
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված հանդիսություն Աթենքում
Աթենքի «Լեդրա Մարիոթ» հյուրանոցի սրահում Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված հանդիսությունը` կազմակերպված հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի կողմից:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, որն իր ելույթում ընդգծեց հիմնադրամի ստեղծման եւ գործունեության բացառիկ կարեւորությունը Հայաստանի, Արցախի ու համայն հայության համար:
Հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը ներկայացրեց հիմնադրամի անցած ուղին, մասնավորապես` Հունաստանի մասնաճյուղի կողմից իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Հունահայ համայնքի 10 նշանավոր բարերարներին հանձնվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի պարգեւները:
Ներկաներին ցուցադրվեց 2 տեսահոլովակ հիմնադրամի մասին: Հավաքվածների առջև ելույթ ունեցավ հայտնի կիթառահար Հակոբ Քոլանյանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մեկնաբանել