
Տուգանվում են եւ շարունակում վաճառել
Երեւանի Մ. Խորենացի փողոցում գտնվող նախկին «Գումի» շուկային հարակից տարածքի բացօթյա վաճառատեղերում վաճառվող միսը մոտ երեք հարյուր դրամով էժան է, քան հարեւան «Հայկական շուկա»-ում կամ քաղաքի այլ խանութներում:
Եթե այլ խանութներում տավարի միսը վաճառվում է 1600 դրամով, իսկ խոզի միսը` 2000 դրամով, ապա այդ բացօթյա վաճառատեղերում համապատասխանաբար 1300 եւ 1700 դրամով: Ահա այս գնային տարբերությունն է ստիպում երեւանցիներին նախընտրել ամբողջ օրն արեւի տակ դրված միսը (Տես նաեւ` Միս հանապազoրյա):
Մեզ հետ զրույցներում փողոցից միս գնողները բավականին գոհ են` թե՛ մաքրությունից, եւ թե՛ վաճառվող մսից: Միայն մի քանիսն էին վրդովված պայմաններից: «Եկա միս գնեմ, բայց պայմանները սարսափելի են, ավելի լավ է խանութից գնեմ»,- բողոքեց 40-ամյա Անդրանիկը:
«Հայկական շուկա»-ում անասնաբույժ Հենրիկ Եղիազարյանը տեղեկացրեց. «Քանի որ հանրապետությունում չկան գործող սպանդանոցներ, միսը մորթվում է բակերում, յուրաքանչյուր մորթված անասուն ենթարկվում է ստուգման տեղի անասնաբույժի կողմից, եւ տրվում է համապատասխան թուղթ, ըստ որի տվյալ անասունն անցել է փորձաքննությունը»:
Սակայն լինում են դեպքեր, երբ միսն առանց անասնաբույժի հավաստագրի է հայտնվում շուկաներում եւ խանութներում, այստեղ էլ պետք է ապավինել վաճառողի բարեխղճությանը, ով պարտավոր է միսն ուղարկել տեղի լաբորատորիա: «Գումի» շուկային հարակից տարածքի մոտ 80 բացօթյա վաճառատեղեր կցված են 3 լաբորատորիաների, յուրաքանչյուր լաբորատորիա ամեն առավոտ ստուգում է իրեն կցված վաճառատեղերի միսը:
Հուլիսի 16-ին այս վաճառատեղերից մեկում հայտնաբերվել է սիբիրախտ: Տեղեկատվությունը հաստատեց Մսամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետի տեղակալ Գեւորգ Թովմասյանը: Սիբիրախտը հայտնաբերել է այս վաճառատեղերը սպասարկող «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ի անասնաբույժ Վահան Յամալյանը: Այն ուղարկվել է Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա, որտեղ էլ հաստատվել է հիվանդությունը, եւ ինֆեկցիա պարունակող անասունի միսը ոչնչացվել է: Ըստ Վ. Յամալյանի` նախորդ տարիներին էլ սիբիրախտ գրանցվել է այս շուկայում, բայց այս տարի դա միակ դեպքն է եղել: Մսամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետի տեղակալ Գեւորգ Թովմասյանի տրամադրած տեղեկությամբ` վերոհիշյալ շուկայում գրանցվել է սիբիրախտ հիվանդության աղիքային տեսակը, միսը Երեւան էր բերվել Թալինից:
Մ. Խորենացի փողոցում ամեն գիշեր կատարվում է մեծածախ առեւտուր, եւ այդ միսը ոչ մի տեղ չի ստուգվում: «Մենք պատասխանատու ենք խանութում վաճառվող մսի համար, իսկ գիշերային փողոցային առեւտրի հետ մենք կապ չունենք»,- ասում է Վ. Յամալյանը:
Մսամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետի տեղակալ Գեւորգ Թովմասյանը տեղյակ է այդ ամենից, բայց լուծումներ չի առաջարկում եւ գտնում է, որ այդ տարածքի բացօթյա վաճառատեղերում վիճակը բավականին բարելավվել է` համեմատած նախկին տարիների հետ. «Արդեն որոշների մոտ ծորակներ կան, սառնարաններ էլ կան»: Սառնարաններ կան, բայց վաճառվող միսն ամբողջ օրը դրված է ստվարաթղթի վրա: «Երբ ես անցնում եմ փողոցի վրա գտնվող այդ վաճառատեղերի մոտով, թվում է, թե Մոզամբիկում եմ,- ասում է «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ի եւ «Հայկական շուկա»-ի անասնաբույժ Հենրիկ Եղիազարյանը` ավելացնելով,-ժողովրդին թունավորվելուց փրկում է միայն այն հանգամանքը, որ մոտ մեկ-երկու ժամ միսը եռացնելուց հետո միկրոբները վերանում են»:
Փաստորեն, լաբորատորիան միայն ստուգում է մսի որակը: Անասնաբույժ Վ. Յամալյանին մտահոգում է, թե ինչ պայմաններում է վաճառվում միսը, բայց. «Ես ոչ մի իրավասություն չունեմ վաճառատեղ բացելու կամ փակելու, իհարկե, այս պայմանները քաղաքակիրթ մարդկության պայմաններ չեն, բայց ի՞նչ անենք»:
Պարոն Թովմասյանը թեեւ տեղյակ է շուկայում տիրող իրավիճակին, սակայն նշում է, որ թե՛ կառավարությունը, թե՛ իրենք` Մսամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչությունը, իրավասու չեն արգելել փողոցային մսավաճառությունը: «Յուրաքանչյուր վաճառատեղի հետեւում կանգնած է մի ընտանիք, ինչպե՞ս զրկել այդ մարդկանց օրվա հացից»,- ասում Թովմասյանը:
Նշենք, որ սննդի անվտանգության պայմանները խախտող վաճառողները հաճախ տուգանվում են բավականին խոշոր գումարներով` 30.000-400.000 դրամ: Սակայն, տուգանվելուց հետո էլ նրանք շարունակում են առեւտուրը նույն պայմաններում: «Ուրեմն իրենց ձեռք է տալիս ամեն անգամ 100.000 դրամով տուգանվել եւ շարունակել նույն կերպ»,- բացատրում է Գ. Թովմասյանը: Ըստ երեւույթին, տեսչությանն էլ է ձեռնտու ամեն անգամ կլորիկ գումարով տուգանել մսավաճառներին եւ դրա դեմ պայքարելու այլ միջոց չփնտրել: «Ֆինանսներ չկան սպանդանոցներ կառուցելու համար, պետությունը չի կարող տրամադրել հատուկ մեքենաներ միսը տեղափոխելու համար»,- ասում է Մսամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետի տեղակալը:
Գյուղատնտեսության նախարարի օգոստոսի 2-ի N172-Ա որոշմամբ մինչեւ օգոստոսի 24-ը Մսամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչությունը եւ ոստիկանությունը այցելելու են մսի վաճառատեղեր, անցկացնելու են փորձաքննություն եւ տուգանելու են իրավախախտներին:
Մեկնաբանել