
5 տարվա ազատազրկում. խոստացել է օգնել բնակարան ստանալու հարցում և գումարը գրպանել
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար քաղաքացի Ա. Քարամովին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:
Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն՝ քաղաքացի Ա. Քարամովը առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, փախստականների բնակարանային խնդիրներով զբաղվող պետական որևէ հաստատությունում չաշխատելով, սակայն ներկայանալով որպես տվյալ ոլորտում գործնական կապեր ունեցող նախկին աշխատակից, թվով 4 անձի հավաստիացրել է, թե ինքը կարող է նրանց օգնել բնակարան ստանալու հարցում:
Պետական բնակարանային ֆոնդից Երևանում բնակարան ձեռք բերելու գործընթացը կազմակերպելու պատրվակով Ա. Քարամովը մեկ փախստականից, ինչպես նաև ՀՀ 3 քաղաքացուց պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի գումար այն ծախսելով անձնական կարիքների համար:
Դատարանում Ա. Քարամովն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ:
«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Ա. Քարամովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:
Մեկնաբանել