
Ի՞նչ է գնել ՊՆ-ն այս տարի
Սեպտեմբերի 26-ին նախագահը խորհրդակցություն էր հրավիրել ՊՆ-ում, որտեղ կրկին խոսվեց չարաբաստիկ պետգնումների ու դրանց ժամանակ խախտումների մասին: Չնայած գոմեշի մսի հայտնի գործով նախաքննություն է ընթանում, սակայն Սերժ Սարգսյանը ամեն խորհրդակցության ժամանակ կամա թե ակամա նոր փակագծեր է բացում՝ բացահայտելով թերեւս նախաքննական գաղտնիքներ: Այսպես՝ եթե կառավարությունում նախագահը խոսեց գեներալ-լեյտենանտ Փայտյանի կողմից մատակարարից մեծ գումար պարտք վերցնելու մասին, ապա ՊՆ-ում նշեց նաեւ դրա չափը՝ 200.000 դոլար: Մնում է, որ երկրի ղեկավարը հայտնի նաեւ, թե կոնկրետ ինչ մեխանիզմով է այդ գումարը հայտնվել Փայտյանի գրպանում, եւ ով է եղել պարտատերը կամ միգուցե կաշառք, «ատկատ» տվողը:
Իհարկե, նախաքննական մարմինը՝ ՊՆ քննչական ծառայությունը, ծպտուն անգամ չի հանի այս փաստից հետո, այնինչ նույն ծառայությունը եւ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը (վերջինիս պետը նախագահի մորաքրոջ որդին է՝ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը) ԼՂՀ պաշտպանության բանակում հայտնաբերված գոմեշի մսի ու գնումների ժամանակ ՊՆ-ին խաբած անձանց մասին արտահայտվելիս բավարարվում են «քառակուսի» պարզաբանումներով՝ ընթանում է բազմակողմանի նախաքննություն, այլ տվյալներ նախաքննական մարմինը նպատակահարմար չի գտնում տրամադրել:
Նախագահի վերահսկողական ծառայությունը պարզել է, որ ՊՆ-ի պատվիրած գնումների մասնակից ընկերությունների կազմը վերջին երկու տարիներին գրեթե չի փոփոխվել: Կան «ունիվերսալ» կազմակերպություններ, որոնք իրականացնում են եւ սննդամթերքի, եւ ավտոպահեստամասերի, եւ վառելիքաքսուքային նյութերի մատակարարման, ինչպես նաեւ շինարարության աշխատանքներ: Բարձրացվել է նաեւ մրցույթներում հաղթած ընկերությունների՝ որոշակի անձանց հետ փոխկապակցված լինելու թեման: Ասել է թե՝ հաղթողները պատահական կազմակերպություններ չեն:
Ինչպես հայտնի է, գնումների համակարգի չարաշահումների բացահայտումներից հետո աշխատանքից ազատվեց «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Բեգլարյանը, որը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է: Կենտրոնի անունն արդեն խոսում է դրա գործառույթների մասին. ՊՈԱԿ-ը, ի տարբերություն, պետգնումների նախկին գործակալության, արդեն 2 տարի զբաղվում է գնումների համակարգին՝ պատվիրատուներին ու մասնակիցներին, աջակցելով, ինչը ամրագրված եւ առավել մանրամասն ներկայացված է «Գնումների մասին» օրենքում: Համացանցում առկա են պետական մարմինների, այդ թվում՝ ՊՆ-ի կողմից կնքված գնումների պայմանագրերի մասին հայտարարություններ: Դրանք, սակայն, չեն ներկայացնում ամբողջական պատկերը, քանի որ առավելապես ներկայացած են ընթացակարգերի եւ տարբեր որոշումների մասին հայտարարություններ:
Ինչեւէ: Համացանցում մենք գտանք այս տարի ՊՆ-ի կողմից կնքված մի շարք պայմանագրեր: Նշենք, որ այդ պայմանագրերը հաստատվում են ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանի կողմից:
Ստորեւ ներկայացնում ենք ՊՆ-ի կողմից գնված ապրանքներն ու ծառայությունները, մրցույթները շահած ընկերություններին եւ դրանց հետ կնքված պայմանագրերի գումարները ՀՀ դրամով:
Առաջին տեսակի ալյուր. «Ամիրա Պալաս» ՍՊԸ՝ 215.000.000, «Թալգրիգ» ՍՊԸ՝ 214.500.000, «Սիսականի Հասկ» ՍՊԸ՝ 158.330.000, «Մանանա Գրեյն» ՍՊԸ՝ 344.800.000:
Շարժական թվային ֆլյուրոգրաֆիկ համալիրի նորոգում եւ սպասարկում. «Մեդիտեք» ՍՊԸ՝ 14.640.000:
Քիմիական նյութեր. «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ՝ 30.900:
Սպառազինության օժանդակ ապրանքանյութական միջոցներ. «Ստեպ Պատրիոտ» ՍՊԸ:
Բժշկական սարքավորումներ եւ գործիքներ. «Մեդիտեք» ՍՊԸ՝ 3.085.000:
Շինանյութ. «Արեւսյուզի» ՍՊԸ՝ 3.300.000:
Վառելիք. «Ֆլեշ» ՍՊԸ՝ 2.332.715.000, «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ՝ 180.992.000:
Դեղորայք. «Թեոֆարմա» ՍՊԸ՝ 735.000, «Արֆարմացիա» ՓԲԸ՝ 631.800, «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ՝ 6.394.800, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ՝ 902.682:
Վառելիք. «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ՝ 2.335.000:
Սպառազինության օժանդակ ապրանքանյութական միջոցներ. «Էլիտ Հիլզ» ՍՊԸ՝ 10.502.760:
Ֆուրշետի կազմակերպում. «Մեգալինգ» ՍՊԸ՝ 1.757.800:
Էքսկավատոր. «Կարկոմավտո» ՍՊԸ՝ 24.990.000:
Սպառազինության օժանդակ ապրանքանյութական միջոցներ. «Սեար-Գրուպ» ՍՊԸ՝ 1.063.840:
Պատճենահանման թուղթ. «Կոմպյուտեր Սերվիս» ՍՊԸ՝ 1.989.572:
Զորանոցագրասենյակային գույքի եւ զինվորական մահճակալների նորոգում. «Էմ Դի Էյջ» ՍՊԸ՝ առավելագույնը՝ 17.000.000:
Բժշկական սարքավորումներ եւ գործիքներ. «Տալիա-Մեդ» ՓԲԸ՝ 265.000:
Էլեկտրական սարքավորումներ. «Նայն Քեփիթլս» ՍՊԸ՝ 1.500.000:
Սպառազինության օժանդակման աշխատանքներ. «Ռադար-Ավիա» ՓԲԸ՝ 4.966.500:
Պարենային սարքավորումների վերանորոգում. «ՍԱԳԱ» ՍՊԸ՝ 12.000.000:
Մեկնաբանել