
Եթե հերքում տպագրվի, Քոչարյանը կհաշտվի
Այսօր շարունակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի նախնական դատական քննությունը, որի ժամանակ հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին և լրագրող Լուսինե Պետրոսյանին որպես վկա դատարան կանչելու վերաբերյալ: Նպատակը, ըստ հայցվորի, թերթի հրապարակումներում տեղ գտած արտահայտությունների պարզաբանումն է:
Պատասխանողի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն առարկեց` ասելով, որ թերթը ընդունել է վիճարկելի արտահայտությունները հրապարակելու փաստը, որն էլ հենց ենթակա է ապացուցման, իսկ թերթում տեղ գտած արտահայտությունները փաստեր չեն, այլ` կարծիք: Պատասխանողի փաստաբանի առաջարկով՝ դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց մինչև փաստերի քննության փուլ:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը թերթից պահանջում է «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների» հերքում և 6 մլն դրամի փոխհատուցում, որից 3 մլն-ն` վիրավորանքի և զրպարտության, իսկ մյուս 3-ը` դատական ծախսերի համար:
Քոչարյանի ներկայացուցիչները հայտարարեցին նաև, որ իրենք չեն ստացել կողմի պատասխանը: Սակայն դատավորը ցույց տվեց գործում առկա պատասխանը և նշեց, որ այն ուղարկվել է ժամկետի մեջ: Պատասխանի պատճենը կողմին տրամադրվեց նիստից հետո:
Դատական նիստի ավարտին դատավորը հիշեցրեց կողմերի վեճը հաշտությամբ լուծելու իրավունքի մասին, ինչին հայցվոր կողմը պատասխանեց, որ մեկ անգամ փորձ արվել է թերթում հերքում տպագրել և միայն դա կարող է հաշտեցման համար հիմք հանդիսանալ:
Պատասխանող կողմի փաստաբանը նշեց, որ այս առաջարկը պետք է քննարկի իր վստահորդի հետ:
Մեկնաբանել