
«Վրացական երազանքի» հայազգի անդամը` իր ձերբակալության և սպառնալիքների մասին
«Հետքի» հարցերին պատասխանել է «Վրացական երազանք» դաշինքի հայազգի անդամ, երեկ դատարանի դահլիճից ազատ արձակված Ախալքալաքի բնակիչ Գեորգի Մխչյանը
Ախալքալաքի Թամար թագուհու փողոցում գտնվող Կենցաղի տան սեփկանաշնորհմանը Դուք ի՞նչ առնչություն եք ունեցել:
Այդ շենքի սեփականաշնորհման հետ ես կապ չունեի: Այդ շենքը ես գնեցի 2005 թվականին: Գնացինք նոտարական գրասենյակ և ձևակերպեցինք: Փաստաթղթերի ամբող փաթեթը ես մեկ այլ անձի ստուգել տվեցի, որ խնդիր չլիներ: Ու մինչ օրս ես խնդիր չունեի այդ շենքի հետ կապված, և այդ շենքի փաստաթղթերի հետ կապված որևէ խնդիր չկար: Ամեն ինչը օրենքով էր: Այդ շենքը ես 2008-2009թթ. վարձակալության էի տվել մեկ ուրիշին, ու որևէ խնդիր չէր եղել, նոր ռեեստր եմ հանել, այդ շենքը խնդիր չունի, ամեն ինչը օրինավոր արված էր:
Կոնկրետ ո՞ր փաստաթղթի կեղծման մեջ էին Ձեզ մեղադրում:
Կոնրկետ փաստաթուղ չկա, ոչ մի նման փաստաթուղթ էլ նրանք չունեն:
Իսկ ինչ՞ հիման վրա Ձեզ ձերբակալեցին:
Մայիս ամսին ես «Վրացական երզանքին» իմ շենքի առաջին հարկը վարձակալության տվեցի: Դրանից հետո սկսվեցին խնդիրները, սկսվեցին զանգերը ոստիկանությունից ու սպառնալիքներ, թե ինչու ես «Վրացական երազանքին» քո շենքը տվել, քեզ կբռնենք: Ասացին` կձերբակալենք, կձերբակալենք, ու իրենց ասած արեցին` ձերբակալեցին:
Կոնկրետ ո՞վ էր Ձեզ զանգահարում և սպառնում:
Ոստիկանությունից մի քննիչ էր զանգում` ազգանունը Բուրջանաձե: Ասում էր` ոստիկանապետը (Ախալքալաքի շրջանի նախկին ոստիկանապետ, այժմ արդեն պատգամավոր Սամվել Պետրոսյանը-Ք.Ա.) քո հետ ուզում է խոսել, արի: Ոստիկանապետը չէր խոսում իմ հետ, բայց իրա ձայնը կողքից լսվում էր, և ես լսել եմ, թե ոնց էր ինքը կողքից ինչ-որ բաներ ասում: Բացի դրանից, իմ ընկերների, բարեկամների հետ խաբար էր արել, որ ինձ հաղորդեն` ետ վերցնեմ շենքի վարձակալությունը, թե չէ մենք իրեն կձերբակալենք: Այդ շենքի հետ որևէ խնդիր չկա, իրենց պարզապես առիթ էր պետք, մի բան պիտի ասեին:
Ձեր նկատմամբ ազատազրկման վայրում ճնշումներ կայի՞ն:
Կային նման բաներ, բայց քանի որ ես քաղբանտարկյալ էի, իմ նկատմամբ վախենում էին ավելի կոպիտ լինել, բայց ամեն ինչ էլ կար: Ինձ որ նոր էին ձերբակալել, ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մի կույտ փաստաթղթեր բերեց լցրեց իմ դիմաց ու ասաց` ամբողջը ստորագրի: Դրանք վրացերեն էին, ես չէի հասկանում, թե ինչ փաստաթղթեր էին: Ես ասացի, որ չեմ ստորագրի մինչև իմ փաստաբանը չգա: Ասաց` ուզում է գա, ուզում է չգա, միևնույն է, դու պիտի բանտ նստես: Ասի` ինչի համար: Ասաց` դու լավ գիտես. «Վրացական երազանքին» ես տվել քո շենքը, դրա համար դու կնստես: Ու ես այդ փաստաթղթերը չստորագրեցի, հետո որ փաստաբանս եկավ, այդ փաստաթղթերն այլևս չկային:
Ի՞նչ եք մտադիր անել ազատ արձակվելուց հետո:
Շարունակելու եմ «Վրացական երազանքի» հետ համագործակցությունը:
Հնարավո՞ր է Ախալքալաքում Ձեզ պաշտոն էլ տան:
Ես չեմ ուզում: Թող ինձ հանգիստ թողնեն, ինձ ուրիշ բան պետք չէ: Ուրիշ բաներ չանեն:
Ուրիշ ինչ բաներ, սպառնալիքնե՞ր են եղել:
Դեռ չէ, բայց սպասում եմ, որ լինեն:
Հ.Գ. Հոկտեմբերի 25-ին նշանակված է Գեորգի Մխչյանի գործով հերթական դատական նիստը:
Լուսանկարը` «Հարավային դարպասի»
Մեկնաբանել