
Լոռու մարզպետը միանձնյա որոշում կայացրեց զիջել «համատեղ բիզնեսից»
Լոռու մարզի վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ «Լոռու մարզ» թերթի խմբագիր Մանվել Միկոյանը, ինչպես սովորաբար նախորդ նիստերին է լինում, հայտարարություն արեց, որ համայնքապետները չեն վճարում թերթի բաժանորդագրման պարտքերը:
«Պարտատերերի մի մասը այս ընթացքում, որ ես հայտարարություն չեմ արել, փորձել են նվազեցնել իրենց պարտքերը, բայց կան համայնքներ, որոնք դեռևս լռում են: Համայնքներ կան, որ ունեն նաև հայտարարությունների պարտքեր»,- ասաց Մանվել Միկոյանը և կարդաց բաժանորդագրման միայն այս, 2 և ավելի տարվա, 100 հազար և ավելի պարտք ունեցող համայնքների անունները` վերջին դեպքում նշելով մոտ 12 համայնք:
«Այս թվերը մոտավորապես կազմում են 2 միլիոն դրամ: Խնդրում եմ մոտակա ժամանակահատվածում, ասենք հոկտեմբեր ամսվա ընթացքում այս պարտքերը վճարեք, որպեսզի մեր խմբագրությունը նույնպես կարողանա գոյատևել և իր ֆինանսական հարցերը լուծել»,- բաժանորդ-համայնքապետներին ասաց խմբագիրը:
Ջրաշենի գյուղապետը, սակայն, ձայնի իրավունք խնդրելով, բողոքեց, թե «ինչի տեր է, որ 13 տարվա պարտք փակի»: Բայց մինչ խմբագիրը նրան կբացատրեր, որ նախորդ գյուղապետի իրավահաջորդն է, «այսինքն` չի կարող պատահի, որ նրա հետ կապ չունենա», մարզպետ Արթուր Նալբանդյանը բողոքավոր գյուղապետի «13 տարվա» պարտքը միանգամից գյուղապետին բաշխեց` ասելով. «Կխնդրենք խմբագրին, որ Ջրաշենին սև ցուցակից հանի»: Դժգոհ խմբագրին այլ բան չէր մնում, քան անխոս իջնել բեմից:
«Լոռու մարզը» Լոռու մարզպետարանի կողմից է հիմնադրվել և սկզբում պաշտոնապես մարզպետարանի պաշտոնաթերթն է եղել: Այժմ կիսով չափ` 51 %-ով է մարզպետարանինը, 49%-ի բաժնետերը խմբագիր Մանվել Միկոյանն է: Թերթը տպագրվում է շաբաթը 2 անգամ, խմբագրի ասելով` 1000 տպաքանակով և ամբողջությամբ սպառվում: Ընդ որում, 70%-ով բաժանորդագրման միջոցով է իրացվում` բաժանվելով մարզի բոլոր համայնքներին: «Լոռու մարզը» տարեկան նաև մինչև 1 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն է ստանում պետական և տեղական բյուջեներից: Մարզպետարանի կողմից հատկացվողը կառավարության տողով ոչ պետական մամուլի համար նախատեսված աջակցություն է, իսկ Վանաձորի քաղաքապետարանը թերթին աջակցում է համայնքային միջոցներից:
Մեկնաբանել