
Պատգամավորը կապրի 35 հազար դրամով, քանի որ չի ծխում, չի խմում և խաշած բրինձ է ուտում
Այսօր խորհրդարանն ընդունեց «ՀՀ նվազագույն ամսեկան աշխատավարձի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշենք, որ նախագծով նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից բարձրանալու է 2500 դրամով` 32.500 դրամից դառնալով 35.000 դրամ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեցինք` արդյոք գոհ է օրենքի փոփոխություններից:
Որեւէ մեկը չասաց, որ նախագիծը գոհացնող է, բայց այսօրվա ֆինանսական, տնտեսական հնարավորություններն իսկապես այդքան հնարավորություն են տալիս բարձրացնելու եւ պետք է ընդունենք, որ այս պահին դա մեր հնարավորությունների սահմանն է եւ հաջորդ տարիներին բարձրացվելու է, ընդ որում` 2014-ին արմատական բարձրացում է լինելու:
Բարձրացված նվազագույն աշխատավարձը չի համապատասխանում նվազագույն սպառողական զամբյուղին, բայցի այդ, պատգամավորները հնչեցրին, որ երկրում «խայտառակ գնաճ» է: Դուք այս առումով մտահոգվա՞ծ չեք:
Չեմ համարում, որ 35.000 դրամով հնարավոր է մարդու հոգսերը հոգալ, բայց պետք է ընդունենք, դուք էլ պետք է ընդունեք, որ 35.000 դրամ ստացողներն ընդամենը մի քանի տոկոս են կազմում:
Հատկապես գյուղապետարանների շարքային աշխատակիցները հենց նվազագույն աշխատավարձ են ստանում:
Հանրապետական խմբակցության մեր ընկերներից մեկն առաջարկեց, որ հնարավորություն ստեղծվի եւ նրանց աշխատավարձերն էլ բարձրացվի: Մտածում եմ, որ հատկապես սահմանամերձ եւ հեռավոր գյուղերում պետք է հնարավորություն ստեղծել, որ նրանք ոչ թե նվազագույն աշխատավարձ ստանան, այլ հնարավորինս բարձր: Ստրատեգիական առումով մեզ համար կարեւոր է, որ գյուղացին մնա գյուղում, իր հողի վրա, իր հողն ու երկիրը շենացնի:
Պարոն Մինասյան, դուք կարո՞ղ եք 35.000 դրամով մեկ ամիս ապրել:
Շատ դժվար է, բայց եթե ստիպված լինեմ, կփորձեմ ապրել: Իմը մի քիչ ուրիշ է. չեմ խմում, չեմ ծխում, պրակտիկորեն մսեղեն չեմ օգտագործում: Որպեսզի խոլեստերինս չբարձրանա, առանց յուղի բրինձ եմ խաշում ուտում:
Այսինքն` բնակչությունն էլ բրինձ խաշի ուտի՞:
Չեմ ասում, որ դա նորմալ է, իմ հետ մի համեմատեք, որովհետեւ իմը մի քիչ ուրիշ է, եւ եզակի մարդիկ են, որ այդպես են սնվում: Սիրելի բարեկամ, ես ասե՞լ եմ, որ դա բավարար է, չեմ էլ կարող ասել նման բան:
Հայտարարում եք, որ տնտեսական աճ ունենք, բայց դրա հետ զուգահեռ շատ չնչին է բարձրանում քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավող հատկացումները, ինչու՞:
7.1 տոկոսով ՀՆԱ-ն աճել է, ինձ թվում է սոցիալական բաղադրիչը կդառնա քննարկման առարկա եւ առաջնային առարկա: Դուք գիտեք, որ տնտեսական, սոցիալական ծանր պայմաններում 2008-ից սկսած Հայաստանում ամեն ինչ արվեց, որպեսզի սոցիալական ծրագրերը չձախողվեն: Կարելի էր երկու ճանապարհով գնալ, ինչպես անում էին եվրոպական շատ երկներ` Հունաստանը եւ այլն, բայց մենք գնացինք այլ ճանապարհով, եւ այն սոցիալական ծրագրերը, որ կային, դրանք իրականացվեցին: Հիմա, փառք Աստծո, տնտեսության զարգացման հնարավորություն ստեղծվեց եւ մենք ունենք 7.1 տոկոս աճ, մեր պարտքերը լրիվ նորմալ են, ռիսկային գոտում չենք եւ կայուն տնտեսության իրավիճակի ենք գալիս: Հիմա ժամանակն է եւ համոզված եմ ղեկավարությունը գնալու է այդ ճանապարհով եւ սոցիալական խնդիրները դարձնելու է առաջնահերթ:
Բայց դրա հետ զուգահեռ գնաճն էլ է խորանում, եւ համաչափության խնդիր է առաջանում:
Գնաճ ամբողջ աշխարհում կա եւ երբ ասում եմ, որ պետք է ավելացվի, պետք է հասնենք նրան, որ սոցիալական հատկացումները գնաճից առաջ պիտի լինեն եւ մարդկանց սոցիալական վիճակը բարելավվի:
Կարծում եք` Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը ի վիճակի" է հասնել դրան:
Համոզված եմ, որ այն խնդիրները, որ երկրի նախագահը դրել է կառավարության առջեւ կիրականացվեն:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել