
Հէկը կառուցվել է առանց համայնքի թույլտվության. գյուղացիների բողոքը արդյունք չի տալիս
Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը-9
Նազարյանների ընտանիքը իրենց տան պատուհանները հատուկ «եվրո» են դրել, որպեսզի մեկընդմիշտ ազատվեն հարևանությամբ աշխատող փոքր հիդրոէլեկտրակայանի առաջացրած աղմուկից: Փոքր երեխային էլ տան հետնամասի սենյակում են քնեցնում, որպեսզի այդ աղմուկից երեխան չարթնանա: Հայկն ասում է, որ եվրոպատուհաններն էլ չօգնեցին, միևնույն է, ձայնը լսելի է, հատկապես, երբ աշխատում են փոքր հէկի բոլոր` 3 գեներատորները:
Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում` Արփա գետի Դարբ վտակի վրա, «Ֆիրմա Գ.Ա.Խ.» ՍՊԸ-ն կառուցել է «Սարավան» փոքր հիդրոէլեկտրակայանը 2470 կՎտ դրվածքային հզորությամբ: «Ֆիրմա Գ.Ա.Խ.» ՍՊԸ-ն հիմնադրել են Գագիկ Խաչատրյանն ու Արամ Ազատյանը: Սակայն այդ հէկի համար որևէ փաստաթուղթ համայնքի ղեկավարը չի ստորագրել, հէկը չի կառուցվել ի սկզբանե հէկի կառուցման համար տրամադրված տարածքում, որը գյուղից դուրս էր գտնվում և մարդկանց առողջությունը որևէ կերպ չէր վտանգի:
Սարավանի համայնքապետ Սիմոն Բաբայանն ասում է, որ արձակուրդից վերադարձել ու տեսել է, որ հէկի շենքը նոր այլ տեղում է կառուցվել` անհատ սեփականատիրոջ հողատարածքում:
«Ինքնակամ շինություն է,- ասում է գյուղապետը և նշում, որ մեծ պատմություններ են եղել այդ հէկի հետ կապված,- վարչական տույժ է եղել, ոչ ենթարկվում է, ոչ բան է անում, վարչական տույժը գրում ուղարկում ենք` նամակներին չի պատասխանում, չի ընդունում»:
Անհատ սեփականատիրոջ տարածքը, որտեղ այժմ գործում է հէկը, անմիջապես կից է գյուղի բնակելի մասին, իսկ փհէկի աղմուկն այնքան շատ է, որ գյուղացիները ստիպված հանրապետության նախագահին են բողոքել: Գագիկ Խաչատրյանը գյուղացիներին հավաստիացրել է, որ հէկի շենքին եվրոպատուհաններ կտեղադրեն, հերմետիկ կփակվի, ու ձայնը գյուղացիներին չի խնագարի, բայց եվրոպատուհաններ դնելուց հետո աղմուկը չի վերացել: Եվ այդպես արդեն ավելի քան մեկ տարի:
Հէկը գործում է անցյալ տարվա ամռանից, և արդեն իսկ աշխատակիցները բազմիցս կտրել են գյուղացիների ոռոգման ջուրը: «Անցած տարի խնդիր առաջացավ, ես իմ մեքենայով բարձրացել եմ ակունքը, որտեղից գեսը սնվում է, էնտեղ չափ դրեցինք, պեչատեցինք, որ դրանից ավել ջուր չպիտի ընդունի գեսը, ու էդպես խնդիրը լուծվեց»,- պատմում է համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ռազմիկ Մանուկյանը:
Իրականում խնդիրը չի լուծվել. այս տարի բնակիչներին ոռոգման սեզոնին ջուր չի հասել, գետը ցամաքել է, քանի որ ջուրը վերցրել է հէկը: Բնակիչների ահազանգով միջամտել է Բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի բաժինը: Բաժնի պետ Վահիկ Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրեց, որ բնակիչների և համայնքի ղեկավարի ահազանգով գնացել և խախտում են հայտնաբերել տեղում, և համապատասխան էկոլոգիական թողքը չապահովելու համար հէկին տուգանել են 150 հազար դրամով: «Մի քանի անգամ պարբերաբար համայնքի ղեկավարի, համայնքի բնակիչների ահազանգով մենք գնացել ենք այդ հէկը, ամեն անգամ տարբեր ձևի զգուշացումներ են եղել»,- ասաց Վ. Գրիգորյանը:
Խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Հէկի խողովակաշարի մի մասն անցնում է գյուղացիների սեփականաշնորհած տարածքների միջով: Հէկի սեփականատերերը հողատերերին սկզբում չեն փոխհատուցել, միայն բնակիչների բողոքներից հետո նրանց չնչին փոխհատուցումներ են տրվել` 5-20 հազար դրամ: «Եթե Երևանում կամ ուրիշ տեղ նման տարածք վարձակալեին, հաստատ 100 հազար դրամից պակաս չէր լինի` մանավանդ, որ ինքը դրանից եկամուտ է ստանում»,- ասում է համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռուզան Ասատրյանը:
Գյուղապետ Բաբայանը վստահ է, որ սերվիտուտի պայմանագիրը կնքվել է բազմաթիվ շեղումներով. «Էն, ինչը որ պիտի տեղափոխեր, հարթեցներ, դաշտամիջյան ճանապարհները քանդուոքարափ արեց, դրանք էլ չդզեց»:
«Հասարակ մի բան, որ ասում ենք` գոնե գյուղին գիշերային լուսավորություն անեն, էդ էլ չեն ուզում անել,-դժգոհում է Ռազմիկը,- գյուղի մեջ դրել ես յեքա գէսը, բա դու գյուղացուն ոչնչով չօգնե՞ս»:
Գյուղապետը մինչ օրս հէկի շահագործման ակտը չի ստորագրել: Մի քանի անգամ վարչական տույժ են գրել ու ուղարկել, նամակները ետ է վերադարձվել, իսկ հեռախոսազանգերին պատասխանելիս Գ. Խաչատրյանը մշտապես ասել է, որ հանրապետությունում չէ:
«Մարզպետին գրավոր դիմեցի, դրա պատճառով քաղաքաշինության տեսչության պետ փոխեցին, մի խոսքով` լիքը խնդիրներ, ես ակտերի տակ չեմ ստորագրել, ու տենց աշխատում է, վկայական չունի, ես ավարտական ակտի տակն էլ չեմ ստորագրել, ես չեմ կարող հասկանալ, թե դրա ճակատագիրն ինչ պետք է լինի»,- ասում է գյուղապետ Բաբայանը:
Սա Գագիկ Խաչատրյանի միակ հէկը չէ, նա ևս մեկն ունի Վարդենիկում, իսկ Վայոց ձորի Գողթանիկ գյուղում ավարտվում են ևս մեկի կառուցման աշխատանքները: Իսկ մինչ այդ` սարավանցիներն ասում են, որ Գագիկ Խաչատրյանը խոստացել է տեղափոխել հէկը: Առայժմ խոստումը չի կատարել: Թե որքանով է վտանգավոր այդ ձայնը գյուղի բնակիչների առողջության համար, որևէ գերատեսչություն չի ստուգել:
Հ. Գ. Գողթանիկում Գագիկ Խաչատրյանը իր աշխատողներին մի քանի ամիս շարունակ աշխատեցրել, բայց աշխատավարձերը չէր վճարել: Վերջինս մեզ հետ զրույցում հիմնավորեց, որ ինչ-որ խնդիրներ են առաջացել տնօրենի հետ, և անպայման աշխատակիցները ստանալու են այդ գումարները: Այս հէկին կանդրադառնանք ավելի ուշ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել