
Ինչու եւ ինչպես «հանձնել» Օսկանյանին
Այն, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը հիմնականում քաղաքական ենթատեքստ ու նշանակություն ունի, հիմնավորվում է մի քանի պարզ իրողություններով: Նախ` այս նախաձեռնությունը ցուցաբերվեց ԱԱԾ-ի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով փողերի լվացման և յուրացման հատկանիշներով քրգործի հարուցումից միայն չորս ամիս անց, երբ արդեն հետևում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օսկանյանի նկատմամբ նման պատասխանատու քայլի ձեռնարկումը պարունակում էր քաղաքական ցնցումների լուրջ պոտենցիալ, որը բացասական ֆոն էր ստեղծելու և գուցե առաջացներ նաև ԲՀԿ-ի էական հակազդեցությունը՝ դրանից բխող հետևանքներով, իշխանությունը պարզապես որոշեց նախկին արտգործնախարարի «հարցերը լուծել» ՏԻՄ ընտրություններում հերթական հաղթանակը հանգիստ, ԲՀԿ-ի հետ փոխհամաձայնության մթնոլորտում ձևակերպելուց հետո:
Երկրորդ` դատախազը միջնորդագիրը ներկայացրեց 2 շաբաթ առաջ Սերժ Սարգսյանի կողմից կառավարության գործունեությունը խիստ քննադատության ենթարկելուց, այսպես կոչված «ատկատային» բացահայտումներն անելուց և գնումների գործակալության պետին պաշտոնանկ անելուց հետո: Եթե հաշվի առնենք, որ միջնորդագիրն ուղարկելուց անմիջապես հետո, միանգամայն անսպասելի ձերբակալվեց նաև սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ակնհայտ է դառնում, որ խնդիր է դրվել Օսկանյանի «հարցերը լուծելու» օպերացիան իրականացնել այնպես, որ դա դիտարկվի հենց կառավարության աղմկահարույց խորհրդակցությամբ մեկնարկած, իբր կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ Սերժ Սարգսյանի սկսած լուրջ ու աննահանջ պայքարի համատեքստում:
Սա ինքնանպատակ չի արվում: Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Վարդան Օսկանյանը որևէ ձևով չի համաձայնելու գնալ խնդրի բացառապես իրավական լուծման ճանապարհով. մի կողմից` որովհետև նախապես հայտարարել է իբրև իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման դրսևորում, և երկրորդ` որովհետև այդ դեպքում մնալու էր մեն-մենակ:
Պատահական չէ, որ անձեռնխելիությունից զրկելու՝ դատախազի միջնորդագրի ներկայացումից հետո, որոշակի կամուկացից հետո ԲՀԿ-ն հայտարարեց, որ այդ նախաձեռնությունը քաղաքական հետապնդում է ոչ միայն Օսկանյանի, այլև ողջ կուսակցության նկատմամբ, ինչը նշանակում է, որ հարցն ամբողջությամբ քաղաքականացվելու է: Մյուս կողմից՝ միջնորդագրի մասին հայտնի դառնալուց հետո Օսկանյանը «Սիվիլիթաս»-ում հրավիրում է այլ երկրների դեսպանների և նրանց պարզաբանումներ տալիս գործի բովանդակության և դրանում իր ներգրավվածության մասին, որով հստակ հասկացնում է, որ հարցին տալու է միջազգային հնչեղություն` փորձելով պաշտպանություն փնտրել նաև միջազգային հանրության և կազմակերպությունների մոտ:
Սա չափազանց լուրջ մարտահրավեր է իշխանությանը, որն առանց այն էլ մեծ դժվարություններ ունի ապացուցելու «Սիվիլիթաս»-ի և Օսկանյանի կողմից հատկապես փողերի լվացման գործառնություններ իրականացնելու փաստը: Եվ իշխանության ներսում սկսված ատկատային այս որսերը, փոքր ու միջին տրամաչափի շնաձկների պաշտոնանկություններն ու ձերբակալությունները կոչված են ստեղծելու իշխանության ինքնապաշտպանության անհրաժեշտ ֆոնը: Երբ իշխանության նկատմամբ մեղադրանք հնչի, թե ի դեմս Օսկանյանի նկատմամբ սկսված հետապնդումների՝ Սերժ Սարգսյանի վարչակազմը փորձում է շարքից հանել իր հիմնական քաղաքական մրցակիցներին ու հակառակորդներին, իշխանությունը կփորձի հակադարձել նրանով, որ Օսկանյանի նման պատասխանատվության են կանչվում նաև նախագահի թիմակիցները, «յուրայինները», հետևաբար սա ուղղորդված գործընթաց չէ: Կարճ ասած` իշխանությունը փորձում է խուսափել «տիմոշենկոյի սինդրոմից»:
Սակայն հարցն այն է, թե ինչու է իշխանությունը, այնուամենայնիվ, ուզում մինչև վերջ «ճզմել» նախկին արտգործնախարարին: Պարզ է, որ այստեղ Օսկանյանի ընդդիմադիր հայացքներն ու սուր քննադատությունները երկրորդական են: Դրանք հնչում էին նաև մինչև Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելը: Սակայն միայն այն հանգամանքը, որ հենց այս կուսակցությանն անդամակցելուց և այդ դաշտից քաղաքական ակտիվ գործունեություն ծավալելուց հետո ԱԱԾ-ն հանկարծ հայտնաբերեց մի քանի տարի գործող «Սիվիլիթասի» «փողալվացման մեքենան», վկայում է, որ խնդիրն ավելի շատ ՀՀԿ-ԲՀԿ-Օսկանյան եռանկյունու մեջ է, որտեղ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ նկատառումներից ելնելով` Սերժ Սարգսյանը Օսկանյանի դերակատարությանը, նրա գործոնին հատկացնում է շատ կարևոր, ըստ էության՝ հանգուցային նշանակություն: Եվ, փաստորեն, նա ոչ այնքան անձնապես Օսկանյանի, որքան նրանով պայմանավորված՝ այդ հանգուցային կետի հետ կապված իր խնդիրներն է փորձում կարգավորել: Այս իմաստով կարող է լինել երեք հնարավոր տարբերակ:
Տարբերակ 1.
Սերժ Սարգսյանը փորձում է ԲՀԿ-ից հանել այն «կույր աղիքը», որը ԲՀԿ-ին իր համար դարձնում է անվերահսկելի և դրդում ոչ թե համագործակցության, այլ մրցակցության: Այս տարբերակը իրական էր թվում Օսկանյանի նկատմամբ քրգործի հարուցման շրջանում, երբ ակնհայտ էին ԲՀԿ-ին իշխանությունից պոկելու և ինքնուրույն քաղաքական միավոր դարձնելու վերջինիս անթաքույց նկրտումները: Սակայն վերջնարդյունքի վրա Օսկանյանի այս ազդեցությունն էական նշանակություն չունեցավ: ԲՀԿ-ն ընդդիմություն չդարձավ և ընդամենը ֆորմալիզացրեց այն կարգավիճակը, որն ուներ կոալիցիոն իշխանության մեջ գտնվելիս: ԲՀԿ-ն ընդունեց ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները, չգնաց բողոքարկման, ռադիկալ քայլերի, համակերպվեց երկրորդի կարգավիճակի հետ: Ավելին. Ծառուկյանն ըստ էության նույնիսկ գործակցության մեջ մտավ իշխանության հետ Գյումրիում և խոշոր համայնքներում տեղական իշխանությունների ընտրության հարցում, և դա տեղի ունեցավ Օսկանյանի ճչացող լռության ֆոնին: Օսկանյանն այս ընթացքում ակնհայտրորեն խուսափում էր հրապարակային ակտիվ գործունեությունից: Նույնիսկ ինչ-որ առումով մեկուսացած էր ԲՀԿ-ի կորիզից և վերծվել էր «օտարների մեջ յուրայինի և յուրայինների մեջ օտարի»: Այսինքն` ընտրություններից հետո Օսկանյանն այլևս էական գործոն չէր ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում: Եթե Սերժ Սարգսյանի խնդիրը միայն նրա գործոնը ԲՀԿ-ում թուլացնելը կամ չեզոքացնելը լիներ, ապա տեղի ունեցած այս դիրքային փոփոխությունից հետո նման ռիսկերի, քաղաքական ցնցումներ ենթադրող այսպիսի պրոցեսներ ձեռնարկելու անհրաժեշտություն չէր ունենա:
Տարբերակ 2.
Սերժ Սարգսյանը փորձում է ԲՀԿ-ին ստիպել համաձայնել իշխանության վերաբաժանման այնպիսի սցենարի, որից Գագիկ Ծառուկյանն ու գուցե նաև նրա թիկունքում Ռոբերտ Քոչարյանի «ստվերը» ստանան նվազագույն օգուտներ: Հայտնի է, որ ԲՀԿ-ն իշխանության հետ պայքարը կամավոր կերպով իջեցնում է վարչապետի պորտֆելի և կառավարության կաբինետի նկատմամբ ունեցած հավակնությունների տիրույթ:
Սա կարելի է համարել Վարդան Օսկանյանի սցենարը, ավելի ճիշտ դրա մոդիֆիկացված տարբերակը, որի մասին նախկին արտգործնախարարը անընդհատ խոսում ու ակնարկում էր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Այն ժամանակ Օսկանյանը փաստացի ընտրողներին առաջարկում էր ձայն տալ ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս ԱԺ-ում մեծամասնություն կազմի և կառավարություն ձևավորելու իրավունք ստանա: Այս սխեման աշխատելու դեպքում Սերժ Սարգսյանն ավտոմատ վերածվում էր «անգլիական թագուհու» և սկսում նախագահ աշխատել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական կառավարության մոտ: Հիմա ԲՀԿ-ն կառավարություն կազմելու հարցում որոշիչ փաթեթն ուզում է ձեռք բերել արդեն կուլիսային պայմանավորվածությունների միջոցով:
Պատահական չէր Ահարոն Ադիբեկյանի հրապարակած վերջին սոցհարցումների արդյունքները, որով հաստատվում էր, թե Գագիկ Ծառուկյանին նախագահ է ուզում տեսնել ընտրողների ավելի քան 60 տոկոսը: Սա ակնհայտ ճնշում էր Սերժ Սարգսյանի նկատմամբ առ այն, որ վարչապետի և կառավարության հարցում ԲՀԿ-ի համար նախընտրելի լուծումների չգնալու դեպքում ԲՀԿ-ն կարող է նաև այլընտանքային թեկնածու առաջադրել` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, կամ գուցե նույնիսկ Վարդան Օսկանյանի: Եվ օգտագործելով «Սիվիլիթասի» միջոցով փողեր լվանալու և յուրացնելու թեման` իշխանությունը կարող է այն որպես զսպաշապիկ օգտագործել ԲՀԿ-ի նկատմամբ ճիշտ այնքանով, որքանով կարող են ինչ-որ մութ պատմություններ բացահայտել ԲՀԿ-ական նախկին նախարարների պաշտոնավարման շրջանում, նրանց ենթակայության ոլորտներում կատարված չարաշահումների հետ կապված: Եթե այդպես է, ապա թե քաղաքաշինության և առողջապահության նախկին նախարարներ Վարդան Վարդանյանի և Հարություն Քուշկյանի և թե Օսկանյանի շուրջ ընթացող վերջին այս զարգացումները կարելիէ համարել որպես ՀՀԿ-ի հետ ընթացող կոմպրոմատային պատերազմի հերթական հանգրվանը կամ ԲՀԿ-ի նկատմամբ շանտաժի որոշակի դրսևորում: Տրամաբանությունը թվում է շատ պարզ. ճնշել ԲՀԿ-ին ու Ծառուկյանին այնքան, որ նրանք համաձայնեն պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունն սպասվող նախագահական ընտրություններին, բայց հրաժարվեն վարչապետի պաշտոնի նկատմամբ իրենց հավակնություններից:
Սակայն հարց է առաջանում. արդյո՞ք Սերժ Սարգսյանը մինչև վերջ հաշվարկել է սկսած այս խաղի բոլոր հնարավոր հետևանքները: Խնդիրն այն է, որ Օսկանյանի դեմ սկսված այս պրոցեսը կարող է վերջնականապես ԲՀԿ-ին մղել ընդդիմության և այնտեղ գործող հիմնական խաղացողներին իր շուրջը բյուրեղացնելու դաշտ: Ի վերջո ԲՀԿ-ն կարող է հայտարարել, որ ընտրություններին հանդես է գալու սեփական թեկնածուով և այդ թեկնածուն ոչ ավել ոչ պակաս կարող է լինել հենց Վարդան Օսկանյանը: Նրա թեկնածության առաջադրումը այսպիսով կարող է վերածվել նախկին արտգործնախարարի և ԲՀԿ-ի քաղաքական պաշտպանության ամենակարևոր կռվաններից մեկը: Այդպիսով ԲՀԿ-ն կարող է Սերժ Սարգսյանին ներքաշել մրցակցին այս քրգործով շարքից հանելու քարոզչական դաշտ:
Միակ բանը, որը կարող է Սերժ Սարգսյանին ստիպել անտեսել նման զարգացումները, նրա մոտ այն հնարավոր խորը համոզվածությունն է, որ ԲՀԿ-ի ներսում առկա օլիգարխիկ մեծ ու փոքր շրջանակները երբեք չեն համարձակվի Ծառուկյանի հետ մղվել ընդդիմադիր դաշտ: Այսինքն` եթե վերջինս գնա այդ քայլին, ապա ԲՀԿ-ին, առնետավազքի ավանդական կանոններով, կտանի փլուզման:
Տարբերակ 3.
Սերժ Սարգսյանը պարզապես փորձում է ի դեմս Վարդան Օսկանյանի` ստեղծել իր համար պսևդոմրցակից, ընդդիմության կեղծ միասնական թեկնածու և դրա համար օգտագործում է նրանից քաղաքական հալածյալի կերպար ստեղծելու մեթոդաբանությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանում հասարակությունը մոբիլիզացվելու հատկություն դրսևորում է բացառապես նախագահական ընտրությունների շրջանում` ընդգծված այլընտրանքային, խարիզմատիկ լիդերների ետևից գնալով: Նախկին երկու նախագահների համար սա միշտ եղել է գլխացավանք և միշտ հանգեցրել հասարակական-քաղաքական լրջագույն ցնցումների: Քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությունը ոչ մի նախադրյալ չի ստեղծում հանրային քաղաքական մոբիլիզացիայի հանգեցնող միասնական թեկնածուի առաջադրման համար: Սակայն ոչինչ բացառել չի կարելի:
Ընդ որում` Սերժ Սարգսյանի համար էականը ոչ թե նման թեկնածուի ի հայտ գալն է, այլ ընտրությունները մարդավարի, այսպես կոչված «ժողովրդավարական չափանիշներին համապատասխան» անցկացնելը, հատկապես իշխանությունն ամբողջությամբ իրեն ենթարկեցնելու և 2008-ի մարտի 1-ի քաղաքական հետևանքներից թոթափվելու համար: Իսկ դա այս իշխանության համար, որը տապալել է գործնականում բոլոր հիմնական առաջնահերթություններն ու ծրագրերը, անհնար կլինի իրագործել որևէ ձևաչափով միավորված ընդդիմության և ընտրազանգվածի պարագայում: Դա թույլ չտալու ամենահետաքրքիր և կարճ ճանապարհը ընդդիմության ձեռնարկումների կառավարելիության ապահովումն է: Իսկ սրա լավայուն միջոցն էլ կառավարելի մրցակից կամ մրցակիցներ ունենալն է: Օսկանյանին քաղհալածյալ, մարտնչող մարտիկ ներկայացնելով իշխանությունն ինքնաբերաբար թույլ է տալիս, որպեսզի հասարակությունը, քաղաքական ուժերը ոչ թե ԲՀԿ-ի, այլ հենց Օսկանյանի անձի և նրա իրավունքների պաշտպանության շուրջ համախմբվեն, դրան ողղեն իրենց էներգիան: Եվ իրական միասնական թեկնածուի հարցը ինքնաբերաբար արանքից դուրս կմղվի:
Սակայն որպեսզի այս սցենարն իրականացվի, անհրաժեշտ է, որ ԲՀԿ-ն դրա մասը կազմի: Այս պարագայում վերջինս կրկին սկսում է կատարել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կառավարող, հետագայում նաև փոշիացնող կարևորագույն գործիքի դերը, որը հաջողությամբ կամա թե ակամա, կիրառվել է վերջին երեք համապետական ընտրություններին: Բայց հարցն այն է, թե ի?նչ է դրա դիմաց ակնկալելու ԲՀԿ-ն:
Ինչևէ, թե այս տարբերակներից որի հետ գործ ունենք, կամ թե արդյոք այս ամենը բոլորովին այն արեայից չէ, կերևա առաջիկայում` հատկապես ԲՀԿ-ի կեցվածքից ու կայացվելիք որոշումներից, իչնպես նաև ԱԺ-ում Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդության քննարկումներից և հետագա զարգացումներից: Բայց որ արդեն հիմա մենք գործ ունենք 2013-ից հետո գալիք իշխանության ձևավորման խորքային գործընթացների հետ, որևէ կասկած չկա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել