
Աղվան Հովսեփյանը նկատել է, որ Վարդան Օսկանյանի ելույթից հետո պատգամավորները հուզվել են
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ ամբիոնից հնչեցնում է իր ամփոփիչ ելույթը: Ըստ նրա՝ Վարդան Օսկանյանի երեկվա ելույթը շատ հուզիչ էր, ինչը որոշ պատգամավորների ստիպել է հուզվել, սակայն պատգամավորի ելույթը հեռու էր իրավական հարթությունից:
Նա եւս մեկ անգամ նշեց, որ նպատակ ունեն պաշտպանել «Սիվիլիթասի» շահերը եւ Հանթսմանների բարի անունը: Աղվան Հովսեփյանը նշեց, որ պատահական չէ շաբաթ օրը Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարից 870 հազար դոլար փոխանցվել «Սիվիլիթասի» հաշվեհամարին:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի հետ խորհրդակցելուց հետո է միայն փոխանցումն արվել, ինչը կարող էր եւ չանել, քանի որ Հանթսմանը կոնկրետ հանձնարարական չի տվել, թե իր փոխանցած գումարն ինչպես ծախսեն եւ կոնկրետ որ հաշվեհամարի վրա պահեն:
Նշենք, որ Աղվան Հովսեփյանի ելույթն ավելի շատ մեղադրական ճառ է հիշեցնում. որոշ դեպքերում նա տալիս է որակումներ՝ խախտելով մարդու անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքը:
Այս պահին խորհրդարանում ընդմիջում է. գլխավոր դատախազը դեռ հանդես կգա ամփոփիչ ելույթով:
Մեկնաբանել