
Բազմերես ինքնությունս ուր որ գնամ հետս է. Արա Օշական
Շուշիում հոկտեմբերի մեկից մեկնարկած «Շուշի արտ փրոջեքթի» «Հող եւ տեխնոլոգիաներ» նախագծի շունչը տեղափոխվեց մայրաքաղաք: Հայազգի արվեստագետներից շատերը, որոնք ժամանել են արտերկրից, արդեն մայրաքաղաք Երեւանում են:
Լուսնակարիչ Արա Օշականի հետ պայմանավորվում եմ հանդիպել Ազատության հրապարակում: Անհամբերությամբ մեկ-երկու րոպե թերթում եմ «Father Land» գիրքը, որտեղ լուսանկարչի եւ հոր` հայտնի գրող Վահե Օշականի համատեղ աշխատանքն է:
Ծնունդով Լիբանանից լուսանկարիչն այժմ ապրում է Նահանգներում: Շուշիում դեռ եղել է 1998թ.-ին:
Անձրեւային եղանակը խանգարում է միանգամից նշմարել արագաշարժ լուսանկարչին, որը ամեն վայրկյան փորձում է պահ որսալ քաղաքի այս կամ այն անկյունում: Նույն արագությամբ տեղավորվում ենք սրճարանում: Ձեռքի թուղթը Ազգային պատկերասրահի տոմսն էր, պայուսակը եւ կեցվածքը` լուսանկարչի, որը ամենից առաջ կարեւորում է առնչությունն առարկայի, մարդու, շրջապատի հետ: Միանգամից շեշտում է.
«Ես բառի մարդ չեմ… Դժվարանում եմ խոսել. այն, ինչ ասելու եմ արդեն իսկ նկարներումս կա… Եվ ամենը նույնիսկ մեկ լուսանկարով չեմ կարող բնորոշել: Շուշին էլ… Լուսանկարի մեջ կարեւոր երկու բան կա` կեցվածքը եւ շարքը, որպեսզի ասելիքն ամբողջական լինի: Իմ լուսանկարները նախադասության նման են. երբ լավ շարադրես եւ ճիշտ դասավորես, կստանաս հրաշալի մի վեպ, որն ունի ճիշտ սկիզբ, միջնամաս եւ ավարտ»,- ասում է Արան:
Ինչպե՞ս ստացվեց, որ մյուս արվեստագետների հետ միասին «Շուշի արտ փրոջեքթի» շրջանակներում այցելեցիք Շուշի:
Հերին` ծրագրի ղեկավարը, որոշում էր` ով պետք է մասնակցի այս նախագծին եւ ինձ դիմեց… Գիտեր, որ իննսունականներից երկար հարաբերություն ունեի Շուշիի հետ, որը հիմնականում չի փոխվել. հոգեվիճակը նույնն է մնացել: Եվ սա մի առիթ էր, որը հետո դժվար թե ընձեռնվեր:
Ինստալացիան, որի արդյունքում շուշեցիների լուսանկարներով ավերված շենքերից մեկի պատուհաններն ու դռները ծածկվեցին, ինչպե՞ս է ծնվել, ո՞րն էր հենց նման նախագիծ իրականացնելու պատճառը:
Անընդհատ փլատակ շենքեր եմ տեսել Շուշիում, որոնք ունեն մեծ խորշեր` ճարատարապետորեն դրանք մեծ ապակիների համար են նախատեսված եղել: Այս հին շենքերը մահվան վկայությունների պես մի բան են, եւ մտքովս անցավ դրանցից գոնե մեկը կյանքի կոչել:
Այս նախագիծն արել եմ վերաբնակեցման գաղափարի շուրջ:
Ինչպիսի՞ վերաբերմունք ունեին շուշեցիները լուսանկարչական աշխատանքերը կատարելիս:
Դեռ ամռանը սկսվեցին աշխատանքները:
Իմ նպատակը շուշվեցիներին ներկայացնելն էր հենց իրենց. այս լուսանկարներում վերաբնակվողներն են` տարբեր տարիքի եւ սեռի: Ցանկությունս մեկն է` Շուշիի վերաբնակեցումն ավելի արագ տեսնելը:
Շուշեցիների մի մասը, ում լուսանկարում էի, խանդավառվեցին մտքից, եւ նույնիսկ մտերմիկ հարաբերություններ սկսվեցին:
Այս պարագայում ստեղծվեց կոնցեպտուալ արվեստի հետ առնչության գաղափարը: Զարմանալին այն էր, որ շատերը հասկացել էին գործի իմաստը` մեծից փոքր: Ոմանք ասում էին, որ Շուշին գեղեցկացնելու համար է:
Լուսանկարներից մեկում մի աղջնակ է, ով շենքի դիմացի երաժշտական դպրոցում է սովորում. ամեն օր իր հասակակիցներին բերում եւ բացատրում էր նկարների իմաստը` մատնացույց անելով հատկապես իր լուսանկարը:
Արդյոք շուշեցիները պատրա՞ստ էին ավերված շենքի փոխարեն այժմ տեսնել իրենց հարազատների եւ բարեկամների լուսանկարները:
![]() |
![]() |
![]() |
Շուշվեցիները շատ պարզ ժողովուրդ են, եւ առիթ չունեցա շատ բարդ զրույց ունենալու: Ավելի խորը չհասկացա, թե իրենք ինչպես զգացին երեւույթը:
Ինձ համար սկզբնական շրջանում բարդություն էր նկարի տեսակն ընտրելը, բայց հետաքրքիր բան կատարվեց. ես մտա Ղազանչեցոց եկեղեցի եւ տեսա առաքյալների նկարները, որոնք պատկերված էին ոտքից գլուխ: Սա ինձ համար հաղորդություն էր, եւ ես որոշեցի նույն կերպ էլ շուշվեցիներին պատկերել` ստանալով ահռելի նկարներ, որոնք զբաղեցրեցին ողջ դատարկ խորշերը:
Ինձ համար խնդրի լուծում դարձավ դա, որովհետեւ դրսի աչքը, երբ գալիս է եւ փորձում է մի բան ստեղծել տեղացիների համար, անպայման պետք է առնչություն ունենա, զգա տեղացիների մտածողության ձեւը:
Պատմեք, խնդրում եմ, լուսանկարելու ընթացքի մասին:
Տարօրինակ վիճակ էր: Այդ օրը, որ սկսեցի լուսանկարել ,Շուշիում ընտրություններ էին: Շուշին շտապում էր,մենք` դանդաղում: Շատերը չուզեցին, որ իրենց լուսանկարն այդքան մեծ մասշտաբով հայտնվի շենքի վրա: Ով չէր համաձայնում, բնականաբար, չէի լուսանկարում:
Շատ հետաքրքիր էր` ձեւավորվում էին հարաբերություններ, որոնք սկսվում էին մի բաժակ թեյի կամ սուրճի հյուրասիրությունից: Հենց այդ ժամանակ է, որ կապվում ես իրենց ամենօրյա կյանքին, լավ ես պատկերացնում վիճակը: Ես ութ տարի ունեի այդ հարաբերությունը, եւ այն ինձ եւս մեկ անգամ հետաքրքիր ու հաճելի էր:
Որպես արվեստագետ` ինչպե՞ս կգնահատեք Շուշիի եւ ընդհանուր առմամբ Արցախի ներկայիս մշակութային զարգացումները:
Տեղում ծանոթացանք մի քանի արվեստագետների հետ, որոնք մասնակցում էին ընդհանուր գործընթացներին: Ես տեսա, որ շինարարություն կա, իսկ դա առաջընթաց է:
Մեր նախագիծը կոնցեպտուալ արվեստի շուրջ է, եւ այդ արվեստի տեսակն է,որ խոսում է ապագայի մասին… Գիտեք` տվյալ պարագայում կարեւորվում է այն, որ տեղացիներից շատերը գուցեեւ չհասկացան կատարվածը, բայց միտվում են ապագային:
Բավականին դժվար է, կարծում եմ, տարածական, ժամանակային տարբերությունը խախտել եւ ներկայանալ նման արվեստով: Հենց այդ տարածքում գուցեւ առա՞ջ է գալիս ինքնության հարցը:
Ինձ համար ինքնության հարցը եզակի է. ես եւ հայ եմ, եւ ամերիկացի… Կան պահեր, որ ես ամբողջությամբ ինձ ամերկացի պետք է զգամ, եւ հակառակը` միանգամայն հայ: Այստեղից է սկսվում իմ ամբողջ արվեստը: Այդ հարցերը իմ գործերի մեջ են… Ես եմ իմ գործերի մեջ:
Երբ նկարում եմ Արցախում, ինքս ինձ եմ նկարում այդ տարածքում, եւ այդ մի քանի ինքնությունների գաղափարը սքանչելի ազատություն է տալիս արվեստագետին` դու դառնում ես աշխարհի բնակիչ` կրելով միանգամից մի քանի մշակույթների ազդեցությունը… Ազատագրումի պես մի բան է: Եվ երբ առաջանում է ինքնությանս հարցը, միանգամից լուսանկարում եմ, եւ տեսնում ինձ:
Իննսունականներին Ձեր հոր` Վահե Օշականի հետ միասին էիք Արցախում եւ ստեղծեցիք «Father Լand»-ը: Գրքում ներկայացված են Ձեր լուսանկարները, որոնք կրկին Արցախի բնակիչներին են պատկերում եւ Ձեր հոր պատմությունները` Արցախի մշակույթի, պատերազմի մասին: Այն ժամանա՞կ էլ կար ինքնության խնդիրը լուսանկարներում դնելու գաղափարը:
Լուսանկարչության ընթացը խիստ կարեւոր է ինձ համար. նյութը հստակեցված չէ, եւ էդ անհայտության մեջ է, որ պետք է երեւա նաեւ լուսնակարիչի եսը, ինքնությունը… Եվ նյութից կարեւոր դառնում է լուսանկարիչի զգացողությունն ու այդ իրականության մեջ գտնվելը:
Գիրքը, որ ստեղծեցինք ես եւ հայրս, տանսհինգ տարվա համագործակցություն էր… Զարմանալի բան է, որ այդ ընթացքում կորցրեցի հորս, ես հայր դարձա` ունենալով չորս զավակ… Գիրքն ստեղծվեց գոյությանս զուգահեռ… Ես հայր ունեի, հայր դարձա եւ ինքնության յուրահատուկ պարզաբանումը դրեցի աշխատանքում:
Բազմերես ինքնությունս ուր որ գնամ, հետս է… Ճամպրուկների պես է` անընդահատ պետք է պտտեցնես հետդ եւ մշտապես տեղ հատկացնես...
Տես նաեւ՝ Արա Օշական / Քաշաթաղի շրջան: Գյուղ Հայկազյան: Պարգեւ Համբարյանի ընտանիքը:
Արա Օշական / Քաշաթաղի շրջան: Գյուղ Հակարի: Գյումրեցի Արտաշի ընտանիքը:
Մեկնաբանել