
Իշխանությունների առաջարկած ձևաչափն ընդունելի՞ կդառնա ՀԱԿ-ի համար
«ՀԱԿ-ի առաջարկած երկխոսության ձևաչափն ընդունելի չէ»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքերով` դեռևս 3 տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց բոլորի հետ նստել երկխոսության: Շատերը համաձայնվեցին, բայց ոչ ՀԱԿ-ը, իսկ իրավիճակն ավելի լարված բնույթ ստացավ հատկապես մարտի 1-ի դեպքերից հետո:
«Այժմ երկխոսությունը կարծես թե իրականություն է: Սակայն երբ քաղաքական բոլոր ուժերին առաջարկվում է երկխոսություն, դա դեռ չի նշանակում, որ իշխանություններն այնքան թուլացած են, որ կարող են գնալ ցանկացած առաջարկության և պահանջի կատարման»,- նշեց պատգամավորը:
Ըստ նրա` ընդունելի է միայն Սերժ Սարգսյանի առաջարկը` երկխոսություն բոլորի հետ միասին, և չի կարելի առանձին ուժերի հետ գնալ երկխոսության, և դա համարել երկխոսություն:
«Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այս ձևաչափը կընդունվի նաև ՀԱԿ-ի կողմից»,- նշեց Գ. Մելիքյանը:
Նրա խոսքերով` իշխանությունները պատրաստ են երկխոսության:
«Եթե ՀԱԿ-ի որոշ առաջնորդներ մինչև հիմա պահակների մակարդակով են երկխոսության նստել, և դա իրենց ամենաբարձր մակարդակն է, ապա կարող են հանդիպել նաև Հանրապետական կուսակցության պահակի հետ և նրանից տղայական պատասխան լսել` գնացեք ուրիշ տեղ խաղացեք, թեկուզ` տունտունիկ: Ես չեմ կարծում որ դա ընդունելի է»,- ասաց Մելիքյանը:
Ըստ նրա` ՀԱԿ-ից բացի կան ավելի լուրջ ընդդիմություններ, որոնք շատ մեծ գործ են անում, իսկ իշխանությունների հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է:
Մելիքյանի խոսքերով` եթե ՀԱԿ-ը սպասում Սերժ Սարգսյանի պատասխանին, ապա որևէ ավել բան չի ասվելու:
Միաժամանակ Մելիքյանը միանշանակ ժխտեց արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը` մեջբերելով արդարադատության նախարարի այն հայտարարությունը, թե Հայաստանում դրա համար չկան իրավական հիմքեր և քաղաքական նախադրյալներ:
Մեկնաբանել