
Դեկանը հրաժարվեց «Հետքի» լրագրողի դեմ հայցից
Այսօր Վանաձորի դատարանում նշանակված էր հերթական դատական նիստը` ըստ հայցի Վանաձորի մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանի` ընդդեմ «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի, երրորդ անձ «Հետք» թերթի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: 1 ժամ առաջ դատարանից լրագրողին հայտնեցին, որ դիմում է ստացվել Թերեզա Շահվերդյանից` հայցից հրաժարվելու մասին:
Հիշեցնենք, որ դեկանն իրեն զրպարտված ու վիրավորված էր համարում լրագրողի հեղինակած «Հիվանդագին կրքեր Վանաձորի մանկավարժական ինստիտուտում» վերնագրով հոդվածի հետևյալ արտահայտությամբ. «Դեպքերի հետագա զարգացմամբ` 2011 թվականի ապրիլի 1-ին հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լիզա Սարգսյանը, մանկավարժության ամբիոնի դեկան Թերեզա Շահվերդյանի հետ ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին և հայտարարություն տվել, որ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Աշուղյանը շուրջ երկու տարի սպանության սպառնալիքներ է տալիս Լուսինե Սարգսյանի հասցեին»: Սկզբում դեկանը դատարանից պահանջում էր լրագրողին պարտավորեցնել «Հետք» թերթով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները և նրանից հօգուտ իրեն բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերը, այնուհետև փոփոխեց գույքային պահանջի չափը` 2 միլիոնից իջեցնելով 200 հազար դրամի:
Հայցադիմումը վարույթ է ընդունվել դեռևս անցյալ տարվա նոյեմբերից, բայց շուրջ 1 տարվա ընթացքում բուն դատաքննությունն այդպես էլ չէր սկսվել: Կայացած ընդամենը 2 դատական նիստերից մեկի ժամանակ հայցվոր կողմը հաշտության առաջարկ էր արել, որը մերժվել էր պատասխանողի ու նրա ներկայացուցիչների կողմից, քանի որ լրագրողի ու խմբագրության համոզմամբ` նշված արտահայտությունը որևէ զրպարտություն չի պարունակում, ավելին` լրագրողն իր հրապարակման իսկությունը ապացուցող ձայնագրություն ունի: Հաջորդող նիստերը հետաձգվել էին դեկանի` դատարանում իր շահերը ներկայացնող, փաստաբան չունենալու, ապա ատամների պրոթեզավորման պատճառաբանություններով:
Այս գործով ևս «Հետքի» թղթակցի իրավունքները դատարանում պաշտպանում են փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը:
Մեկնաբանել