
«Բացահայտում». Աղթամարի Սբ. խաչը ամերիկյան եկեղեցի է և ամերիկացի կաթողիկոսների նստավայրը
Աշխարհի երկրների զբոսաշրջային կենտրոնները և տեսարժան վայրերը ներկայացնող wayfaring.info կայքում Թուրքիայի այժմյան տարածքում գտնվող Վանա լճի Աղթամար կղզու Սբ. խաչ եկեղեցին ներկայացված է որպես «ամերիկյան ճարտարապետության արտակարգ գեղեցիկ օրինակ»:
«Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում և մոտ 700 տարի եղել ամերիկացի կաթողիկոսի նստավայրը: Այն ամերիկացի թագավորի համար 915-922-ին կառուցված Աղթ’Ամարի պալատի միակ կանգուն կառույցն է...»,- գրված է ուղեցույց-կայքում:
«Հետքի» հարցին, թե որն է հայկական ճարտարապետության վերաբերյալ այս ապատեղեկատվության աղբյուրը, և արդյոք պատրաստվում է ուղղել սխալ տեղեկությունները՝ wayfaring.info կայքը չի պատասխանել:
Ըստ կայքերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացնող alexa.com-ի՝ wayfaring.info-ն հնդկական կայք է, որի այցելուների 17%-ը Հնդկաստանից է: Աշխարհի տեսարժան վայրերը ներկայացնող այս կայքը հայտնի է նաև Բուլղարիայում, Սերբիայում ու Հունաստանում: wayfaring.info-ի տարբեր էջերի հղում է արված 917 կայքում:
wayfaring.info-ում՝ Թուրքիայի տեսարժան վայրերի շարքում է նշվում նաև Նեմրութ լեռան վրա գտնվող հայ հեթանոսական աստվածների հուշարձանախումբը, որի աստվածները ներկայացվում են որպես հունական ու պարսկական: Կայքի Թուրքիային նվիրված բաժնում ներկայացված են երկրի տարբեր քաղաքների մի շարք հյուրանոցներ, թանգարաններ, պատկերասրահներ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ, ծովափնյա հանգստյան գոտիներ: Իսկ ՀՀ-ի որևէ տեսարժան վայր ուղեցույց-կայքում ներկայացված չէ: ՀՀ-ն wayfaring.info-ում ներկայացված է ընդամենը վիճակագրական աղքատիկ տեղեկատվությամբ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել