
Հայաստանցի երեխաները Ստամբուլի աշխատաշուկայում
13-ամյա Մամուկան ստիպված է ամեն օր համոզել ինքն իրեն, որ իր թուրք «շեֆին» ավելի շատ է սիրում, քան սեփական հորը։ Ծանր սոցիալական պայմաններն սկսել են ազդել նույնիսկ Հայաստանի անչափահաս քաղաքացիների զգացմունքների եւ աշխարհայացքի վրա։
Մամուկան աշխատում է Ստամբուլի Կումկափի թաղամասի կոշիկի արտադրամասերից մեկում։ Հրազդանից Ստամբուլ է տեղափոխվել մոր՝ Կարինեի եւ փոքր եղբոր` Ռոբերտի հետ։ Տատն ու ամենափոքր եղբայրը` Սամվելը, մնացել են Հայաստանում, իսկ հոր մասին տեղեկություն չունի. «Չգիտեմ՝ ուր ա, էստեղ էր, բայց գնացել ա»,- ասում է Մամուկան՝ մի տեսակ ամաչելով իր ընտանիքի կարգավիճակից։
![]() |
Մամուկան ու մայրը` աշխատավայրի մուտքի մոտ` հանգստի ժամին |
Արդեն 4 տարի է, ինչ ամեն օր առավոտյան 7-ին Մամուկան աշխատանքի է գնում, ամբողջ օրն անցկացնում աշխատավայրում, իսկ երեկոյան 8-ից հետո վերադառնում է «շեֆի» վարձած բնակարանն ու փորձում հանգստանալ՝ մինչ հաջորդ առավոտ։ Մամուկան աշխատավայրում ամենասիրվածն է. բոլոր մանր-մունր գործերը նրան են բաժին ընկնում։
![]() |
Մամուկան բացատրում է, թե ինչպես են կաշվից պատրաստում կոշիկները |
Հարցին, թե արդյոք չի՞ կարոտել Հայաստանը, չի՞ ուզում վերադառնալ, պատասխանում է. «Չէ, հեչ։ Ստեղ լավ ա, լավ ընկերներ ունեմ, լավ մեջք ունեմ...»: Մամուկան թուրքերեն վարժ է խոսում, իսկ դպրոց վաղուց է` չի հաճախում: Նրա մայրն արդեն հստակ բացատրել է, որ իր ապագան կոշիկ կարելն է, իսկ լավագույն դեպքում` փոքրիկ արտադրամաս ունենալը:
![]() |
Մամուկայի մայրը` Կարինեն |
«Հիմա ես չէ՞ի ուզենա իմ Հայաստանում լինեի, իմ ընտանիքում, իմ էրեխու մոտ լինեի` ամենակարեւորը: Չէի ուզի` իմ էրեխեն ստեղ աշխատեր, կուզեի՝ սովորեր: Բայց էստեղ իրենց ապագան էս ա` պիտի աշխատեն, իրենց պահեն»,- հուզմունքով, բայց եւ իրականության գիտակցումով խոսում է Կարինեն:
Բանկերից վերցված բազմաթիվ պարտքերն են Կարինեին ստիպել վերցնել իր միակ հույսը` երեխաներին եւ հասնել Թուրքիա: Երրորդ երեխային Ստամբուլ չի բերել, քանի որ աշխատել չէր կարողանա. ֆիզիկական խնդիրներ ուներ: Պարտքերը մարելուց եւ Ստամբուլում հարմար տեղավորվելուց հետո` միակ միտքը, որ Կարինեին հանգիստ չի տալիս, Հայաստանում թողած երեխայի կարոտն է. «Երեխաս 2 տարեկան էր, երբ թողեցի, եկա Թուրքիա: Հետեւիցս լացում էր, չպտտվեցի, որ չտեսնեմ` ոնց ա լացում… Ինչի՞, ինչի՞ պիտի ես իմ էրեխու կողքին չլինեի, երբ սեպտեմբերի մեկին առաջին դասարան էր գնում, ինչի՞ ա մեր Հայաստանը մեզ էն օրը գցում, որ ստիպված տուն-տեղ թողնում, հասնում ենք Թուրքիա»,- բողոքում է Կարինեն:
![]() |
![]() |
Մամուկան ու մայրը | Մամուկան ու գործընկերը |
4 տարիների ընթացքում Կարինեն մեկ-երկու անգամ է կարողացել այցելել մորն ու երեխային, իսկ վերջին տարիներին ամսական 100-200 դոլար է ուղարկել նրանց:
«Արդեն Հայաստան ոչ մեկն էլ չի ուզում գնա: Էնտեղ ոչ մեկն էլ չի ապրի: Եթե պետությունն ինձ բավարարեր, իմ երկու տարեկան էրեխուն կթողնեի, կգայի՞: Իմ էրեխեն հաց էր ուզում, ես հաց չունեի, որ տայի: Հայաստանն իմ ինչի՞ն ա»,- ասում է Կարինեն:
![]() |
Մամուկան ու ալեւի վարպետը |
Հ.Գ. Մամուկայի, Կարինեի եւ Ստամբուլում աշխատող այլ հայերի մասին «Հետքը» 2012-ի ամռանը ֆիլմ է նկարահանել, որը ընթերցողներին կներկայացնենք «Պտույտ Ստամբուլում» պատմությունների շարքի ավարտից հետո:
Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել