
Կզորի՞ Աղվանի ուժը` բռնել «գլխից»
Կամա թե ակամա` վերջերս իրար հետեւից մի շարք ապօրինություններ բացահայտվեցին` պաշտոնեական դիրքի չարաշահումներ, խոշոր չափերի հասնող կոռուպցիա, տարաբնույթ այլ խարդախություններ, որոնք, ըստ էության, նոր փորձաքար դարձան Հայաստանի արդարադատության համար` սպառնալով լրջորեն սասանել այդ համակարգի առանց այն էլ երերուն հիմքերը:
Ինչ-որ չափով այդ բացահայտումները զուգադիպեցին կառավարությունում սեպտեմբերի 15-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի կոշտ քննադատության հետ: Ինչպես հայտնի է, նախագահը ՀՀ ԱԱԾ-ին եւ գլխավոր դատախազությանը հանձնարարեց համարժեքորեն արձագանքել մի շարք ոլորտներում, մասնավորապես պետական գնումների համակարգում ի հայտ բերված չարաշահումներին եւ, առհասարակ, կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարը սկսել «գլխից»: Կամ, ինչպես ընդունված է ասել` «շնաձկներից»:
Թե որքանով էր անկեղծ երկրի ղեկավարի բավական անսպասելի հրահանգը` ցույց կտա ամենամոտ ապագան, բայց որ «գլխից» բռնելու հարցը միշտ մեր իրավապահ մարմինների ամենաթույլ տեղն է եղել, անհերքելի փաստ է: Ոչ վաղ անցյալում բացահայտված մի շարք մեղսագործություններ` մասնավորապես Սոցիալական ապահովության պետական ծառայությունում տեղ գտած աննախադեպ դրամաշորթությունը կամ, ասենք, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ողբերգական միջադեպը դրա վառ ապացույցն են:
Այդ անօրինությունների շուրջ հանրային դժգոհության ալիքը դեռ չհանդարտած` ուժգին ապտակի պես մեկեն շառաչեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից` հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության, 37,5 մլն դոլար բռնագանձելու մասին Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանի վճիռը: Անշուշտ, հայրենի իրավակարգի լավ օրից չէ, որ քրեորեն պատժելի արարք թույլ տված մեր բարձրաստիճան պետական պաշտոնյայով ամերիկաներում են զբաղվում: Այդպե՞ս է, թե ոչ, մեծարգո Աղվան Գառնիկիչ: Եթե չեք ուզում, կարող եք չպատասխանել:
Ի դեպ, այս օրերին բնապահպանական նոր սկանդալ է հասունանում. բնության պատանի բարեկամները Խոսրովի արգելոցում ջրերես են հանել ցոփության ու վայրագության մի աննկարագրելի տեսարան, որը հավակնում է կրկին փորձարկել իրավապահների` «գլխից» բռնելու կարողությունը: Այս անգամ արդեն Սերժ Սարգսյանի հանձնարարականների լույսի ներքո: Անարդարությունների, իրավական կամայականությունների հանդեպ հանրության աճող անհանդուրժողության պայմաններում հազիվ թե այլեւս հնարավոր լինի քավության նոխազ դարձնել ինչ-որ անկապ «սլաքավարների»:
Մարդկանց վրդովմունքը դժվար չէ հասկանալ: Օրինակ` Սոցապ ծառայության դեպքում տարօրինակ է իրավապահների պահվածքը, երբ պետբյուջեից հարյուրավոր միլիոնների յուրացումներ կատարած կենսաթոշակային հիմնադրամի «գլուխը»` Վազգեն Խաչիկյանը, ցայսօր անպատիժ «ֆռֆռում» է իր համար, իսկ «Հարսնաքարի» դեպքում դատարանի կողմից գիտակցաբար շրջանցվում է զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության պատվիրատուի դրվագը, քանի որ հիմնավոր կասկածն ընկած է ՀՀԿ-ական մեկ այլ «գլխի»` Ռուբեն Հայրապետյանի վրա:
Այսօր արդեն պարզ է, որ դատախազական միջամտություն կամ առնվազն վերահսկողություն պահանջող խնդիրներ կան տրանսպորտի եւ կապի, առողջապահության, պաշտպանության նախարարություններում, դեղորայքի շուկայում, սննդի արդյունաբերության ճյուղերում եւ այլուր: Թվում է` այս իրադրությունում մեր իրավապահ կառույցները եւ, առաջին հերթին, գլխավոր դատախազությունը` եթե, իհարկե, չեն ուզում կորցնել ժողովրդի վստահության վերջին փշրանքները, պետք է անհապաղ լծվեն արդար ծառայության եւ գործով ապացուցեն, որ օրենքի առջեւ հավասար են բոլորը:
Սակայն արդարադատություն իրականացնող մարմինն առայժմ, կարծես թե, չի շտապում կամ ձեռնպահ է մնում կտրուկ միջոցներ ձեռնարկելուց` չնայած օրինազանցությունների մեծացող շղթան այս ընթացքում նորանոր օղակներ է ներառում` ամենապատասխանատու պետական գերատեսչություններից մինչեւ ամենափխրուն նախադպրոցական հիմնարկները: Այնտեղ, ուր ՏՄՊՊՀ-ի վերջին տվյալների համաձայն` մատակարարների եւ մանկապարտեզների վարիչների հանցավոր համաձայնության արդյունքում` շահադիտական նկատառումներով, մեր երեխաներին կարագի փոխարեն պարբերաբար մատակարարվել է «սփրեդ» կոչվող էժանագին բուսասերուցքային խառնուրդ: Էլ չասած, որ որոշ իշխանավորների անձնական շահագրգռվածության անհագուրդ մոլուցքի պատճառով տեւական ժամանակ Հայաստանում իրացվել է սատկած գոմեշի միս:
Ինչ վերաբերում է ակամա մեջտեղ ընկած Այվազյան-«գլխի» աղմկահարույց գործին` պետք է նկատել, որ դրա նախապատմությանը շատերը քաջատեղյակ են: Հինգ-վեց տարի առաջ հրապարակումներ եղան, որ բնապահպանության այն ժամանակվա նախարարը Հանքավանի ոսկու հանքավայրի (կարծեմ` հարակից էլի մի քանի հանքերի) լիցենզառու հանդիսացող «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունից 3 մլն դոլար կաշառք էր պահանջել եւ չստանալով այն, ապօրինաբար լուծարել էր պայմանագիրը` վերջինիս պատճառելով հսկայական նյութական վնասներ:
Ապշելու բան է, որ Հայաստանի իրավապահները հանցակազմ չտեսան (կամ չուզեցին տեսնել) ո´չ այդ գործում, որն ի վերջո, ինչպես նշվեց վերը, հանգուցալուծվեց օվկիանոսից այն կողմ, եւ ո´չ էլ այն ժամանակ, երբ նույն Վարդան Այվազյանը` դարձյալ չարաշահելով պաշտոնեական դիրքը, մեկ տասնյակից ավելի իր հարազատներին ընդերքի շահագործման լիցենզիաներ էր բաշխում, որոնցից միայն 4-ը, ըստ մամուլում շրջանառվող որոշ լուրերի, բաժին հասան նախարարի հարազատ որդուն:
Ամենազավեշտալին այն է, որ Այվազյանը, բնականաբար, ոչ առանց իշխանությունների հովանավորության, այժմ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է եւ կոչված է հանրապետության համար մշակելու բնական պաշարամիջոցների կառավարմանն առնչվող օրենսդրություն: Ակամայից հիշում ես աղվեսին հավաբուծականի վարիչ նշանակելու մասին հանրահայտ առակը:
Կզորի՞ արդյոք գլխավոր դատախազության ուժը` չեզոքացնել «իշխանական էլիտա» կոչվող քրեաօլիգարխիկ բուրգի բաղկացուցիչ մասերից թեկուզ մեկ «գլխի»: Աղվան Գառնիկիչը կարող է չպատասխանել: Որովհետեւ պատասխանն ավելի քան պարզ է. այո` կզորի, եթե մնացյալ բուրգը փրկելու միակ հնարավորությունը մասերից մեկին կամ մի քանիսին զոհելն է:
Գեւորգ Լալայան
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել