
Երկնագույն վառելիքը կմտնի Արծնի գյուղ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի հովանավորությամբ Լոռու մարզի Արծնի համայնքում կառուցվում է գազամատակարարման համակարգ: Ավարտվել է գյուղ մտնող 1,3 կմ երկարությամբ միջին ճնշման խողովակաշարի կառուցումը, ընթանում են 5,5 կմ երկարությամբ ցածր ճնշման խողովակաշարի անցկացման աշխատանքները, ինչի շնորհիվ գազ կմատակարարվի գյուղի 95 տնտեսությանը:
«Նպատակ ունենք ոչ միայն թեթևացնել գյուղացու հոգսը, այլև հնարավորություն տալ նրան վարել իր տնտեսությունն ու զարգացնել այն: Համայնքին նոր կյանք հաղորդելու նպատակով օգտագործել եք հիմնադրամի` Գերմանիայում, Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում գործող մեր գրասենյակների, ինչպես նաև Հնդկաստանի կառավարության ներուժը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Այսօր գյուղն ունի բարեկարգ դպրոց, համայնքային կենտրոն, ուր տեղակայված են գյուղապետարանը, բուժկետը, գրադարանն ու հանդիսությունների սրահը: 2010-ին Արծնիի և հարևան Ձորամուտի աշակերտները ստացան դպրոցական պիտույքներ և տարբեր ուսումնական պարագաներ:
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորությամբ գյուղում այս տարի կառուցվել է նաև 2,3 կմ երկարությամբ ջրագիծ, որի 550 մետրը` «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ, ինչի շնորհիվ գյուղի դպրոցն ու համայնքային կենտրոնը ևս միացել են ջրամատակարարման ընդհանուր ցանցին:
«Անչափ ուրախ ենք, որ մեր գյուղն էլ հայտնվեց ուշադրության կենտրոնում: Չեմ թաքցնի, որ գյուղացիներն արդեն հուսահատության եզրին էին: Գյուղ բերող ճանապարհն էլ այնքան վատ վիճակում է, որ հույս էլ չունեինք, որ մեզ մոտ մի օր բարեկարգման աշխատանքներ կսկսվեն»,- ասաց համայնքի ղեկավար Խենկո Խաչանեսյանը:
Գյուղի 350 բնակիչների մեծ մասը Գետաշենից եկած փախստականներ են, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Արծնին` նախկինում Կզլդաշը, գտնվում է մարզկենտրոնից 62 կմ, իսկ Վրաստանի սահմանից` 0,4 կմ հեռավրության վրա:
Մեկնաբանել