոխարեն բանաստեղծութուն կարդալ, էլ չեմ ասում` գրել: Ու գրել` հանճարեղ:
Մորդովիայի 19-րդ ճամբարի պատժախցում Ստուսը մի անգամ ինձ համար կարդաց իր «Այստեղ ես, այստեղ» բանաստեղծությունը: Կարդաց բնագրով` ուկրաիներեն: Ես չհասկացա, բայց փշաքաղվեցի: Նրա բանաստեղծությունը աղոթքի նման էր հնչում: Ստուսն ինձ ներկայացրեց բանաստեղծության բովանդակությունը: Ես հասկացա ու կրկին փշաքաղվեցի: Ես ցնցված էի… Այս պահին աչքիս առաջ է այդ բանաստեղծության հայերեն թարգմանութունը*: Ես կարդում եմ, հուզվում, հիանում: Բայց այնպես կուզեի լսել Ստուսի ուկրաիներեն աղոթքը` «Այստեղ ես, այստեղ»: Կուզեի նրա համար փոխադարձաբար կարդալ իմ ուշացած աղոթքը` հայ բանաստեղծ Սևակի խոսքերով.
Օգնիր ինձ, Մարիամ,
Անաղարտ մնամ
Այս ճահճանման աղտ-աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում:
Պերմի 35-րդ ճամբարում Աստծո կամոք հանդիպեցի Ստուսի մեձավոր ընկերոջը` Էվգեն Սվերստյուկին: Ստուսն, իհարկե, պատմել էր ինձ Սվերստյուկի մասին: Հանդիպումից ես անմիջապես հասկացա, որ նա նույնպես քաղաքական գործիչների ստուսյան աննկուն տոհմից է: Երբ հանդիպում են մարդիկ, ովքեր այդ արժեքների կրողն են, ապա նրանց շփումը դառնում է մի իսկական տոն: Մենք երկուսս էլ այն ժամանակ պահանջ ունեինք Ստուսին հիշելու և դա անում էինք շատ հաճախ: Մեր զրույցներում Ստուսը միշտ ներկա էր: Հետագայում մենք այդ «տոնի» ուրախությունն ապրում էինք նամակների միջոցով: «Հիշում եմ մեր հանդիպումը Պերմի մարզի 35-րդ ճամբարում, -գրում էր ինձ Սվերստյուկը:- Հիշում եմ, թե Դուք ինչպես ներկայացաք ինձ. «Ես Վասիլի Ստուսի հետ միասին եմ եղել»: Ես զգացի, որ Ստուսը դեռևս իմ ընկերն է, բայց նա արդեն առաքյալ է»:
Քաղաքակիրթ աշխարհն այսօր նախկին խորհրդային հանրապետությունների մասին դատում է նաև չարիքի կայսրության տարիներին այդ հանրապետություններում ծավալված քաղաքական պայքարով: Ասենք, քաղաքակիրթ աշխարհը նախկինում էլ էր այդպես դատում: Մնում է, որ գաղափարական շղթաները քանդողներին այսօր իրենց իսկ երկրներն ու ժողովուրդը գնահատեն:
Այս տարի լրանում է Վասիլի Ստուսի նկատմամբ կատարված ոճրագործության 25 տարին. ոճրագործություն, որով կասեցվեց ընթացքը մի մարդու, ով իր կյանքով վճարեց այն բանի համար, որ իր ժողովուրդն իմանա իսկական ազատության իրական արժեքը:
Ես լավատես եմ ու կարծում եմ, որ Ուկրաինան և ուկրիաինացիները արժանին են մատուցում իմ սիրելի Ստուսին:
Չէ՞ որ նա մայր Ուկրաինայի «վերարկուով քնած զավակն» էր:
Խորին ակնածանքով՝
Ռազմիկ Մարկոսյան
2010թ., սեպտեմբեր 3-4
*թարգմ. Ռ. Պապայան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել