
Աղքատությունը «դասավորում է» Մարլենի երեխաների կյանքը (վիդեո)
Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի բնակչուհի Մարլեն Առաքելյանը բանջարեղենի պահածո էր փակում, երբ մտանք նրա տուն: Ընտանիքը ժամանակավոր բազմանդամ էր դարձել. սմբուկն ու պղպեղը խորովելու գործը Մարլենի տուն էր բերել նաև հարևաններին: «Մորս նման է, հենց պետք է լինում, հասնում է»,- ասում է Մարլենը ու ցույց տալիս պղպեղ աղացող տարեց հարևանուհուն:
Մարլենը մենակ է մեծացնում երկու որդիներին` Իշխանին ու Սևակին: Արդեն մեկ տարի է, ինչ կորցրել է ամուսնուն, իսկ սկեսուրը մահացել է յոթ ամիս առաջ: Հարևանները պետք եղած դեպքում մենակ չեն թողնում նրան, բայց ընտանիքի սոցիալական ծանր վիճակը թեթևացնել չեն կարող. եկամտի հիմնական աղբյուրը 35000 դրամ թոշակն է: Մարլենը հարազատներ ունի Վարդենիսում. պահածոյացնելու համար բանջարեղենը «նվեր» է ստացել հենց այնտեղ ապրող զարմուհուց: Ասում է` ինքն էլ կուզեր ապրել Վարդենիսում, «գոնե մի խանութում հավաքարար կաշխատեր», իսկ գյուղում «ընդհանրապես գործ չկա»:
![]() |
Մարլեն Առաքելյանի տունը. տան կողքին փլված զուգարանն է |
Աղքատությունն իր գործն անում է: Սևակը` Մարլենի փոքր որդին, 9-րդ դասարանում է սովորում: Մեր այցելության օրն ասաց, որ դասի չի գնում. կոշիկն է պատռվել, բացի այդ գրքերի համար նախատեսված վարձավճարը դեռ չի տվել: Ընդգրկվելով «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության շահառու երեխաների ցանկում՝ Սևակը մի քանի անգամ օգնություն է ստացել:
Մարլենը պատմում է, որ կազմակերպության բժիշկներն այցելել են գյուղ և Սևակի մոտ ախտորոշել ոսկրային հիվանդություն՝ խորհուրդ տալով երեխային հետազոտության տանել Երևանում: «Բայց թե փող չկար, որ տանեի, ի՞նչ անեմ»,- ասում է մայրը: Ցույց է տալիս տան պատերի ճաքերն ու ասում, որ պարտքով վառելիք` աթար է գնել, որ երեխաները ձմռանը չմրսեն: «Պարտքատերը ամեն օր գալիս, փողն ուզում է: «Հլը էդ տամ, ահագին փող է` 60000 դրամ»,- ասում է Մարլենը:
Այրք գյուղի դպրոցի տնօրեն Հրանտ Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սևակին առանց գրքերի չեն թողնի:
«Չեմ կարող ասել, որ սիստեմատիկ չի հաճախում, անցած տարի նորմալ եկել է, պարզապես այս տարի իրենց սոցիալական վիճակը լավ չէր, - նշեց տնօրենը,- մեր աշխատողներին ասել եմ, որ գրքերն անպայման տան. էդ մի քանի օրը չեկավ, էդպես գրքերը մնացին: Բայց խնդիր չկա, ես միշտ ապահովել եմ իրենց գրքերով: Այս տարի էլ կստանա, ես չեմ նայում` ունեն-չունեն էդ գումարը»:
Եղբայրների ավագ քույրը 17 տարեկանում է ամուսնացել. վաղ ամուսնության հիմնական «միջնորդը», մոր խոսքով, սոցիալական նեղ դրությունն է եղել: «Եկան, ուզեցին, տվեցի, - կարճ պատմում է Մարլենը, - ի՞նչ անեի, հնարավորություն չկար ապրելու»: Աղջիկը ամուսնացած է Վարդենիսում, մայրը գոհ է, որ նա «գոնե նորմալ տեղ է ընկել»:
Իշխանը զայրացավ մոր վրա, երբ վերջինս մեզ ցույց տվեց իր մաշված կոշիկները: Նա դպրոցի նախավերջին դասարանում է սովորում, բայց արդեն սովոր է աշխատելուն, արդյունքում` դասի է գնում, իր խոքով, ամիսը մեկ:
![]() |
![]() |
Իշխան | Սևակ |
«Գործի սեզոն է». հարևանների համար աթար է կտրում, կարտոֆիլ է հավաքում, խոտ է քաղում և աշխատում է օրը 2000-5000 դրամ: Մեր այցելության օրը Իշխանը աշխատելու էր գնացել տասը օրվա ընդմիջումից հետո: Ասում է, որ մեծանա, Հայաստանում չի մնալու, Ռուսաստան կգնա: «Բա ինչ, ըստեղ մնամ ի՞նչ»,- վերջնական որոշում կայացրածի պես ասում է նա: Իշխանը դեռ 15 տարեկան է, բայց իր՝ արտասահման մեկնելու և այնտեղ աշխատելու ճանապարհը հստակ քայլերով է պատկերացնում: Սկզբում պետք անձնագիր հանի, հետո Ռուսաստանում գտնվող իր բարեկամի օգնությամբ տեղափոխվի այնտեղ ու սկսի աշխատել. «Ինձ էդ մարդը ասեց՝ անձնագիրդ հենց հանես, ինձ կասես»:
Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել